Ուկրաինան այս տարի ևս կարող է հակահարձակման փորձ ձեռնարկել։ Նման հեռանկարը չի բացառել երկրի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը։
«Մեր նպատակը ռազմաճակատի կայունացումն է, որպեսզի հնարավոր լինի թշնամուն առավելագույն կորուստներ պատճառել։ Դա այն է, ինչ մենք այժմ ենք անում։ Մեր մյուս նպատակը վերախմբավորումն է և այն ստորաբաժանումների դուրսբերումը ճակատային գծից, որոնք վերականգնման կարիք ունեն։ Հետագայում [այդ ստորաբաժանումներից] մենք գրոհային խմբավորումներ կկազմավորենք և այս տարի արդեն հակահարձակողական գործողություններ կձեռնարկենք», - հայտարարում է ուկրաինացի գեներալը։
Պավլյուկի խոսքով՝ ռազմաճակատի մեծ մասում հաջողվել է կայունացնել իրավիճակը, և այդ միտումը պահպանվում է։
«Ես կարծում եմ, որ շուտով մենք [ամբողջությամբ] կկայունացնենք իրավիճակը և կանենք ամեն ինչ՝ զորքերին ավելի ակտիվ գործողությունների նախապատրաստելու և նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնելու համար», - նշել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը։
Ռուսները կրկին հրթիռակոծել են Օդեսան, հրթիռն ընկել է Զելենսկուց և Միցոտակիսից քիչ հեռու
Ավելի վաղ՝ երեկ, ռուսները կրկին հրթիռակոծել են Օդեսան, ընդ որում՝ ճիշտ այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահը Հունաստանի վարչապետի հետ գտնվում էին թիրախից քիչ հեռու՝ Օդեսայի նավահանգստում։
Հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել, Զելենսկին ու Միցոտակիսը չեն տուժել, հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։
«Տեսնում եք՝ ում հետ գործ ունենք, նրանց չի հետաքրքրում, թե ուր խփեն։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավորներ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Հունաստանի վարչապետը ևս փաստել է՝ պայթյունները տեղի են ունեցել այնտեղ, որտեղ գտնվում էին հունական պատվիրակությունը և ուկրաինացի պաշտոնյաները։ Ըստ Միցոտակիսի՝ իրենք Զելենսկու հետ չեն հասցրել անգամ ապաստարան տեղափոխվել։ CNN-ի աղբյուրն էլ հայտնել է, որ հրթիռն ընկել է Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա։
Սևծովյան այս քաղաքն արդեն մի քանի շաբաթ է ռուսական օդուժի թիրախում է, մի քանի օր առաջ ռմբակոծվել էր բնակելի թաղամաս, 12 խաղաղ բնակիչ էր զոհվել, այդ թվում` 5 երեխա։
Իրավիճակը ծանր է նաև ռազմաճակատում, ռուսները շարունակում են ինտենսիվ գրոհները գրեթե բոլոր ուղղություններով։ Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ստիպված է նահանջի դիմել որոշ հատվածներում ու անցնել պաշտպանության՝ զինամթերքի պակասի պատճառով։
Ցամաքային ուժերի հրամանատար Օլեքսանդր Պավլյուկը, միաժամանակ, այսօր նշել է, թե ծրագրում են կայունացնել իրավիճակն ու հակահարձակման անցնել: «Կարծում եմ՝ մենք արագորեն կկայունացնենք վիճակը և կանենք հնարավոր ամեն բան՝ պատրաստելու զորքը առավել ակտիվ գործողությունների, որպեսզի մեր ձեռքը վերցնենք նախաձեռնությունը», - ասել է Պավլյուկը:
Bloomberg-ն այսօր հղում անելով իր աղբյուրին գրել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է պահուստային ֆոնդերից Ուկրաինային 200 միլիոն դոլարի շտապ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Այս գումարը հատկացվելու է առաջնային անհրաժեշտության սպառազինությունների և սարքավորումների մատակարարման համար: Վերջնական որոշում, սակայն, դեռ կայացված չէ։
Սպիտակ տան մյուս նախաձեռնությությունը՝ Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնությունը, շարունակում է մնալ փակուղում՝ հանրապետականների դիմակայության պատճառով, որոնք մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների տանը։
Կիևը, իր հերթին, շարունակում է ահազանգել, որ ուկրաինական բանակը չունի անհրաժեշտ զինամթերք՝ 1500 կիլոմետրանոց ռազմաճակատը պաշտպանելու համար։
Զինամթերքի մատակարարման հետ կապված դժվարություններ կան նաև Եվրամիությունում, այս ֆոնին ԵՄ մի շարք երկրներ՝ Չեխիայի գլխավորությամբ, գումար են հավաքում՝ երրորդ երկրներից զենք գնելու համար։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների, Ուկրաինայի դաշնակից այդ երկրները հավաքել են բավարար գումար՝ 800 հազար արկ գնելու համար, որն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կփոխանցվի Ուկրաինային։ Թե որ երկրներն են դրանք մատակարարելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում։