Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան


Բագրատ սրբազանը քաղաքացիների հետ երթով շարժվում է Երևան, 5-ը ապրիլի, 2024թ․
Բագրատ սրբազանը քաղաքացիների հետ երթով շարժվում է Երևան, 5-ը ապրիլի, 2024թ․

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժումը Սևանի թերակղզու հարակից հատվածից այսօր կշարունակի երթը դեպի Երևան։

Երթը մեկնարկել է շաբաթ օրը Կիրանցից։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարեց, որ որոշել է ժողովրդի հետ գալ Երևան ու պատասխաններ պահանջել ու պահանջ ձևակերպել՝ սահմանազատման գործընթացը թե՛ Տավուշում, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այստեղ շարունակել ակցիաները:

Երեկ շարժման անդամները Հաղարծինում մասնակցեցին Սուրբ Պատարագի։

«Այս երթը տալու է մեզ մեկ բան՝ պատիվ և հայրենիք», - Հաղարծին վանքի զանգակատանը ելույթով հանդես գալով՝ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շարունակելով․ - «Ձեզ խելոք պահեք, ձեզ պարզապես խելոք պահեղ, զղջացեք, ապաշխարեք, ինքնաքննեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից, այն բոլոր մեղքերից, որոնք առնչվում են ձեր հոգուն, մարմնին և մտքին»։

Քաղաքական ուժերից երթին մասնակցում են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև «Ժողովրդական համախմբում» կուսակցություն առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, որոնք արդեն օրեր շարունակ նաև թեմի առաջնորդի հետ են, Կիրանցում մասնակցել են բոլոր ակցիաներին:

Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում։ Անդրադառնալով գործընթացից հետո հնարավոր ռիսկերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ։

«Այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։

Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես կասեմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով», - ասել էր վարչապետը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Տավուշցիները համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։ Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG