Մատչելիության հղումներ

«Բագրատ Գալստանյանը պետք է Երևանից գնա Էջմիածին». իշխող ՔՊ-ից արձագանքում են սրբազանի առաջնորդած քայլերթին


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Իշխանափոխության հնարավորություն Ալեն Սիմոնյանը չի տեսնում

Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն խորհրդարանական ընտրությունների միջոցով, իսկ դրանք տեղի են ունենալու 2026 թվականին, Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ իշխանափոխության վտանգ չի տեսնում։

Դիտարկմանը, թե իրենք էլ են շարժմամբ եկել իշխանության, Սոմոնյանն արձագանքեց, թե այն ժամանակ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով, և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը, դրանից հետո 2021 թվականին նորից գնաց ընտրությունների և ձևավորեց իշխանություն: Հաջորդ իշխանությունները, ըստ ԱԺ նախագահի, կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ համաժողովրդական ընդվզման կարող է վերածվել Բագրատ սրբազանի այս շարժումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե ոչինչ չի բացառում։ «Ես ասում եմ, երբ որ կլինի քաղաքական առաջարկ․․․ ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, որովհետև չգիտեմ մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված: Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, եթե ասում է, որ գործընթացին դեմ է», - ասաց ԱԺ խոսնակը:

Հարցին, թե պատրա՞ստ է ընդունել, հանդիպել Բագրատ սրբազանին, Սիմոնյանը պատասխանեց․ - «Ինձ ոչ մեկը նման առաջարկ չի արել, ես քաղաքացիների ընդունելության ժամեր ունեմ, ընդունում եմ կամ օգնականս է ընդունում»։

Բագրատ սրբազանի կոչերին, թե միակողմանի զիջումների մի գնացեք, Սիմոնյանն արձագանքեց՝ միակողմանի զիջումների չեն գնում, սահմանազատումն էլ անում են միջազգային նորմերին համապատասխան։

«Ո՞րն է միջազգային այն նորմը, որը որ, ըստ իրենց, խախտված է», - հարցրեց Աժ նախագահը․ - «Քանի անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել, էն ինչ մենք արել ենք, նույն ձևի, տարբեր դերակատարներով կրկնել և փորձել նույն բանը անել: Նոր բան մտածեք, մեկ է վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին, էլ ո՞վ կար էնտեղ, բերելու են ցույց տան, ասեն՝ էս են, էս մարդիկ։ Գնում են, ուրիշ դեմքով գալիս են՝ նույն դերակատարները»։

«Ազատության» հարցին, թե կարծում է Բագրատ սրբազանի հետևում իր մատնանշած անձի՞նք են կանգնած, ԱԺ խոսնակը պատասխանեց․ - «Լուրջ ե՞ք հարցնում, Դուք ո՞ր լրատվամիջոցից եք, «Ազատություն»-ից ե՞ք, հասկանում եմ հարցը Ձեր, շնորհակալ եմ: Ինձ հետաքրքիր է՝ ձե՛ր հետևը որ ուժերն են կանգնած՝ մեկ-մեկ նենց հետաքրքիր է։ Այսինքն, եթե դուք, օրինակ, ֆինանսավորվում եք միջազգային կառույցների կողմից, օրինակ՝ դրսի, դուք ներկայացնում եք իրանց շահերը՞: Ես չեմ ուզում Ձեր հարցին պատասխանել, ակնհայտ հարցերին չեմ պատասխանում»։

Արտաքին հետք տեսնո՞ւմ եք, հարցին էլ ասաց, թե տեսնում է՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որ երկիրը նկատի ունի:

«Դե որ մտնում եք տեսնում եք, որ տարբեր տեղերից տարբեր ուղղվածություն, ֆինանսավորում, տարբեր ծագումնաբանություն ունեցող բլոգերներ և հիմնական մի երկրում գտնվող մարդիկ հայտարարում են, որ իրենք միանում են էս հզոր շարժմանը, իհարկե բնական է տեսնել, ակնհայտ է», - ասաց Սիմոնյանը:

