Մատչելիության հղումներ

Դեռևս պարզ չէ՝ Ադրբեջանի հետ արդեն կա՞ պայմանավորվածություն՝ Տավուշից սահմանազատում սկսելու


Ոսկեպար գյուղը Տավուշի մարզում, արխիվ
Ոսկեպար գյուղը Տավուշի մարզում, արխիվ

Տավուշի մարզում վարչապետի երեկվա դռնփակ հանդիպումներից հրապարակված տեսանյութերից այդպես էլ պարզ չդարձավ՝ Ադրբեջանի հետ արդյոք արդեն կա՞ պայմանավորվածություն՝ Տավուշից սահմանազատում սկսելու, եթե՝ այո, ե՞րբ են մեկնարկում աշխատանքները, արդյոք Ադրբեջանը համաձայնե՞լ է, ինչպես Երևանն է պնդում, Ալմաթիի հռչակագրով գնալ սահմանազատման։

Մի քանի օր առաջ «Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Տավուշից սահմանազատում սկսելու մասին այս պահի դրությամբ պայմանավորվածություն չկա, բայցև շեշտել՝ Հայաստանը դեմ չէ այդ տարբերակին։

Հանդիպման ներկաները փոխանցում էին, որ երեկ վարչապետը Ադրբեջանի հետ դեռ ընթացող բանակցություններից է խոսել, ու որ դրանք ժողովրդի նախընտրած տարբերակով սահմանազատման գնալու շուրջ են։ Բայց կառավարության տարածած տեսանյութերում Տավուշի կոնկրետ հատվածներում կոնկրետ լուծումների պայմանավորվածություններից վարչապետը չի խոսում։

Հրապարակված տեսանյութերի պատառիկներում նա լուծումների գնալու անհրաժեշտությունից էր խոսում, ձեռքերը ծալած նստելու պարագայում տարածաշրջանային նոր պայթյուն կանխատեսում։ Բայց հանգիստ ու անվտանգ կյանքի, ինչպես ասաց, 100 տոկոսանոց երաշխիք չէր տալիս։

«Դուք հիմա կարաք ասեք՝ դու 100 տոկոսով երաշխավորո՞ւմ ես, որ տենց լինելու ա, ես կասեմ՝ 100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց ես գիտեմ, որ քայլ-քայլ անելով կգնանք ու կհասնենք 90 և ավելի տոկոսի: Բայց եթե մենք այդ քայլերը չանենք, ես երաշխավորում եմ, որ նոր պայթյուն է լինելու մեր տարածաշրջանում», - նշել է Փաշինյանը:

Այդ մասին վարչապետը խոսեց, երբ Կիրանցի հանդիպման մասնակիցներից մեկը հարցրեց գյուղի կամուրջից, որը խորհրդային ժամանակներում, ինչպես ասում էր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև որպես սահման էր ծառայում։ Ուզում էր իմանալ, թե ինչո՞ւ է հիմա դա ադրբեջանական ներկայացվում։

«Եթե էդ կամուրջով ասենք կիլոմետրանոց հարց լուծվեր, ես կասեի, հա, էդ կամուրջը, բայց էդ կամուրջով մետրանոց հարց ա լուծվում, կողքը հիմա իրար հետ նոր կամուրջ կսարքենք, որպեսզի ճանապարհը չփոխվի, ծայրահեղ դեպքի համար էն մյուս ճանապարհն էլ կնորոգենք, պետք լինի մի հատ 3-րդ ճանապարհ էլ կկառուցենք, որպեսզի բոլորս հանգիստ լինենք ամեն ինչում: Բայց էլի եմ ասում՝ սա ճանապարհի մասին չի, սա առաջին հերթին Կիրանցի, Տավուշի և Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին ա, մենք պետք ա գնանք լուծումների: Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջան ա, ասեք՝ վայ, էս ինչ լավա, որ 50 մոր էն կողմ Ադրբեջան ա, մենք ըտեղ առևտուր կանենք, տնտեսություն կկառուցենք, կարող ա մի հատ էլ անցակետ կառուցենք ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը», - ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ առաջնագիծ չպիտի լինի, պետք է լինի սահման։ Բերքաբերում կառուցվող տների դիմաց ոչ թե խրամատ, այլ քեֆ - ուրախություն պետք է լինի։ Ինքը զոհաբերությունների է գնում հանուն Հայաստանի անկախության։

«Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ կամ չեմ կարո՞ւմ հակադարձեմ, որ ես հասկանում եմ, որ գալիս ա պահ, որ դու քեզ պետք ա զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, էրեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակը զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, բայց իմանաս, թե ինչի համար ես անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն», - նշել է վարչապետը:

Վարչապետն ասում էր՝ հիմա կառավարությունը կենտրոնացած է ավելի շատ Կիրանցի ու Բերքաբերի հարցի վրա, որ ապահովեն անվտանգությունը. - «Ըտեղ մենք դպրոց ունենք, դպրոց ենք կառուցում, սեպտեմբերի 1-ին ավարտվում ա, և մենք պետք ա մեր էրեխեքի անվտանգությունը լիարժեք ապահովենք»:

Ենթադրաբար սահմանազատման գործընթացը նկատի ունենալով Փաշինյանն ասաց՝ ինչքան էլ դժվար է, ինքը դրական է տրամադրված, սահմանը խաղաղության որոշակի երաշխիք էր համարում։

Կիրանցի բնակիչներից մեկը մտավախություն ուներ՝ անվտանգությունը դժվար է լինելու պահելը, ադրբեջանցիներին վստահել չի կարելի, վարչապետը չառարկեց. - «Ճիշտ ես, էս ամեն ինչը ինչի՞ համար ենք ուզում անենք, ուզում ենք թուղթ ստեղծենք, որը արդեն ինքը կդառնա փոխադարձ պարտավորություն, որովհետև եթե չանենք, այդտեղ 100 տոկոսով երաշխավորում եմ, որ անվտանգությունը չենք կարողանալու ապահովել»:

Ոսկեպարցիներն ուզում են եղած իրավիճակը պահպանել, բերքաբերցիները՝ գյուղին պատկանող շուրջ 900 հեկտար հողատարածքները, որը ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի զինուժի հսկողության տակ։ Ճիշտ այդպես Հայաստանի վերահսկողության տակ է Աշաղի Ասկիպարան։ Հարցը տեսանյութում չի հնչում, բայց վարչապետը թերևս այդ խնդրին էր անդրադառնում. - «Հողերի հարցն ասացի՝ դա մեր ինքնիշխան տարածքն ա, էդ ինքնիշխան տարածքից մենք ուզենանք էլ չենք կարա հրաժարվենք, որովհետև Հայաստանի Սահմանադրության մեջ գրած ա՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հարցով որոշում կարելի ա կայացնել միայն հանրաքվեով»: Եթե թեմա կծագի տենց, որ՝ ինչ-որ մի բան ինչ-որ բանի հետ փոխել, էլի եմ ասում՝ դա կառավարությունը չի կարա անի, Ազգային ժողովը չի կարա անի, կառավարությունը կարա ասի՝ եկեք էս հարցով հանրաքվե անենք»:

Կիրանցից ու Բերքաբերից բացի վարչապետը Փաշինյանը երեկ նաև Ոսկեպարում էր եղել, բայց այդ հանդիպումից դեռ տեսանյութ չի տարածվել։ Փաշինյանը Տավուշ վերադարձավ մեկ ամիս անց, նախորդ անգամ էլ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերից խոսելիս ասել էր՝ դրանք չվերադարձնելու այլընտրանքը պատերազմն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG