Մատչելիության հղումներ

Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակ


Տավուշի մարզ, արխիվ
Տավուշի մարզ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

«Ազատությունը» փոխվարչապետից հետաքրքրվել էր՝ արդյոք հանձնաժողովների աշխատանքները մտնում են գործնական փուլ, Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը համաձայնե՞լ է գործընթացը սկսել Տավուշի մարզից, կա՞ հստակ ժամկետ, թե երբ պետք է Ադրբեջանին վերադարձվեն պահանջված 4 գյուղերը, Բաքուն կո՞ղմ է որպես սահմանազատման հիմք ընդունել Ալմա-Աթիի հռչակագիրը: Այս բոլոր հարցերի վերաբերյալ, պարզվում է, դեռ որոշում և համաձայնություն չկա, և ինչպես փոխվարչապետի գրասենյակն է փոխանցում՝ քննարկումներ են ընթանում:

Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի հյուսիսից. իշխանական պատգամավոր

Հակառակ սրան իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում հայտարարեց՝ հյուսիսային սահմանից սահմանազատումն սկսված է, և այն ամեն գնով պետք է առաջ մղել: Մինչ սահմանամերձ գյուղերում ապրողներն ահազանգում են, որ նախկին ադրբեջանաբնակ գյուղերը վերադարձնելով՝ իրենք մեկուսացման մեջ են հայտնվում, ՔՊ-ականը չի հասկանում՝ ինչու պետք է մարդիկ ընդվզեն:

«Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզում դրանք ադրբեջանական են։ Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ, եղա՞վ։ Իսկ գյուղացիք ինչ են մտածում, որ իրենց գյուղն ավելի մեծ լինի, երեք գետ ավելի լինի… ճանապարհի հարցն էլ է լուծվելու, բոլոր հարցերն էլ լուծվելու են, բայց այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, շատ հարմար է, մի հազար հեկտար որ լիներ, վապշե լավ կլիներ», - ասաց պատգամավորը։

Այն, որ չորս գյուղերի հարցն առանցքային է եղել սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում, պարզ դարձավ ադրբեջանական կողմի մարտի 9-ի հայտարարությունից: Բաքուն պահանջեց անհապաղ իրեն վերադարձնել սահմանագծի չորս գյուղերը։

Այսօր արդեն Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը հաստատեց՝ Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի հյուսիսից: Իսկ ինչո՞ւ հենց Տավուշից, ՔՊ-ականն առաջարկեց հարցն ուղղել Իլհամ Ալիևին:

Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետն էր տավուշցիների հետ հանդիպմանը հայտարարել՝ եթե Ադրբեջանի պահանջած տարածքները չվերադարձվեն, պատերազմ կլինի, իսկ երաշխիք, որ դրանից հետո ադրբեջանցիները դուրս կգան Հայաստանի օկուպացված տարածքներից, ասել էր՝ չկա:

Խաղաղության դարաշրջան խոստացած Փաշինյանը արդեն երեք տարի է՝ Բաքվի հետ բանակցությունների մեջ է, այս ընթացքում, սակայն, պարբերաբար զգուշացնում է հնարավոր պատերազմի մասին: Տավուշի գյուղերից առաջ էլ Սահմանադրության նախաբանի հարցով էր դա արել: Նույնն այսօր կրկնեց նրա թիմակից Արմեն Խաչատրյանը, թե սահմանազատման մեկնարկը նվազեցնում է պատերազմի հավանականությունը:

«Մի հատ դրական եղավ՝ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի, այսինքն՝ բանակցությունները սկսվեն։ Սկսվեց, հիմա Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսից՝ հյուսիսային սահմանից, սկսենք հյուսիսային սահմանից, գնացել ենք, հա, սկսել ենք հյուսիսային սահմանից։ Հյուսիսային սահմանից հիմա գալիս ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, լուծելով գալիս ենք», - նշեց Խաչատրյանը։

Սահմանազատման հանձնաժողովները քննարկե՞լ են արդյոք, թե Տավուշից հետո որ հատվածում են սահմանազատում իրականացնելու, փոխվարչապետի գրասենյակից, հղում անելով հաստատված աշխատակարգին, հրաժարվել են մեկնաբանել: Կա՞ արդյոք վստահություն, որ չորս գյուղերը ստանալուց հետո Բաքուն գործընթացը կշարունակի և փակուղի չի մտցնի, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Ալիևի հետ կապված որևէ վստահություն չի կարող լինել ընդհանրապես, որևէ երկիր որևէ գործընթաց Ալիևի հետ կապված վստահություն ունենալ այսօր, դա ... դա անորոշ չի, գործընթացը սկսվել է, և մինչև վերջ պետք է տանենք առաջ ամեն գնով»։

Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են մարտի 7-ին։ Հաջորդ հանդիպման շուրջ, փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ, դեռևս պայմանավորվածություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG