Մատչելիության հղումներ

4 գյուղերի շուրջ իշխանություն - ընդդիմություն բանավեճը շարունակվում է


Տավուշին հարակից 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ իշխանության և ընդդիմության բանավեճն այսօր նաև խորհրդարանական ճեպազրույցների առանցքում էր:

Ընդդիմությանը չեն համոզում իշխանության հավաստիացումները, թե առանց իրավական հիմքերի արձանագրման գործընթաց չի կարող մեկնարկել: Պնդում են՝ մինչ սահմանազատման հանձնաժողովը Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, այդ թվում՝ իրավական հարցերը համաձայնեցնելու շուրջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին ահազանգերով նոր կապիտուլյացիա է նախապատրաստում:

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծի 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամության մասին իշխանությունն արդեն մեկ ամիս է խոսում է՝ այն ներկայացնելով որպես սահմանազատման հնարավոր մեկնարկ: Բաքուն, սակայն, պահանջում է այդ գյուղերն անհապաղ վերադարձնել՝ առանց սահմանազատման սկզբունքները համաձայնեցնելու:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անցած շաբաթ հայտարարել էր՝ որևէ հատվածից սահմանազատում սկսելու համար նախ պետք է այդ սկզբունքները համաձայնեցվեն:

Վարչապետը մինչդեռ ոսկեպարցիների հետ հանդիպմանն ասում էր, թե սահմանազատումը Տավուշի հատվածից սկսելու ըմբռնում կա, հակառակ դեպքում՝ զգուշացնում էր մոտալուտ պատերազմի մասին:

Արդյո՞ք այդ վտանգը կանխելու համար Փաշինյանի կառավարությունն առանց իրավական հիմքերի ամրագրման կկատարի 4 գյուղերը վերադարձնելու Բաքվի պահանջը: Իշխանական խմբակցության քարտուղարը վստահեցնում է՝ առանց իրավական հիմքերի որևէ գործընթաց տեղի չի ունենա:

«Մենք, ինչ անում ենք, ելնում ենք իրավական հիմքերից, դրա համար պրոցեսները դանդաղ են գնում, որովհետև ցանկացած քարտեզ, ցանկացած միլիմետր պետք է իր տակ ունենա փաստաթուղթ, իրավական հիմք, առանց սրա մենք առաջ չենք շարժվելու», - նշեց Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ նշեց. - «Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը շարունակաբար պնդում են, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, ո՞ր քարտեզով»:

եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, որ պատերազմի սպառնալիքն անգամ սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում չի վերանա, խաղաղության դարաշրջան խոստացած իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հորդորում է առանց պետական սահմանի ճշգրտման խաղաղության մասին նույնիսկ չերազել:

«Խնդիրների լուծումից հեռանալը սահմանային լարվածությունը չի թուլացնում: Մենք պետք է լարվածության թուլացման մասին էլ մտածենք», - նշեց Քոչարյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ Հայաստանի վրա հնարավոր հարձակումը հենց Նիկոլ Փաշինյանն էլ լեգիտիմացնում է, երբ առանց իրավական գործընթացի հայտարարում է, թե այդ տարածքները ադրբեջանական են: Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունը ահաբեկում է մարդկանց:

«Իշխանությունը չպետք է տարբեր գյուղեր հայտարարի որպես ադրբեջանական և նոր միայն դրանից հետո սկսեր խոսել դելիմիտացիա, դեմարկացիայի գործընթացից: Ինչի՞ համար եմ սա անում, որովհետև հատկապես այսպիսի պրոցեսները կարող են երկարատև գնալ, բայց իշխանությունն իր քայլն արել է ու ըստ էության լեգիտիմացրել ադրբեջանական հնարավոր ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Սահմանազատման հարցում խորացող անորոշության պայմաններում առայժմ չի հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների նոր հանդիպման մասին։ Վերջին անգամ հայաստանցի ու ադրբեջանցի պաշտոնյաները բանակցել են մարտի սկզբին։

XS
SM
MD
LG