Տավուշի մարզի Խեյրիմլին Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերից մեկն է։ Վարչապետ Փաշինյանը երեկ ասուլիսում ասաց, որ այդ չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ ըստ էության չհերքերով դրանք վերադարձնելու հեռանկարը։
«Օրական մարդասպանություն կլինի, գողանալու են, տանեն, կրակելու են, չեն թողնելու՝ ժողովուրդն ապրի, մեր 30-40 հեկտարը գյուղի էն կողմն է ընկնում, մեր հողերն են, ով պիտի գնա այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց բնակիչներից մեկը։
Գյուղում մի քանի ավերված տների հետքեր են երևում, տեղացիների պնդմամբ՝ մոտ 30 տուն է եղել այնտեղ։
Իսկ Կիրանց գյուղի բնակիչներից մեկը, որ մեկուկես հեկտար այգի է տնկել վերջին տարիներին, ասում է՝ Խեյրիմլիի հետ մի գետակ է բաժանում։ Նրա պնդմամբ՝ գյուղը Ադրբեջանին հանձնելուց հետո նրանց դիտակետում կհայտնվի. - «Որ թողեցինք, պետք է գյուղը բրախենք, դուրս գանք, բայց հետո ի՞նչ դառնա սա»։
Հենց Խեյրիմլիի տարածքում են արածում Կիրանց գյուղի բնակիչների անասունները։ Բնակիչների տեղեկություններով՝ նաև գետի վրա գործող կամրջակը կարող է անցնել Ադրբեջանին։
Տավուշի մարզպետարանից հրաժարվեցին հստակ պատասխանել՝ գյուղը Կիրանցի վարչական տարածքում երբևէ եղել է, թե ոչ։ Հրաժարվեցին առհասարակ պատասխանել հարցերին։
Ամեն ինչ անորոշ է, վարչապետի հայտարարություններին ոչինչ ավելացնել չենք կարող, փոխանցեցին մարզպետարանի լրատվականից։
Կիրանցին մոտ տարածքում նոր ճանապարհ էին գցում դեռ օրեր առաջ, բայց դարձյալ հնարավոր չեղավ պարզել՝ դա կապ ունի արդյոք վարչապետի երեկվա հայտարարության հետ, թե ենթակառուցվածքները կվերակառուցվեն ու կհարմարեցվեն նոր սահմաններին։
Կիրանցում այսօր պետական ծրագրով տներ են կառուցվում, վերջերս նաև դպրոց է կառուցվել, գտնվում է այն ճանապարհի եզրին, որը, ըստ տեղացիների, ևս կարող է անցնել Բաքվին, ինչպես նաև նորակատույց պոմպակայանը, որը ջրով է ապահովում հարևան Սարիգյուղին։
Կիրանցի հարևան Սարիգյուղում ևս ասում են՝ սահմանն իրենց շատ է մոտենում։ Ակնկալում էին, որ գոնե Ադրբեջանի օկուպացրած Հայաստանի 31 գյուղերի տարածքների հարցում Հայաստանի իշխանություններն ավելի հաստատակամ լինեն։ Արդյոք Բաքուն նույն կերպ պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքից, որ առաջ է եկել կամ 90-ականներին, կամ 2021-22 թվականնների հարձակումների ժամանակ, այս հարցին երեկ վարչապետը հստակ պատասխան չտվեց։
«Ադրբեջանն էլ է շատ վատ վիճակում հայտնվում, եթե խորհրդային շրջանի սահմանագծով ճիշտ հողերը վերադարձնես մեր տարածքին, որ Ադրբեջանի հսկողության տակ է անցել։ Եթե ճիշտ դեմարկացիա ես անում, Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրան, իսկ եթե միակողմանիորեն տալիս են Ադրբեջանին, մենք շատ ծանր վիճակի մեջ ենք հայտնվում։ Տավուշի մարզից մոտավորապես 9-10 հազար հեկտար վարելահողները նրանց հսկողության տակ են», - «Ազատությանն» ասաց տեղացիներից մյուսը։