Ռուսաստանի ռազմական հարձակման առաջին շաբաթներից ի վեր Ուկրաինայում ստեղծված ամենածանր ու լարված իրադրության ֆոնին Փարիզում հանդիպեցին նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին:
Երրորդ տարին Ռուսաստանի ավերիչ պատերազմին դիմադրող Ուկրաինայի նախագահին Միացյալ Նահանգների առաջնորդը հավաստիացրեց՝ Վաշինգտոնը Կիևին միայնակ չի թողնի, հրապարակավ ներողություն խնդրելով ուկրաինացի ժողովրդից ամերիկյան ռազմական օգնության ուշացման համար, ինչը թույլ տվեց ռուսական բանակին ճակատում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և նոր տարածքներ գրավել:
«Ներողություն եմ խնդրում ֆինանսավորման առումով շաբաթներ տևած շփոթմունքի համար, որովհետև մենք խնդիրներ ունեցանք այդ միջոցների մասին օրենքի ընդունման հետ կապված` մեր մի քանի շատ պահպանողական անդամների պատճառով, ովքեր խոչընդոտեցին դրա ընդունմանը։ Բայց մենք ի վերջո հաջողեցինք», - հայտարարեց Բայդենը:
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված բազմամիլիարդանոց աջակցության շրջանակներում նախագահ Բայդենը 225 միլիոն դոլար արժողությամբ հերթական օգնության փաթեթի հատկացման մասին հայտարարեց, որը ներառում է բարձր շարժունակության հրթիռահրետանային համակարգեր, ականանետային համակարգեր, հրետանային արկեր։
Ինչպես երեկ հատուկ ընդգծում էր Միացյալ Նահանգների նախագահը՝ ամերիկյան սպառազինությունը, այդուհանդերձ, նախատեսված չէ Մոսկվային կամ Ռուսաստանի խորքում գտնվող տարածքներին հարվածելու համար: Մինչ այդ՝ մամուլը պնդում է, որ Կիևն արդեն օգտագործել է ամերիկյան զենքը Ռուսաստանին հարվածելու համար։ Ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով այդ տեղեկությունը՝ Բայդենը երեկ հայտարարում էր՝ ամերիկյան զենքերը չեն կիրառվի «Մոսկվային և Կրեմլին» և «200 մղոն խորությամբ ռուսական տարածքին» հարվածելու համար։
Չնայած այս հավաստիացումներին, Մոսկվան այսօր պնդեց, թե ուկրաինական զորքերն ամերիկյան հրթիռներով հարված են հասցրել Լուգանսկին, որի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան չորս տասնյակը՝ վիրավորվել։ Այս մեղադրանքներին ուկրաինական կողմը դեռ չի արձագանքել, պատերազմի պայմաններում անկախ աղբյուրները չեն կարողանում ինքնուրույն ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները:
Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու արգելքը Արևմուտքը Կիևի հորդորով որոշեց թուլացնել վերջին շաբաթներին Ուկրաինային սահմանամերձ ռուսական տարածքներից Խարկովի ուղղությամբ մահացու հարձակումների, Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի գրավման մտավախությունների ֆոնին:
Անցյալ ամիս ռուսական հրթիռակոծության, օդային հարվածների հետևանքով Խարկովում միայն 174 խաղաղ բնակիչ է զոհվել՝ սա Ուկրաինայում մեկ ամսվա կտրվածքով զոհերի ամենաբարձր ցուցանիշն է վերջին մեկ տարվա ընթացքում:
Խարկովից բացի լարված է նաև Դոնեցկի ուղղությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ռուսական բանակն առավել շահեկան դիրքեր է զբաղեցրել առաջնագծում՝ գրոհելով տարբեր ռազմական թիրախներ, ոչնչացնելով տասնյակ ուկրաինական դրոններ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին այսօր տեղեկացրել է տարբեր ուղղություններով շարունակվող տասնյակ մարտերի, բախումների մասին, ըստ հաղորդագրության՝ ամենակատաղի մարտադաշտը Պոկրովսկի ճակատն է։
Չնայած տարածքային նոր կորուստների և պատերազմի սրման վտանգին՝ իր ռեսուրսներով Ռուսաստանին մի քանի անգամ զիջող Ուկրաինայի առաջնորդն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում ելույթ ունենալով վերստին հայտարարել է՝ պատերազմը կանգնեցնելու համար Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումների, հույս հայտնելով, որ Կիևի դաշնակիցները ևս թույլ չեն տա Պուտինին հաղթել պատերազմում:
«Կարո՞ղ է արդյոք Պուտինը հաղթել պատերազմում։ Ոչ, քանի որ մենք ձեզ հետ միասին իրավունք չունենք պարտվելու։ Ուկրաինան հավատում է իր հաղթանակին՝ այնպես, ինչպես դաշնակիցների զորքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի հաղթանակն ապահովելու նպատակով նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է Mirage կործանիչների տրամադրման մասին, որոնց օգնությամբ ուկրաինական բանակը կկարողանա պաշտպանել երկրի օդային և ցամաքային տարածքները։ Թե քանի օդանավի մասին է խոսքը, Ելիսեյան պալատի ղեկավարը չի հստակեցրել։
Ուկրաինան շարունակաբար բողոքում է սպառազինության կրիտիկական պակասից, Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը չի կարողանում խոցել ռուսական բոլոր հրթիռներն ու անօդաչուները։
Ըստ տարբեր աղբյուրների՝ Ռուսաստանի հարձակման պահին Ուկրաինայի զինանոցում 125 մարտական ինքնաթիռ կար։ Ավելի քան երկու տարի շարունակվող ծանր մարտերի ընթացքում ուկրաինացիները կորցրել են մոտ 80 ինքնաթիռ, թեև կորուստների մի մասը լրացվել է, սակայն խոստումների մեծ մասը, այդ թվում՝ Կիևի համար կենսական նշանակություն ունեցող տասնյակ F-16 կործանիչները, դեռ Ուկրաինա չեն հասել։