Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է սկսել անդամակցության բանակցությունները Կիևի և Քիշնևի հետ


Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիզոներո, արխիվ
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիզոներո, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկել է սկսել Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցություններն Ուկրաինայի և Մոլդովայի հետ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիզոներոն։

«Մենք թարմացված տեղեկատվություն ենք տրամադրել անդամ երկրներին, կարծում ենք, որ Ուկրաինան և Մոլդովան կատարել են բոլոր պայմանները։ Այժմ որոշման ընդունումը վերապահվում է անդամ երկրներին», - ասել է Պիզոներոն։

Ուկրաինայի համար բանակցություններ սկսելու նախապայմաններ էին՝ հակակոռուպցիոն խստացումը, քաղաքական լոբբինգի սահմանափակումը, պաշտոնյաների գույքի հայտարարագրման կանոնների փոփոխությունը և ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին՝ եվրաինտեգրման գործընթացում Ուկրաինայի առաջխաղացումը դրական գնահատելու համար:

«ԵՀ-ի հայտարարված եզրակացության մեջ ասվում է, որ Ուկրաինան շարունակում է համակարգված ջանքերը՝ միանալու ԵՄ-ին և կատարել է բարեփոխումների բոլոր 4 լրացուցիչ քայլերը։ Հիմա մենք ակնկալում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները կանեն հաջորդ քայլը և արդեն այս ամսվա ընթացքում կազդարարեն անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը»,- հայտարարել է վարչապետը:

Ավելի վաղ ուրբաթ օրը Financial Times-ը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս սկսել բանակցությունները, մինչև Հունգարիան հուլիսի 1-ից ստանձնի ԵՄ նախագահությունը:

Հունգարիան, որը համարվում է ԵՄ անդամներից Ռուսաստանի հանդեպ մեծ համակրանք դրսևորող երկիր, հաճախ է արգելափակում Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ որոշումները:

Ենթադրվում է, որ Բուդապեշտը դեմ կլինի Ուկրաինայի անդամակցությանը Եվրոպական միությանը և, մասնավորապես, իր որոշումը կպարզաբանի Արևմտյան Ուկրաինայի հունգարական էթնիկ փոքրամասնության իրավունքների սահմանափակումները:

ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը ներկայացվել է 2022 թվականի փետրվարի 28-ին, թեկնածուի կարգավիճակը շնորհվել է չորս ամիս անց՝ հունիսի 23-ին։

Բանակցությունների մեկնարկն ինքնին չի նշանակում արագ անդամակցություն ԵՄ-ին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը, «եթե երկու կողմերն էլ կատարեն իրենց տնային աշխատանքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG