Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն:
«Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան կառավարությունից այսօր հայտնեցին, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը:
Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:
«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների սահմանի ողջ երկայնքով։
«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։
Ինչ վերաբերում է էքսկավ/անկլավներին, այս դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, կրկին որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը»:
«Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նաև հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։