Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է՝ Ուկրաինան կարող է հաղթել


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, 31-ը մայիսի, 2024թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, 31-ը մայիսի, 2024թ.

Արևմուտքում հակված են չեղարկել սահմանափակումները և թույլ տալ Ուկրաինային արևմտյան սպառազինությունը կիրառել նաև Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար: Հակամարտության թեժացման մասին Մոսկվայի նախազգուշացումների հետ Կիևի դաշնակիցները կարծես թե առաջվա պես հաշվի չեն նստում, ինչից հաջողությամբ օգտվելով՝ Կրեմլը հարվածներ է հասցրել ուկրաինական բնակավայրերին, թիրախավորել սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամիավորումները և նորանոր տարածքներ գրավել հարևան երկրում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այժմ հայտարարում է՝ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը ողջունել է Ռուսաստանի թիրախներին հարվածելու՝ արևմտյան երկրների արգելքի թուլացումը և կարծիք հայտնել, որ այդ քայլը կօգնի Կիևին ռուսական զորքի առաջխաղացումը կանխելու և պատերազմում հաղթանակի հասնելու գործում:

«Պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են։ Բայց ինչ մենք տեսնում ենք հիմա՝ այն է, որ Ռուսաստանը չի կարողացել որևէ մեծ բեկում ապահովել։ Ռուսական ուժերը փոքր տարածքային նվաճումների են հասել, բայց՝ շատ մեծ գնով։ Հետևաբար, ես միանգամայն վստահ եմ, որ Ուկրաինան կարող է հաղթել... Ես ողջունում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները թուլացրել են սահմանափակումները և հասկացրել են, որ, իհարկե, Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք», - ասում է Ստոլտենբերգը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը չի մանրամասնում՝ արդյոք Արևմուտքը նաև հոգացել է, որպեսզի Կիևն իր ձեռքի տակ ունենա այն սպառազինությունը, որով կկարողանա հասնել Ռուսաստանում գտնվող թիրախներին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև կազմակերպության առանցքային անդամները՝ Վաշինգտոնը, Բեռլինը, առայժմ խոսում են բացառապես Խարկովի ուղղությամբ պաշտպանությունն ամրապնդելու մասին:

Ռուս - ուկրաինական պատերազմում այս շրջադարձային զարգացման ֆոնին հաղորդվում է Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային կայանքի մարտկոցին հասցված հարվածի մասին։ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը շաբաթներ շարունակ ռուսական զորքի կողմից մահացու հարձակումների է ենթարկվում հենց այս տարածաշրջանից:

Դատելով ռուսական աղբյուրների հրապարակած տեղեկություններից՝ ուկրաինական հարվածը ռուսաստանյան սպառազինությունը շարքից չի հանել, բայց, ըստ փորձագետների, այս դրվագը վկայում է, որ մինչև վերջերս ռուս զինվորականներն ու սպառազինությունը շատ ավելի ավտանգ էին Ռուսաստանի տարածքում:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին արևմտյան զենքով հարվածելու թույլտվությունը Կիևի համար կենսական որոշում է։ Անդրեյ Երմակը հույս ունի, որ ուկրաինական ուժերն այդ «կանաչ լույսի» օգնությամբ կտապալեն ռուսական հարձակողական պլանները և կթուլացնեն նրանց կարողությունները սահմանամերձ շրջաններում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանների գնահատմամբ՝ Խարկովին սահմանամերձ տարածքներում ռուսաստանյան ռազմական օբյեկտներին հարվածների վտանգը, այդուհանդերձ, Կրեմլին կարող է ստիպել հարձակողական գործողությունների դիմել այլ ուղղություններով, իսկ սա իր հերթին ուկրաինական բանակից կպահանջի վերաբաշխել զինված ուժերը, ինչը միանգամայն ցանկալի սցենար է Ուկրաինային ռեսուրսներով բազմակի անգամներ գերազանցող Ռուսաստանի համար:

Մինչ այդ, արդեն մի քանի ուղղություններով՝ Խարկովում, Վոլչանսկի շրջանում, Կուպյանսկում, Բերեստովոյեի և Ստելմախովկայի շրջաններում թեժ մարտերը շարունակվում են։

Զուգահեռաբար, ռուսական ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական բնակավայրերին։ Դնեպրի հրթիռակոծության հետևանքով ութ մարդ է տուժել, այդ թվում՝ նորածին, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ բնակելի շենք, հիվանդանոց։ Ռուսական ուժերի հարվածների պատճառով մայրաքաղաք Կիևում, Կիևի մարզում և Ուկրաինայի այլ շրջաններում այսօրվանից վթարային անջատումներ են սկսվել:

Ռազմի դաշտում թեժ մարտերի, ռուսական ուժերի ծանր հարվածների ֆոնին Կիևը փորձում է տևական խաղաղության հասնել, բայց առայժմ՝ առանց Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու։

Զելենսկու կառավարությունն առաջիկա շաբաթներին Շվեյցարիա է հրավիրել հարյուրից ավելի երկրների ղեկավարների՝ համատեղ քննարկելու Ուկրաինայի խաղաղության բանաձևը։ 107 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, հունիսի 15-16-ը պետք է երեք հարցի լուծման ուղիներ գտնեն՝ միջուկային անվտանգություն, պարենային անվտանգություն և հումանիտար ուղղություն՝ խոսքը մասնավորապես գերիների փոխանակման, Ուկրաինայից բռնի տարհանված և Ռուսաստանում պահվող ուկրաինացի երեխաների վերադարձի մասին է:

Ուկրաինացի քաղաքագետ Իգոր Ռեյտերովիչը «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում նշել է, որ Կիևը նախ և առաջ ցանկանում է իր շուրջը միջազգային լայն աջակցության հասնել, ինչը թույլ կտա սաստկացնել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ, ապա հաջորդ փուլերում գուցե քննարկումներ սկսեն նաև Մոսկվայի հետ:

«Կարծում եմ, որ Ուկրաինայի առջև երկու խնդիր է դրված՝ մի կողմից՝ ձևակերպել վերջնական փաստաթուղթ, որն իսկապես հաշվի կառնի Ուկրաինայի խաղաղության բանաձևի առանցքային դրույթները, այսինքն՝ այն ամենը, ինչից մենք չենք կարող հրաժարվել և ինչը մեզ համար սկզբունքորեն կարևոր է, և մշակել այդ ամենին հասնելու մեխանիզմներ», - մեկնաբանել է ուկրաինացի քաղաքագետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG