Բաքվի ուզածն անընդունելի է՝ պահանջել անհապաղ ազատել իրենց 4 գյուղերն ու չընդունել, որ 31 հայկական բնակավայրերից տարածքներ են գրավել. քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի տպավորությամբ՝ Ադրբեջանը քարտեզին նայելու ցանկություն չունի, ունի ցանկություն՝ իր հանրությանը միայն հաղթանակներ ցուցադրելու։
«Մեզ չեն վերադարձնում այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք 92-93 թվականներից և հետագայում նաև 2021 թվականից։ Սա բանակցություն չի, սա ուղղակի ուժային շանտաժի քաղաքականության շարունակումն է», - «Ազատությանն» ասաց նա։
Այժմ խոսքը Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի ու Կըզըլ Հաջիլի նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի մասին է. սրանք անկլավներ չեն՝ Ադրբեջանին կպած են։ Այդտեղ 90-ականներից հայկական զինուժի դիրքերն են։
«Քանի որ այդ գյուղերում կարևոր ռազմական հենակետեր են գտնվել, ասենք՝ Կըզըլ Հաջիլի գյուղի տարածքում կարևոր հենակետ է եղել հայկական բանակի համար, և մյուս գյուղերի տարածքով խորհրդային տարիներին անցել է այն ճանապարհը, որով կապվել է Նոյեմբերյանը Իջևանի հետ, և նաև Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղը շրջանի ընդհանուր տարածքի հետ, և հայկական կողմը ստիպված վերցրել է այդ գյուղերը՝ կապը ապահովելու համար։ Թե ադրբեջանական կողմը գրավել էր Արծվաշենը ռազմական ճանապարհով, թե հայկական կողմը գրավել է այդ գյուղերը ռազմական ճանապարհով», - նշեց Սամվել Մելիքսեթյանը։
Մյուս ադրբեջանական գյուղերը՝ դարձյալ չորսը՝ Սոֆուլու, Բարխուդարլու, Վերին Ոսկեպար ու Քյարքի, անկլավներ են Հայաստանի տարածքի մեջ խրված. - «Բոլոր այս գյուղերում արդեն 19-րդ դարում եղել է ադրբեջանական-թուրքական բնակչություն»։
Քաղաքագետն ասում է՝ ուսումնասիրել է անկալվների ձևավորման պատմությունը, դրանց վերաբերյալ բոլոր աղբյուրները, քարտեզները։ Գյուղերը 20-ականներից ադրբեջանական են, ենթարկվել են այդ երկրի իշխանությանը, ինչպես Արծվաշենը՝ Հայաստանին։
«Նույնիսկ Արծվաշեն տանող ճանապարհը, իմիջիայլոց, Խորհրդային Հայաստանի կառավարությունն էր կառուցել, ասֆալտապատել խորհրդային տարիներին, թեև այն անցնում էր Ադրբեջանի տարածքով», - նկատեց նա։
Ըստ Մելիքսեթյանի՝ սովետը սիրում էր, երբ հանրապետությունները միմյանցից կախվածություն էին ունենում. - «Նման անկլավաստեղծումը, իմ կարծիքով, Խորհրդային միությունում միտումնավոր քաղաքականության ինչ-որ մի մաս էր, որով երկու հարևան հանրապետությունները կապնվում էին միմյանց, և նրանց դուրս գալը Խորհրդային միությունից դրանով բարդանում էր»։
Հայաստանի բնակավայրերի ցուցակում, որ տպագրվել է մարդահամարից մեկ տարի անց՝ 1923 թվականին, ադրբեջանաբնակ 8 գյուղերից որևէ մեկը ներառված չէ։ Արծվաշենը Բաշքյանդ անունով հայկական գյուղերի ցանկում է, 3080 բնակիչ ուներ։ Ըստ Թբիլիսիում տպագրված կովկասյան օրացույցի՝ նույն տարիներին ադրբեջանական անկլավներից Սոֆուլուն 128 բնակիչ ուներ, Բարխուդարլուն՝ 122, Քյարքին՝ 240։
Սամվել Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ անկլավների դեպքում ճիշտը փոխանակումն է, այսինքն՝ այն, ինչ արձանագրվել է 90-ականներին՝ Ադրբեջանում խրված Արծվաշենն՝ Ադրբեջանին, Հայաստանում խրված 4 գյուղերը՝ Հայաստանին։
«Ադրբեջանական մոտ 20 գյուղ, եթե նրանք վերադարձնում են մեզ Արծվաշենը, նրանք հայտնվում են կիսաբլոկադային վիճակում», - ասաց նա։
Թե՛ Քյարքի-Տիգրանաշենի և թե՛ Տավուշի երեք անկլավներն Ադրբեջանին հանձնելու դեպքում Հայաստանը ճանապարհներ է կորցնում, քաղաքագետը մեծ խնդիր չի համարում։
«Եթե ենթադրենք՝ 5 կմ ճանապարհը մենք 10 տարվա մեջ թող կառուցենք, ես չափազանցնում են միտումնավոր, բայց դրանից հետո ի՞նչ լծակներ է իրենց մնալու, իրենք մնալու են շրջափակման մեջ ուղղակի։ Եթե իրենք շրջափակում են մեր կոմունիկացիաներն անկլավի տարածքով, նույն տրամաբանությամբ մենք կարող ենք շրջափակել նաև իրենց կոմունիկացիաները դեպի անկլավ», - շեշտեց նա։
Այսպես ըստ քաղաքագետի՝ հայ-ադրբեջանական խնդիրները միշտ թեժ են մնալու։ Թեման կփակվի, եթե անկալվներն անկլավների հետ դե յուրե փոխանակվեն, իսկ 90-ականներին գրավված տարածքները՝ գրավված տարածքների հետ։ Ադրբեջանն այդ տարիներին հենց Տավուշի մարզում ահռելի տարածքներ է գրավել, միայն Շամշադինի տարածքի 7 տոկոսը. - «Ամենամեծն իրականում Շամշադինի արևելյան հատվածն է, այսպես կոչված, Մեհրաբը հայտնի, մինչև Չինարի գյուղը… ադրբեջանական դիրքերը գտնվում են Հայաստանի տարածքում, և հայկական ուժերը ստիպված իրենց դիրքերը տեղադրել են մոտ մեկ կիլոմետր խորության վրա»։
Հիմա Բաքուն իրենց ոչ անկլավային չորս գյուղերն է ուզում, որոնք Հայաստանի ճանապարհի վրա են, ադրբեջանական երկու՝ Մազամ ու Ղուշչի Այրում գյուղերի միակ ճանապարհն էլ Ղազախի հետ՝ հայկական Բերքաբերի տարածքով է։ Ի՞նչ անել, ռացիոնալ լուծումը փոխանակումներն են, կրկնում է քաղաքագետը։