Ազգային անվտանգության ծառայությունը միայն օրվա ավարտին հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Մայր Աթոռը, սակայն, այս լուրը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է։
Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանն ասաց, որ եթե անհրաժեշտ լինի, սրբազանն ինքը կարձագանքի։
168.am-ը գրել էր, թե հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իշխանության հասցեին քննադատությունն է և հատկապես ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում նրա ելույթը, որտեղ նա անդրադարձել էր նաև տարածքներից հրաժարվելու խնդրին։
«Հող հանձնողները դառնում են հերոսներ, հող պաշտպանողները գործակալներ, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման», - նշել է նա:
Եկեղեցու և իշխող ուժի միջև տևական լարվածությունը վերջին շրջանում ավելի խորացավ, երբ «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Կիրանցից քայլելով շարժվեց դեպի Երևան՝ պահանջելով կասեցնել հատվածական սահմանազատումը։
Իշխանական շրջանակներից Տավուշի թեմի առաջնորդի ու այլ հոգևորականների հասցեին հնչող կոշտ քննադատությանն ու մեղադրանքներին երեկ միացավ նաև վարչապետ Փաշինյանը։
Թեև նա ասուլիսում վստահեցրեց, որ եկեղեցու հետ չի հակամարտում, բայց և պնդեց. - «Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը»։
Փաշինյանը նախ ձևակերպեց, թե ինչ է հասկանում հոգևոր առաջնորդություն ասելով՝ «հոգևոր առաջնորդությունը՝ մարդկանց օգնելն ու աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում»։
Ապա վարչապետը բացատրեց սեփական օրինակով. - «Իմ փորձը կարող եմ ձեզ հետ կիսել, կարելի է շփվել տասնյակ անգամ, և ոչ մի անգամ չլսել ոչ մի բան Աստվածաշնչի մասին, նույնիսկ Նոր կտակարանի ու Ավետարանի մասին, այլ լսել բազմաթիվ բաներ ցեմենտի, բետոնի, ապարանք ներմուծելու, արտահանելու, փողը էստեղ դնելու, էնտեղից հանելու, էն երթուղային գիծը էս մի երթուղային գծով փոխարինելու, «Մերսեդես»-ի թազա վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու: Ես զարմացած չեմ, որ նրանք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետև նրանք հոգևոր դաշտում բան չունեն անելու, էդ իրանցը չի»:
Փաշինյանը երեկվա ասուլիսում չշրջանեց նաև Տավուշից Երևան ուղևորվող Բագրատ սրբազանի կարգախոսներից մեկը՝ «տաճարը պիտի հաղթի փողոցին»։
«Տաճարը ո՞նց է փողոցին հաղթելու, այսինքն սրճարանները փակելու ենք տեղը մոմավառության ու մոմավաճառության կետեր ենք բացելո՞ւ», - ասել է Փաշինյանը
Ի դեպ, եկեղեցու և իշխանության միջև ծավալվող հեռակա բանավեճի օրակարգ է մտել նաև մոմի թեման։ Փաշինյանից բացի, օրերս այս խնդրին անդրադարձավ նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պնդելով, թե եկեղեցին մեծ շահույթներ է ստանում մոմավաճառությունից։
Չնայած եկեղեցու հասցեին ամենաբարձր մակարդակով հնչող քննադատությանը, Առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը երեկ վերահաստատեց՝ «խիստ վտանգավոր են համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի շրջանում սահմանազատման անվան ներքո իրականացվող գործողությունները։ Դրանք, ըստ խորհրդի, նոր սպառնալիքներ են առաջացնում ժողովրդի համար»։ Եկեղեցին նաև վստահեցրեց՝ քաղաքական իշխանության հավակնություններ չունի, միաժամանակ արդարացի համարեց Տավուշի բնակիչների ընդվզումը, ընդգծելով, որ թեմի առաջնորդը և մյուս հոգևորականները չեն կարող անտարբեր մնալ ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»:
Կարևորելով սահմանազատման գործընթացը՝ եկեղեցին շեշտում է, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։
Բագրատ սրբազանի ու եկեղեցու հասցեին իշխանականների քննադատական մեկնաբանություններն այսօր էլ չեն դադարել։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան Ֆեյսբուքի իր էջում Աստծո տասը պատվիրաններից մեկն է մեջբերել՝ «Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»։ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան էլ պնդել է՝ հանձինս մի քանի սևազգեստի՝ Հայ եկեղեցին գրում է իր պատմության խայտառակ էջերից մեկը։ «Սա պայքար է պետության ու պետականության դեմ, պայքար է Հայաստանի ինքնիշխանության դեմ», - գրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։