Մատչելիության հղումներ

Գյումրվա փրայմըրիզին մասնակցել ցանկացողների թիվն օրեցօր աճում է


Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ

Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրություններին մասնակցել ցանկացողներն օրեցօր ավելանում են։

Վարչապետի տիկնոջ ազգականը՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն արդեն ասել է, որ մտադիր է առաջադրվել։

ՔՊ տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանը դեռ չի կողմնորոշվել՝ կմասնակցի, թե՝ ոչ. ֆեյսբուքյան էջում բազմանշանակ գրառում է արել՝ այս անգամ առակի տեսքով ու քաղաքական հեշթեգով՝ մռնչացող առյուծի, մեծամիտ նապաստակի ու խորամանկ աղվեսի մասին։ Թե ով ով է, պարզ չէ։ Թիմակիցների «խարդավանքներից» բողոքող Սարուխանյանն ի սկզբանե Գյումրիի թե՛ քաղաքապետի, թե՛ պաշտոնակատարի թեկնածուն էր, սակայն իրեն ու ազգականին առնչվող թմրանյութերի սկանդալից հետո կուսակցությունը մտափոխվեց։

Գյումրվա փրայմըրիզին մասնակցելու վերջին ճշգրտումներ է անում ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Դավիթ Առուշանյանը. - «Պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել, բայց վերջնական որոշումը՝ թիմի հետ քննարկումներ ենք ունենալու, հասկանանք՝ ինչ ձևաչափով ենք գնալու, ոնց ենք առաջ շարժվելու: Ամենայն հավանականությամբ մասնակցելու եմ»:

Առուշանյանն ու Մկրտչյանը, ի տարբերություն Սարուխանյանի, համարվում են համախոհ ՔՊ-ականներ: Արդյոք սա չի՞ հանգեցնի ներքին լարվածության. Առուշանյանն ասում է՝ մրցակցություն կլինի, բայց՝ առողջ։ «Գործիչներ կան, որոնք ցանկություն ունեն առաջադրվելու, էս փուլում առաջանալու է էդ մրցակցայինը, բայց էդ առողջ մրցակցություն է լինելու», - նշեց նա:

Պաշտոնակատարի նախնական ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ՔՊ գործող ավագանու անդամներից Շավարշ Արամյանն ու ՔՊ-ի համակիր, երգիչ Արտյոմ Թումանյանը։ Հայտը ներկայացնելու համար մինչև դեկտեմբերի 2-ը ժամանակ ունեն։

Երեկ ինքնառաջադրվելու պայմանները ներկայացրեց կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը. - «Նախնական քվեարկությանը որպես թեկնածու կարող են առաջադրվել այն անձինք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են կամ կուսակցության համակիր կամ կուսակցության համախոհ և մոտիվացիոն նամակում նամակում պետք է պարտադիր այդ թեմային անդրադարձ լինի: Եվ, իհարկե, այս հանգամանքներում ակնհայտ է նաև, որ Գյումրիում վերջին վեց ամիսներին հաշվառված լինելու պայմանը օրենսդրական տվյալ դեպքում պարտադիր է»:

Բայց թե ինչ մեխանիզմով է բուն փրայմըրիզն անցկացվելու, ոչ ոք մինչև հիմա հստակ չի ասում։ Ու քանի դեռ իշխող ուժը սա չի բացատրում, շատ հարցեր են առաջանում, նկատում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Թե ինչ տեխնոլոգիա է կիրառելու, անհայտ է՝ քաղաքում տարբեր տեղերում տուփե՞ր են դնելու, ենթադրենք, այդ հավակնորդների նկարներով՝ երկու, երեք, յոթ ՔՊ-ից, ենթադրենք, հավակնորդ, կամ կուսակցության գրասենյակո՞ւմ են դնելու, կամ էլեկտրոնայի՞ն քվեարկություն է լինելու, կամ քվեատուփին մոտեցող՝ ձևական քվեատուփերի մասին է խոսքը, քվեաթերթիկ գցող, պայմանական, քաղաքացու անձնագի՞րն են նայելու՝ ինքը հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ, բա որ անձնագրում չլինի՞ գրված՝ ինքը որտեղ է հաշվառված...», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բարսեղյանը, - «Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պիտի ենթադրել, որ Փաշինյանը ունի իր հայտարարած փրայմըրիզից երկու շաբաթ առաջ, տասն օր առաջ: Բայց դատելով Փաշինյանի բազմաթիվ խոստումներից, որոնք շատ իրատեսական են եղել ժամանակին ու ձախողվել են, կարելի է նաև ենթադրել, որ ոչինչ էլ չունի մշակած՝ վերջին օրը երևի կդնեն լայվով կասեն՝ «ժողովուրդ ջան, հլը էս թեկնածուներին լսեք», կլսենք, կասեն՝ «իսկ հիմա լայքեք կամ լի լայքեք»: Հազար ու մի ուրիշ հնար կա, չգիտեմ ինչ մեթոդներ են ընտրելու, էլի»:

Ամենավտանգավորն, ըստ նրա, Փաշինյանի այն հայտարարությունն էր, որ փրայմըրիզի արդյունքում ժամանակավոր պաշտանակատար նշանակվողը հետագայում ՏԻՄ ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի նախընտրական ցուցակը։ Սա նշանակում է, որ այդ թեկնածուն իր օգտին վարչական ռեսուրս կուտակելու հնարավորություն կստանա։

«Սա կնշանակի, որ որևէ մեկին չենք տեղադրում՝ տեղը տաքացնի այդտեղ, արմատներ գցի, ջան ու ղուրբան լինի՝ ՀՈԱԿ-ների, համայնքապետարանների, վարչական ռեսուրս աճեցնի, կարճ ասած, և հետո ընտրություններում ունենա իր թիկունքում արդեն քվեների լուրջ պաշար», - ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահը՝ շարունակելով. - «Դեռ ժամանակ կա, լավ կլինի, որ վարչապետը հասկանա այս ամբողջը, և եթե իսկապես խոսում է կամ մտահոգ է ժողովրդավարության բաստիոնի ճակատագրով, սահմանել տա Ազգային ժողովով օրենքով՝ Ընտրական օրենսգիրք, Տեղական ինքնակառավարման մասին օրենք, որ վարչապետի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը անմիջապես հաջորդող ընտրություններում չի կարող լինել թեկնածու որևէ մեկի ցուցակով»:

Դեկտեմբերի 8-10-ն անցկացվելիք ՔՊ-ի նախնանական ընտրությունները շատ ՔՊ-ականների համար ջրբաժան կլինեն։ Նրանցից ոմանք կարող են նեղանալ ու կուսակցության դեմ աշխատել, հայկական ՔՊ-ն հո ամերիկյան Հանրապետական կուսակցությունը չէ, նկատում է Բարսեղյանը։

«Մենք չունենք քաղաքական ավանդույթներ, և այսպես ասած պայմանական պարտված թեկնածուները կարող են թշնամանալ հաղթած թեկնածուի հետ: Սա Միացյալ Նահանգները չէ, որ եթե Թրամփն է առաջ քաշվում հանրապետականներից, մնացած հանրապետականների Թրամփի մրցակիցները չեն թշնամանում և պաշտպանում են հանրապետական իրենց թեկնածուին: Մեր քաղաքի և մեր երկրի դեպքում կարող է ասեն՝ «հա, ողջունում ենք, շնորհավոր», և աջ քաշեն կանգնեն, ասեն՝ «դե գնա ընտրվի, նայեմ ոնց ես ընտրվելու», - նշեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Թե որքան ժամանակով կնշանակվի պաշտոնակատարը, այս հարցում ևս հստակություն չկա։ Իսկ Հայաստանի երկրորդ քաղաքն արդեն մեկ ամսից ավելի է կառավարիչներ չունի։

XS
SM
MD
LG