Երկու օրից Բագրատ սրբազանի առաջնորդած երթը կհասնի Երևան։ Արդյո՞ք ընդդիմադիր ուժերը կմիանան սահմանազատման դադարեցման պահանջով այս շարժմանը և դուրս կգան փողոց։
Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն շարժման մի մաս է։
Թեև դաշնակցական մի շարք պատգամավորներ մասնակցում են արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթին, սակայն Դաշնակցության Գերագույն մարմինը շարժմանը միանալու մասին դեռևս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։
«Սա ուղղակի երկրի գոյության խնդիր է»
«Մենք շարժման մի մասն ենք, մենք մշտապես հայտարարել ենք, որ աջակցում ենք և հիմա էլ կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով հետաքրքրված բոլոր քաղաքական ուժերին միանալ այս շարժմանը, որովհետև սա իշխանության համար շարժում չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և հայ ժողովրդի արժանապատվության համար շարժում է։ Իսկ միանալ նշանակում է չասել՝ վայ, Պողոսն այնտեղ է, դրա համար ես իր կողքով չեմ քայլելու։ Սա ուղղակի երկրի գոյության խնդիր է, որովհետև այս իշխանությունները ադրբեջանական բոլոր պահանջներին ենթարկվում են», - ասաց նա։
Հարցին՝ կարծո՞ւմ է, թե այս շարժումն ի վերջո հանգելու է վարչապետի հրաժարականի պահանջին, պատգամավորը պատասխանեց. - «Լիազորված չեմ շարժման անունից հայտարարություն անել»։
Եթե Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է, որ արդեն իսկ շարժման մի մաս է կազմում, ի՞նչ դիրքորոշում ունի խորհրդարանի «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահի գրասենյակից չեն արձագանքում։
«Երբ որ սրբազանը կամ շարժումը կհայտարարի նպատակների մասին, մենք մեր հստակ մոտեցումը նաև այդ փուլի հետ կապված կարտահայտենք»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ աջակցում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, սակայն, չհստակեցրեց՝ պատրա՞ստ է Սերժ Սարգսյանը դուրս գալ փողոց և միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին։
«Հանրապետական»-ը, բնականաբար, ողջունում է այս նախաձեռնությունը։ Ինչ վերաբերում է շարժման կողմից վարչապետի թեկնածուի հնարավոր հայտարարմանը կամ մնացած գործընթացներին, երբ որ սրբազանը կամ շարժումը կհայտարարի նպատակների մասին, երբ կհայտարարվի, թե քաղաքական ինչպիսի պրոցեսներ պիտի տեղի ունենան, այդ ժամանակ մենք մեր հստակ մոտեցումը նաև այդ փուլի հետ կապված կարտահայտենք», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Մնացած բոլոր հաջորդ փուլերում, որտեղ անհրաժեշտություն առաջանա մեր մոտեցումները տարբեր գործողությունների հետ կապված հայտնելու, մենք, բնականաբար դրա մասին կհայտնենք», - հավելեց պատգամավորը։