Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է իր ավտոշարասյան ուղղությամբ ավիահարվածը Օդեսայում։ Նա նշել է, որ ինքը չի տուժել։
«Այդ հարվածը տեսանք։ Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք, թքած ունեն, թե ուր են խփում։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավորներ», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա հարձակման մասին առաջինը գրել է հունական Proto Tema թերթը՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրները։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Օդեսա այցի ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել, հունական պատվիրակության կազմում տուժածներ չկան։ Կառավարությունը մեկնաբանել է միայն հույն պաշտոնյաների վիճակը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի արդյունաբերական նավահանգստի տարածքում գտնվող անգարին։
Հունաստանի վարչապետը երեկ է ժամանել Օդեսա հանդիպելու Զելենսկու հետ։ Միցոտակիսի Ուկրաինա այցի մասին նախապես չէր հայտարարվել։