«Հայաստանը պատերազմի տանելու և Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու պրոցես է»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, անդրադառնալով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, նշում էին, որ նա որևէ օրակարգ չունի, տեղյակ չեն, թե մերժելով այս սահմանազատման գործընթացը՝ նա կոնկրետ ինչ առաջարկ ունի, ինչ առաջարկով է հանդես գալիս: Ոմանք նշում էին, որ այս շարժման ետևում կոնկրետ անձինք են կանգնած, որոշ պատգամավորներ էլ պարզապես հեգնում էին:

«Բագրատ Գալստանյա՞ն, հա՞, պարզվեց, ոչ թե Գալստյան, չեմ կարծում, թե դա ինքն է նախաձեռնել, կարծում եմ՝ դա նախաձեռնել է Ռոբերտ Քոչարյանը, սա՝ մեկ: Փաստեր չէ, համենայն դեպս՝ շատ հիմնավոր կասկածներ ունեմ, ինչպես նաև Քոչարյանը ինքը ժամանակին էդ մասին ասել է, որ արժի, որ ինչ-որ մի սրբազան կամ եկեղեցու սպասավոր շարժում միավորի», - պնդեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ շարունակելով. - «Երկրորդը՝ դուք կարող ե՞ք, օրինակ, մեկ նախադասությամբ կամ մեկ կարգախոսով ասել՝ նրանց պահանջը որն է, որ մի հատ էլ ես հասկանամ՝ մարդիկ կարող են միանա՞լ, թե՞ ոչ»:

«Ըստ էության, դա Հայաստանը պատերազմի տանելու և Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու պրոցես է, և ըստ այդմ՝ չեմ կարծում, թե Հայաստանի քաղաքացիները դրան կողմ հանդես կգան», - ասաց Բաբայանը:

«Լուրջ չեմ վերաբերվում, որովհետև լրջություն չկա որևէ կերպ այս գործընթացներում», - հայտարարեց խորհրդարանական մեծամասնության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արուսյակ Ջուլհակյանը՝ մանրամասնելով. - «Նախ՝ քաղաքական օրակարգ պետք ձևավորի մեր ընդդիմությունը, և առավել ևս՝ ընդդիմադիր արքեպիսկոպոսը քաղաքական օրակարգ չի ձևավորել: Չեմ կարծում, որ որևէ կերպ կարող է ընդվզման վերածվել այս շարժումը, որովհետև դրա հանրային պահանջը նախ և առաջ ես չեմ տեսնում»:

«Ես չեմ գնահատում ընդհանրապես այս գործընթացը և չեմ էլ թերագնահատում: Ինչի՞ համար իշխանությունը հրաժարական տա, երբ որ իշխանությունը եկել է իշխանության ժողովրդի բացարձակ քվեով: Ինչի՞ համար ժողովրդի ձայնը պետք է ոտնակոխվի ինչ-որ մի քանի մարդկանց կապրիզների համար», - իր հերթին, հայտարարեց Հռիփսիմե Հունանյանը:

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց. - «Բագրատ Գալստանյանը շարժվում է, քայլում է, կամ տրանսպորտով... բայց արագ են շարժվում, կարող է [մայիսի 9-ից] ավելի շուտ հասնեն»:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս շարժումը, Քոչարյանն պատասխանեց. - «Շարժվում են»:

Հարցին էլ՝ «ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ սա մեծ ընդվզում առաջացնի, համաժողովրդական ընդվզման բերի», ԱԺ հանձնաժողովի նախագահն արձագանքեց. - «Դուք նայել ե՞ք շարժվողների շարժման բովանդակությունը, ինչի՞ն է ուղղված: Կարող ենք ասել՝ գալիս են ուխտագնացության Երևան, բայց կարծում եմ, որ Բագրատ Գալստյանը, Գալստանյանը Երևանից պետք է գնա Էջմիածին և հոգևոր խնդիրները քննարկի Վեհափառի հետ»:

XS
SM
MD
LG