Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Զելենսկու այցը Թուրքիա. օրակարգը հայտնի է


Այսօր սկսվում է Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Զելենսկի-Էրդողան հանդիպման օրակարգում են Կիևի «Խաղաղության բանաձևն» ու Խաղաղության գագաթնաժողովի կազմակերպումը, Սև ծովում նավարկության անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանում պահվող ուկրաինացի բանտարկյալների և քաղբանտարկյալների ազատ արձակումը։

«Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու համատեղ նախագծերին պաշտպանական-արդյունաբերական ոլորտում»,- նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։

Վլադիմիր Զելենսկին կայցելի նավաշինական գործարաններ, ինչպես նաև կհանդիպի թուրքական պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։

Այցից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր Ուկրաինայում հրադադարի շուրջ շուտափույթ բանակցությունների անհրաժեշտության մասին։ Իսկ Թուրքիայի նախագահն էլ կրկին ընդգծել էր, որ Անկարան պատրաստ է հարթակ առաջարկել համապատասխան «բանակցությունների համար»։

Ընդ որում, Զելենսկու այցից առաջ՝ դեռ անցած տարեվերջից, քննարկվում էր Ռուսաստանի նախագահի հնարավոր այցը Թուրքիա, երկու կողմն էլ հաստատել էին, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Անցած ամիս, սակայն, պետական РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Պուտինի այցը Թուրքիա, որը պետք է տեղի ունենար փետրվարին, հետաձգվել է և կկայանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։ Պուտինի մամուլի քարտուղարն էլ ասել էր, թե մինչև նախագահական ընտրություններ Պուտինը Թուրքիա չի այցելի։

Անցած շաբաթ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել էին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, ինչից հետո Հաքան Ֆիդանը կրկին խոսել էր բանակցությունների անհրաժեշտության մասին։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ արդեն հասել են այն սահմանին, երբ կարող էին ինչ-որ բան շահել։ Մենք կարծում ենք, որ եկել է հրադադարի շուրջ երկխոսություն սկսելու ժամանակը», - ասել էր նա։

Կիևը շարունակում է պնդել, թե չի կարող բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, քանի դեռ ռուսները դուրս չեն եկել ուկրաինական տարածքից, Մոսկվան էլ իր հերթին շեշտում է՝ համաձայն է ցանկացած պահի սկսել բանակցություններ, սակայն չի պատրաստվում հրաժարվել արդեն գրաված տարածքներից։ Այս իրավիճակում թուրքական կողմն առաջարկում է «ինքնիշխանության և հրադադարի հարցերը առանձին քննարկել»։

Երկու տարի առաջ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից շաբաթներ անց, հենց Թուրքիայում էին անցել ռուս ուկրաինական առաջին բանակցությունները։ Ավելի ուշ արևմտյան մամուլը հաղորդել էր, թե այն ժամանակ կողմերը մոտ էին հրադադարի մասին համաձայնագրին, սակայն ի վերջո համաձայնությունը տապալվեց։

Թուրքիան, որ մի կողմից չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մյուս կողմից՝ «Բայրաքթարներ» է մատակարարում Ուկրաինային, պատերազմի այս երկու տարվա ընթացքում շարունակում էր պնդել՝ համաձայն է կրկին ստանձնել միջնորդի դերը և կազմակերպել ռուս-ուկրաինական նոր բանակցություններ։

XS
SM
MD
LG