Մատչելիության հղումներ

4 գյուղերի հարցը պետք է լուծել համապարփակ մոտեցմամբ. Բրոերս


Տավուշի ու Ղազախի սահմանի 4 գյուղերի հարցը պետք է լուծել համապարփակ մոտեցմամբ՝ կառուցողական քննարկումների մթնոլորտում, մի բան, որ հիմա բացակայում է, «Ազատության» հետ զրույցում ասում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը։

«4 գյուղերի հարցը նոր չէ, առաջնորդները պետք է լուծում գտնեն այդ հարցում։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ լինի համապարփակ մոտեցում. կան ոչ անկլավային գյուղեր, կան անկլավներ 2 կողմերում ու տարածքներ, որոնք Ադրբեջանը վերահսկում է 2021-ի մայիսից հետո և ավելի երկարաժամկետ՝ դելիմիտացիայի հարց։ Բանալին կառուցողական մթնոլորտում այս հարցերը քննարկելն է, բայց դա հիմա բացակայում է։ Փոխարենը ունենք կոնֆլիկտային հռետորաբանություն, որը 90-ականների հակամարտությունից հետո սահմանային դարձած գյուղերի հանձնումը դարձնում է էմոցիոնալ քննարկում։ Պետք է ունենալ բոլորովին այլ հռետորաբանական մթնոլորտ», - նշեց փորձագետը։

Այս օրերին Երևանում գտնվող Բրոերսը նկատում է, որ բանակցությունները շարունակվում են հիմնականում երկկողմ ձևաչափով, և այս պահին հայտնի էլ չէ, թե ինչ ճակատագիր կունենան բանակցային Բրյուսելի ու Մոսկվայի առաջարկած ձևաչափերը: Իսկ Երևանի ու Բաքվի միջև եղած միջնորդները զսպիչ ուժեղ դերակատարում չունեն։

«Տարածաշրջանում զսպման մեխանիզմի փլուզումը լուրջ խնդիր է, հետևաբար ողջամիտ է վախենալը նոր էսկալացիայից։ Հռետորաբանությունը պետք է փոխվի, բայց վախենամ թե դա հնարավոր չէ, քանի դեռ կողմերից մեկում կամ մյուսում կառավարող վերնախավի ողջ լեգիտմիությունը կառուցված է հակամարտության վրա։ Անհնար է դառնում հաղթահարել այդ հակամարտությունը, երբ ռեժիմի ներքին կառուցվածքը, լեգիտիմությունը կապված է հակամարտության հետ: Ցավոք սրտի, հիմա էլ այնպիսի իրավիճակ է, երբ կողմերից մեկն իր լեգիտիմությունը շաղկապել է հաղթանակի նարատիվի հետ։ Այդպիսի խնդիր երկար տարիներ կար Հայաստանում, հիմա էլ Ադրբեջանում է», - ընդգծեց Լորենս Բրոերսը։

Թեև Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսում ու ելույթներում չի բացառել Ադրբեջանի նոր հարձակումը, բրիտանացի փորձագետը կարծում է, այնուամենայնիվ, Բաքուն չի գնա լայնամասշտաբ հարձակման, թեև նաև ավելացնում է, որ վերջին 4 տարիները ցույց են տվել, որ պետք չէ բացառել վատագույն հնարավոր սցենարները։

«Մի կողմից տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարության տգեղ ու ծաղրական հռետորաբանությունը, մյուս կողմից նկատեցինք, որ 2022-ին սեպտեմբերին, երբ Ադրբեջանը թիրախավորել էր Հայաստանի տարածքը, ուժեղ միջազգային արձագանք եղավ, ավելի ուժեղ քան հակամարտության այլ, Լեռնային Ղարաբաղի տարբեր դրվագներում։ Սա ցույց է տալիս, որ երբ մի երկիր հարձակվում է մյուսի վրա, արձագանքելու տարբեր մեխանիզմներ կան։ Եվ պետք է հարցնենք, արժի արդյոք, թե՝ ոչ, Ադրբեջանի տեսանկյունից», - ասաց նա։

«Որքան շատ են Երևանի զիջումները, այդքան բազմազան են Ադրբեջանի պահանջները»

Երևանի ու Բաքվի միջև արդյունավետ բանակցությունների ու դրանց արդյունքում փոխշահավետ լուծումներ գտնելու հարցում լավատես չէ նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, նրա կարծիքով՝ Բաքվի ամենաթարմ պահանջը 4 գյուղեր անհապաղ վերադարձնելու վերաբերյալ, վերջինը չէ և Ադրբեջանի ռազմավարությունն այժմ Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելն է։

«Խոսակցություն սահմանների, գյուղերի, արևմտյան Ադրբեջանի կամ Երևանի մասին, այդ ամենը միևնույն ռազմավարության մասն է։ Տարբեր հարթակներից դիվանագիտական ճնշում Հայաստանի վրա, և այլն։ Այդ ամենը կանգ չի առնի ո՛չ 3, ո՛չ 4 գյուղ հանձնելուց հետո, Ադրբեջանը չունի կարմիր գիծ, թե այսինչ բանն ուզում են, հաջորդը՝ ոչ, նման գիծ գոյություն չունի կամ այն անընդհատ փոխվում է։ Որքան շատ են Երևանի զիջումները, այդքան բազմազան են Ադրբեջանի պահանջները՝ ընդհուպ մինչև էկզոտիկ պահանջներ, ինչպես օրինակ, Սահմանադրությունը փոխելն է», - նշեց Իսկանդարյանը։

Ընդ որում՝ քաղաքական մեկնաբանը նկատում է, որ այն, ինչ առաջարկում է Բաքուն Տավուշում, դելիմիտացիայի գործողություն չէ, այլ միակողմանի զիջում է։ Իսկ դելիմիտացիայի դեպքում սահմանի հարցերը քննարկվում են հատված առ հատված ու կողմերը գտնում են փոխզիջումային տարբերակներ։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահած սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են մարտի 7-ին, ինչին հաջորդած հայտարարություններից պարզ դարձավ՝ Բաքուն չի ընդունում, որ օկուպացրել է Հայաստանի սահմանի 31 ոչ անկլավային տարածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG