Մատչելիության հղումներ

Այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժում է. Բագրատ սրբազան


«Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցները Չարենցավան քաղաքից շարժվում են դեպի Աբովյան։ Այնտեղ նրանց կմիանան Շիրակի թեմի առաջնորդի գլխավորությամբ Գյումրիից սկսված ավտոերթի մասնակիցները։

Երթը Կիրանցից մեկնարկել է մայիսի 4-ին, վաղը արդեն Երևանում կլինեն։

Մինչև այս պահը հրապարակային հայտարարվել է միայն մեկ պահանջի՝ սահմանազատման գործընթացի կասեցման մասին, որը, այս շարժման գնահատմամբ, ապօրինի է։ Օրակարգային այլ հարցերի մասին փակագծեր չեն բացում։

Այդ մասին այսօր մանրամասներ չհայտնեց նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ասաց, որ դա կերևա իրենց հետագա գործողություններում։

«Մեր այս շարժումը բնականից ծնված և բնական ավարտ էլ ունեցող շարժում է, ծնվել է շատ բնական, նաև ունի որոշակի օրակարգ, որը փուլ առ փուլ լրացնելով առաջ է գնում։ Խնդրում եք՝ ինչ-որ ժամանակի մեջ կլսեք, դա այդ ժամանակի օրակարգն է», - լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանը։

«Ազատության» հարցին, թե խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերից ի՞նչ աջակցություն են ակնկալում, Բագրատ սրբազանը պատասխանեց. - «Ներկա են, բոլորը ներկա են։ Այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժում է, ճերմակի։ Գեղեցկությունն այն է, որ այստեղ ժամանակի մեջ իրար հակադրվող՝ գաղափարական կողմնորոշումների, հազար ու մի տարբերություններ ունեցող չգիտեմ՝ քանի տասնյակ կազմակերպություն, կուսակցություն, որ իրար չէին հանդիպի փողոցում, բոլորն այստեղ են»։

Արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե այս պայքարի շահառուն լինելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. - «Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ։

Մարդն այլևս սուտ չի խոսում է, ինչ ուզում ասում է, սա է խնդիրը։ Իրենք իրենց էլ են խաբում, կողքի մարդկանց էլ են խաբում, նեղ շրջանակով են արդեն իրար խաբում։ <> Առաջին օրվանից ասել եմ՝ սա մեր գյուղերի և գյուղացիների հարցը չէ, այ հենց այդտեղ է մոլորեցնողը, որ մարդը բերել, բարդել է, պատասխանատվության տիրույթում է դրել գյուղացիների՝ մեր այն հերոսական մարդկանց։ Ինչո՞ւ ես բերել, դրել մարդկանց ուսերին այդ հարցը։ Հայաստանի Հանրապետության հարցն է սա»։

Շարժման մասնակիցները, քաղաքացիները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ իրենց ակնկալիքն այս պայքարից Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականն է։

«Պահանջս այս վարչախմբի հեռանալն է, արժանապատիվ ապրելն է», - ասաց նրանցից մեկը։

Իշխանության գլխավոր մեղադրանքը, որ այս օրերին հնչում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ, այն է, որ սահմանազատման կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է։

Այս մեղադրանքներին այսօր անդրադարձավ շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը։

«Մենք չենք ասում սահմանազատման և սահմանագծման կասեցում, մենք ասում ենք միակողմանի հանձնման կասեցում, սրա մասին է խոսքը, թե չէ մենք բոլորս կողմ ենք և սահմանազատմանը, և սահմանագծմանը, և միջազգային բոլոր դերակատարների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Թե չէ մարդիկ ներկայացնում են որպես ռևանշիստներ, պատերազմ բերողներ այն պարագայում, երբ որ այդ ամենն իրականում իրենք են արել, իրենք են պատերազմը բերել, իրենք են անընդհատ ժողովրդին տեռորի մեջ պահել, նվաստացման մեջ, ստորացման մեջ, և ամենակարևորը՝ քաղաքակրթական հանցագործություն են գործել՝ ասելով, որ մենք՝ որպես ազգ, դերակատար չենք», - նշեց նա։

XS
SM
MD
LG