Մատչելիության հղումներ

Վանաձորում հնարավոր ընտրություններից առաջ Փելեշյանը ՔՊ-ականների հետ քննարկման էր


«Ապրելու երկիրը» չի մասնակցի ավագանու միջոցով համայնքի ղեկավար ընտրելու իշխանության նախաձեռնությանը

Վանաձորում ավագանու միջոցով համայնքի ղեկավար ընտրելու իշխանության նախաձեռնությանը «Ապրելու երկիրը» չի մասնակցի, ասում է խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Թեև երկու հոգանոց խմբակցությունն ավելի քան մեկ տարի մասնակցել է ավագանու արտահերթ նիստերին ու համայնքի ժամանակավոր իշխանությանը հնարավորություն տվել քվորում ապահովել տարբեր որոշումներ ընդունելու համար, բայց խմբակցության ղեկավարը պնդում է՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստին չեն գնա, քանի որ համարում են, որ Վանաձորում ստեղծված իրավիճակում միակ ելքը ավագանու արտահերթ ընտրություններն են։

«Ամենապարզ, ամենակարճ և ամենակարևորը ազնիվ ճանապարհը նոր ընտրություններն են, քանի որ չեն աշխատում մանդատները, մենք պետք է գնանք նոր ընտրության, և նորից ով ցանկանում է՝ ժողովրդից խնդրի այդ պաշտոնը, մանդատը», - «Ազատության»-ն ասաց նա։

Մեկ ամսից Վարչական դատարանն ավագանու վրա դրված արգելանքը հանելու հարցով նիստ է նշանակել։ Եթե դարձյալ նախկինի նման դատարանը չհետաձգի, և ի վերջո հանվի արգելանքը, 21-ին ընտրված ավագանին ընտրություններից ավելի քանի երկու տարի անց պետք է համայնքի ղեկավար ընտրի։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը, որ անհնար է համարում իրենց մասնակցությունը համայնքի ղեկավարի հնարավոր ընտրություններին, ասում է՝ մասնակցել են նիստերին՝ կենսական նշանակության որոշումներին աջակցելու համար, մինչդեռ այս կազմով ղեկավար ընտրելուն ոչ մի դեպքում չեն մասնակցի։

Արդյո՞ք «Ապրելու երկրի» բոյկոտի դեպքում կտապալվեն պաշտոնակատար Փելեշյանին համայնքի ընտրովի ղեկավար դարձնելու իշխանության պլանները, թե՞ ընդդիմությունից նոր անդամներ կանցնեն իշխանության կողմը, ինչպես դա տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի երկու անդամներ դադարեցրին բոյկոտն ու սկսեցին մասնակցել ավագանու արտահերթ նիստերին՝ հնարավորություն տալով փոքրամասնություն ունեցող իշխանական «Քաղաքացիական պայմանագրին» քվորում ապահովել ու նիստեր անցկացնել առանց ընտրված համայնքապետի։ Շուրջ երկու տարի համայնքը ղեկավարում է վարչապետի նշանակած պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։

«Ասլանյան» դաշինքից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Թիմակիցների բոյկոտին չմիացած Գայանե Քալանթարյանը հրաժարվեց հարցազրույցից։ Ասաց՝ դեռ որոշում չունի՝ իշխանականների հետ կգնա համայնքապետի քվեարկության, թե ոչ։

ՔՊ-ի նիստին ներկա է եղել նաև Փելեշյանը

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի կառույցը, որ գլխավորում է Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, նիստ էր անցկացրել, որին ներկա է եղել նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ Տեղի ունեցածի մասին առանց մանրամասների լուսանկարներ էին հրապարակել։

Քաղաքական հարց չի քննարկվել. նախկին մարզպետ

Ինչո՞ւ էր Փելեշյանը մասնակցում կուսակցական ժողովին, եթե «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ, արդյո՞ք կուսակցությունը քննարկել է նրա թեկնածության հարցը՝ նախկին մարզպետ, կուսակցության տեղի կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը չի բացահայտում։ Նա նախկինում երբեք չի բացառել, որ հենց ներկայիս պաշտոնակատար Փելեշյանը կլինի իրենց թեկնածուն առաջիկա հնարավոր ընտրություններին։ Նախկին մարզպետն «Ազատության»-ն ասաց՝ համայնքի խնդիրներն են քննարկել։ Թե ինչու է արդեն պաշտոնաթող մարզպետը ոչ իր կուսակից համայնքապետի պաշտոնակատարի հետ աղբահանության ու համայնքին վերաբերող այլ հարցեր քննարկել, ասաց. - «Վստահեցնում եմ, որ քաղաքական հարց չի քննարկվել, տնտեսական, կենցաղային հարցեր են քննարկվել՝ աղբահանության հետ կապված, լուսավորության, մանկապարտեզների սուբվենցիաների»։

Հարցին՝ չլինելով մարզպետ՝ շարունակո՞ւմ է հանձնարարություններ տալ, Արամ Խաչատրյանն արձագանքեց. - «Ես հանձնարարություն չեմ տվել, և այդ հարցը ես չեմ բարձրացրել, ավագանու անդամներն են բարձրացրել։

Օրինակ՝ աղբահանության հետ կապված կան արկղեր, որտեղ դեռ հին արկղերն են աղբի, և քաղաքապետի հետ քննարկեցինք, ասաց, որ դրանք էլ պետք է փոխվեն ժամանակի ընթացքում»։

Եթե ապրիլին համայնքապետ ընտրելու հնարավոր նիստը տապալվի, Վանաձորը կգնա արտահերթ ընտրությունների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG