Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է Թուրքիայում APA-ի թղթակիցը։
Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին ընդգծում է, որ կողմերն աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին՝ ընդգծելով՝ առաջընթացը, որը ձեռք կբերվի այս ոլորտում, վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար։
Սալիվանն ու Ֆիդանը քննարկել են նաև Ուկրաինայի և Գազայի հարցը։
Anadolu-ն, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ Ֆիդանն ընդգծել է Գազայում հնարավորինս շուտ հրադադար հաստատելու կարևորությունը՝ շեշտելով՝ մարդասիրական օգնության քանակն էլ տարածաշրջան պետք է ավելացվի։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չպետք է ձգձգվի և պետք է լուծվի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և քաղաքական ամբողջականության շրջանակներում»։
Ֆիդանը երեկ է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Գազայի և Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկյան ռազմական և էներգետիկ համագործակցության հարցեր։ Ընդգծելով, որ Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Ջեյք Սալիվանի հետ՝ Reuters-ը փոխանցել էր, որ Ֆիդանն ու Բլինքենը «համապարփակ բանակցություններ» կանցկացնեն․ բանակցությունների միջոցով Վաշինգտոնն ու Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։