Մատչելիության հղումներ

Բլինքեն․ «Կիևը կարող է ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Վաշինգտոնը պաշտոնապես հաստատում է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Սպիտակ տունը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին այսօր Պրահայում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի ավարտին հայտարարեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Վերջին մի քանի շաբաթներին Ուկրաինան դիմել է մեզ՝ խնդրելով արտոնել մեր իսկ մատակարարած սպառազինության օգտագործումը սահմանից այն կողմ նկատվող ռուսական զորքերի կուտակումների դեմ։ Այս դիմումն ուղղվել է նախագահին և ինչպես արդեն լսել եք, նա այդ նպատակով մեր զենքերի օգտագործմանը հավանություն է տվել», - հայտարարում էր Բլինքենը։

Բայդենի այս որոշման մասին առաջինը գրել էր Politico հանդեսը՝ վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները։ Ամերիկյան պարբերականի տեղեկություններով, սակայն, Բայդենի այդ թույլտվությունը սահմանափակ բնույթ ունի և վերաբերում է բացառապես ռազմաճակատի Խարկովի հատվածին։

Բեռլինն այսօր ևս հետևեց ամերիկացիների օրինակին՝ թույլատրելով գերմանական սպառազինությամբ հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։

«Վերջին շաբաթներին Ռուսաստանն իր սահմանային շրջաններն ակտիվորեն օգտագործել է՝ [Ուկրաինայի դեմ] հարձակումներն իրականացնելու և համակարգելու նպատակով։ Այդ իսկ պատճառով մենք, մեր դաշնակիցների հետ միասին, այն համոզմանն ենք, որ Ուկրաինան, միջազգային իրավունքի նորմերից ելնելով, ինքնապաշտպանության իրավունք ունի և կարող է օգտագործել իրեն մատակարարված սպառազինությունը», - այսօր Բեռլինում հայտարարում էր Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։

Մոսկվայում համոզված են՝ այս գործողությունները էլ ավելի են սրում իրավիճակը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ուկրաինական կողմը արդեն իսկ փորձել է ամերիկյան սպառազինությունն օգտագործելով հարվածել Ռուսաստանի տարածքին։

«Մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ, ամերիկյան արտադրության զենքով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու փորձեր արդեն իսկ եղել են։ Դա մեզ բավարար է և այդ փաստը շատ ցցուն կերպով վկայում է կոնֆլիկտում Միացյալ Նահանգների ներգրավվածության մակարդակի մասին», - հայտարարում էր Պեսկովը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի արձագանքը, սովորության համաձայն, ավելի կտրուկ էր, նա չբացառեց մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։

«Սա ոչ ահաբեկում է, ոչ էլ միջուկային շանտաժ», - Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը՝ պնդելով, թե «Արևմուտքի հետ հակամարտությունը զարգանում է ամենավատ սցենարով, ուստի չի բացառվում, որ կոնֆլիկտը կարող է վերջին փուլ թևակոխել»։

Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներից ոմանք, սակայն, կարծես թե փորձում են խուսափել իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակից։

«Հստակ է, որ մենք իտալացի զինվորականներին չենք ուղարկելու Ուկրաինա, իսկ մեր տրամադրած զենքերը չեն կարող օգտագործվել Ուկրաինայի սահմաններից դուրս։ Դա արգելված է Իտալիայի Սահմանադրության 11-րդ հոդվածով։ Դրան էլ գումարած՝ մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք», - այսօր Պրահայում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հավաքի մեկնարկին հայտարարում էր Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անտոնիո Տայանին։

Իրավիճակը ռազմաճակատում

Ինչ վերաբերում է ռազմաճակատում տիրող կացությանն, ապա այստեղ ուկրաինական ուժերին կարծես հաջողվել է առժամանակ կանգնեցնել ռուսական հարձակումը՝ նախևառաջ Խարկովի ուղղությամբ։ Չնայած դրան Մոսկվայում պնդում են՝ առաջխաղացումը շարունակվում է։

«Ռուսական զորքերի խմբավորումը դուրս է մղում հակառակորդին զբաղեցրած դիրքերից։ Առաջխաղացում է արձանագրվում բոլոր մարտավարական ուղղություններում։ Մեր ակտիվ գործողությունների արդյունքում Խարկովի ուղղության վրա հակառակորդը նահանջել է 8-ից 9 կիլոմետր։ Միայն այս ամիս 28 բնակավայր է ազատագրվել։ Տարվա սկզբից ի վեր ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել 880 քառակուսի կիլոմետր», - այսօր հայտարարում էր Ռուսաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր շարունակել է իր եվրոպական շրջագայությունը՝ մեկնելով Շվեդիա, որտեղ հանդիպել է Հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարներին և նրանց հետ պաշտպանական համաձայնագրեր կնքել։

Financial Times-ի տեղեկություններով՝ հաջորդ ամիս Իտալիայում՝ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում նմանատիպ համաձայնագիր կկնքվի նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG