Մատչելիության հղումներ

Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային ամերիկյան զենքի սահմանափակ օգտագործում՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու. Reuters


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «անաղմուկ լիազորել է Կիևին» Նահանգների մատակարարած զենքերով հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին, Reuters-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի ասել են ամերիկացի չորս պաշտոնյաներ։

Պաշտոնյաները, որ ցանկացել են անանուն մնալ, մանրամասնել են, որ Բայդենի որոշումը վերաբերում է միայն Խարկովի մարզի սահմանի մոտ գտնվող թիրախներին, ուր շարունակվում է Մոսկվայի մայիսի 10-ից սկսած գրոհը։

Խարկովը՝ Ուկրաինայի երկրորդ ամենամեծ քաղաքը, գտնվում է Ռուսաստանի սահմանից 30 կմ հեռավորության վրա:

«Նախագահը վերջերս հանձնարարեց իր թիմին ապահովել, որ Ուկրաինան կարողանա օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքերը՝ հակազդելու կրակային գործողություններին Խարկովի մարզում, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխան հարված հասցնել ռուսական ուժերին, որոնք հարձակվում են կամ պատրաստվում են հարձակվել նրանց վրա», - ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

  • Ուկրաինայի իշխանությունը դաշնակիցներին հորդորել է թույլ տալ, որ բանակն արևմտյան զենքն օգտագործի նաև Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին հարվածելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության արտգործնախարարն ու մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել են, որ Կիևը նման հարվածների իրավունք ունի։ Նախօրեին դա չէր բացառել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փաստացի արձանագրելով, որ ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերանայել այդ արգելանքը։
  • Խարկովի վրա օրեր շարունակված հարվածների հետևանքով բազմաթիվ քաղաքացիական զոհեր կան։
  • Երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Պուտինը նախազգուշացրել էր ՆԱՏՕ-ի անդամներին թույլ չտալ Ուկրաինային կրակել Ռուսաստանի վրա և կրկին բարձրացրել միջուկային պատերազմի վտանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG