Պաշտոնյաների հայտարարությունից պարզ չի դառնում՝ արդյոք Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի դիմաց Հայաստանն էլ իր 31 ոչ անկլավային գյուղերի տարածքներն է ուզում։
Պատգամավոր Գագիկ Մելքոնյանը մեկ պնդում էր՝ այո, մեկ՝ ոչ։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն էլ, ինչպես իշխանական խմբակցության անդամը միայն 31 գյուղերի տարածքների մասով հաստատեց՝ Երևանի պահանջը ուժի մեջ է:
«Մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից, այն, ինչ որ Հայաստան է, Հայաստան է, այն, ինչ որ Հայաստան չէ, Հայաստան չէ, այն, ինչ որ Ադրբեջան է, Ադրբեջան է», - երեկվա ասուլիսին ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն, բայց 3.5 ժամ տևած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նույն հետևողականությամբ չխոսեց Հայաստանի օկուպացված 31 ոչ անկլավային տարածքների վերադարձից։
Մեկ ամիս առաջ հենց այս երկուսն էր նա կշռեքի նժարներին դրել, թե Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ իր օկուպացիայի տակ են Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքները։
Բաքուն պահանջում է անհապաղ Ադրբեջանին վերադարձնել 90-ականներից հայկական վերահսկողության տակ գտնվող այս տարածքները։
Ի պատասխան հարցին՝ 4 գյուղը 31 գյուղերի դիմաց է փոխանակվո՞ւմ, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսպես արձագանքեց. - «Ցտեսություն ձեզ»։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը պնդում էր՝ Հայաստանն իր պահանջներից չի հրաժարվել։ Խոսելով 4 գյուղերը տալու որոշման մասին՝ իշխանական պատգամավորը հայտարարում էր՝ քննարկումներն ավարտված չեն։ Իսկ դրանք, ըստ Մելքոնյանի, շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարած սահմանազատման հանձնաժողովներում։
«Դե հիմա գնում են քննարկումները, փոխեցի՞ն։ Տվե՞լ են այդ գյուղերը։ Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք», - ասաց նա։
Իսկ Հայաստանը շարունակո՞ւմ է պահանջել 31 գյուղերը, իշխանական պատգամավորն ասաց. - «Իհարկե»։
Ճշտմանը, թե 4-ը 31-ի դիմաց պահանջն ուժի մեջ է մնում, այսպես պատասխանեց. - «Չէ, տենց դիմաց չկա։ Դու ասում ես՝ 4-ը դրա դիմաց է, ասում եմ՝ չէ, քննարկումը գնում է, մենք պահանջում ենք մեր 31-ը»։
Հայկական զորքերը Ադրբեջանի պահանջած 4 տարածքներից, ըստ Մելքոնյանի, այս պահին հետ չեն քաշվի. - «Մեր զորքերը, որտեղ կանգնած են, այնտեղ էլ մնալու են»։
Պետք է նաև քննարկվի՝ հայկական անկլավ Արծվաշենը ինչ տարածքի հետ փոխանակվի. Մելքոնյան
«Այնտեղ, որտեղ օրինակ՝ մեր կոմունիկացիաները մեր այս պայմանավորվածությունների վրա հիմնված դե յուրե սահմաններից դուրս են, այդ մեր կոմունիկացիաները, այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի ՀՀ բոլոր կոմունիկացիաներն անցնեն ՀՀ բոլորը դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք», - նաև սա էր ասուլիսին ասել վարչապետը։
Ադրբեջանի պահանջած գյուղերի մոտով են անցնում Տավուշից դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն այսօր չբացառեց՝ ոչ միայն ճանապարհը, այլև գազատարը կարող է վերակառուցվել։
«Ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի միայն ճանապարհը, միայն գազատարը, թե կարող է այլ ինչ-որ ենթակառուցվածքի վերաբերել։ Կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք ինչ-որ քարտեզ կվերցնեն որպես իրավական հիմք, այդ քարտեզով կաշխատեն, սահմանագիծը կդնեն, որից այս կողմ և այն կողմ կպարզվի՝ որն է Հայաստանը, որն է Ադրբեջանը, եթե կան ենթակառուցվածքներ, որոնք հատվում են, լեռնային բարձր ռելիեֆ է այնտեղ, այդ ենթակառուցվածքները կվերակառուցվեն»։
Ի դեպ, իշխանական պատգամավորն այսօր ասում էր՝ պետք է նաև քննարկվի՝ հայկական անկլավ Արծվաշենը ինչ տարածքի հետ փոխանակվի. - «Իրենց նախկին տարածքով է անցնում, Տիգրանաշենի մասին է խոսքը։ Հիմա քննարկումներ են գնում՝ Արծվաշենի հետ ինչ կարելի է փոխել, ինչ պիտի չփոխենք»։
Ադրբեջանը ևս 4 անկլավային գյուղի անուն է տալիս, դրանց թվում՝ Տիգրանաշենը, բայց այս դեպքում համաձայն են որոշման գալ սահմանների դելիմիտացիայի ընթացքում։ Կառավարությունից «Ազատությանն» այսօր հայտնել են՝ անկլավ/էքսկլավների դեպքում Հայաստանի համար էլ է «ըմբռնելի դրանց հարցն ավելի ուշ դիտարկելը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերով այդ տարածքների սահմանազատումն ու սահմանագծումը»։