Մատչելիության հղումներ

«Ով մեզ խանգարում է՝ ուզում է էս քաղաքի վատը». Փելեշյանը չի ընդունում Վանաձորի կառավարման մասին քննադատությունները


Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հակադարձում է բոլոր քննադատություններին, թե համայնքում տեղական ինքնակառավարումը տապալված է։ Արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը երեկ էր դատից առաջ «Ազատությանն» ասել, թե արհեստական խոչընդոտներ են ստեղծվում։

Արդեն երկու տարի Վանաձորն ընտրովի ղեկավար չունի, ժամանակավոր պաշտոնակատարները համայնքը կառավարում են առանց հաշվետու լինելու։ Փելեշյանի պնդմամբ՝ մինչդեռ, ընտրված համայնքապետ ու լիարժեք գործող ավագանի չունենալու պայմաններում այստեղ ավելի շատ աշխատանք է կատարվել, քան անցած երեսուն տարիներին։

«Ինձ թվում է՝ բոլորդ էլ տեսնում եք՝ ինչ փոփոխություն կա մեր քաղաքում, փաստը փաստ է, որ էս քաղաքը նենց սարքվեց 23 թվականին, որ 30 տարում էսքան գործ չի արվել, մյուս տարի 2 անգամ ավելի պիտի անենք, Վանաձորը պիտի ծաղկի և վերջ, դուք էս կողմ, էն կողմ մի ընկեք։ Ով մեզ խանգարում է՝ ուզում է միանշանակ էս քաղաքի վատը», - ասաց նա։

Ինչո՞ւ չէր հաջողվել Վանաձորում մեծ փոփոխությունների հասնել տարիներ առաջ, երբ ինքը՝ Փելեշյանը, համայնքապետ Մամիկոն Ասլանյանի թիմում էր աշխատում, նրա տեղակալն էր։ Ասաց՝ կոալիցիան դեռ չի նշանակում, թե Ասլանյանի թիմում է եղել։ Տեղակալն էր, բայց տարբեր ճամբարներում են եղել։

«Ես իրենց հետ մի թիմակից չեմ եղել նախ, ես իրենց հետ կոալիցիա եմ կազմել։ Ես իմ քաղաքի համար եմ աշխատել տեղակալ ժամանակս էլ, քաղաքապետ ժամանակս էլ», - պնդեց նա։

Այսօր տեղի ունեցավ ավագանու այս տարվա ընդամենը երկրորդ նիստը։ Համայնքի հաջորդ տարվա բյուջեն այս անգամ էլ հաստատվեց ժամանակավոր ղեկավարների օրոք։ Օրակարգ բերված 40 հարցերն ընդունվեցին գրեթե առանց քննարկումների կամ առարկության։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը սլաքներն ուղղում է ընդդիմության կողմը, որոնք բոյկոտում են նիստերը։ Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները երեկ ասել էին, թե չեն մասնակցի նիստերին, քանի դեռ իրենց թիմի ղեկավարն անազատության մեջ է։

«Թող գան, որ չեն գալիս, մենք ի՞նչ անենք, թող գան, քննարկեն, բոլորի մոտ դռները բաց են։ Որ իրենք չեն գալիս քննարկելու, Ձեզ թվո՞ւմ է՝ էս քաղաքը պիտի տուժի, էս քաղաքը դրանից ոչ մի անգամ չի տուժելու», - հայտարարեց նա։

Արկադի Փելեշյանին մեկուկես տարի առաջ համայնքապետի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքում կատարված փոփոխություններից հետո։ Նա այսօր խոսում էր նաև հաջորդ տարվա ենթադրյալ ձեռքբերումներից՝ վստահ, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել, ու համայնքում նոր փոփոխություններ են տեղի ունենալու հենց իր օրոք։ Չարձագանքեց համայնքի ղեկավարի ընտրության հնարավորության մասին հարցին, թեև դեռ մեկ ամիս առաջ դատարանները վերջնական համարեցին 2021-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն, ու պետք է որ ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպելու հնարավորություն ստանար։

«Ի՞նչ պիտի նախաձեռնեմ, ես հո դատավոր չեմ՝ նախաձեռնեմ…», - ասաց նա։

Տասն օր առաջ համայնքապետարանի երկու բաժիններում խուզարկություններ էին արել, մեծաքանակ փաստաթղթեր առգրավել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նոր քրեական գործի շրջանակներում։ «Ազատության» տեղեկություններով՝ իրավապահների կասկածները վերջին ամիսներին տեղի ունեցած գնումներին ու հավաքագրված եկամուտների յուրացումների փաստերով են։ Մինչդեռ համայնքապետի պաշտոնակատար Փելեշյանն այսօր հստակ պատասխաններ չտվեց, ասաց՝ համայնքապետարանում յուրացումներ շատ են եղել, բայց ինքը ոչ մասնակցել, այլ բացահայտել է. - «35 միլիոնի չարաշահում էլ է եղել, 39 միլիոնի էլ։ Իմ ղեկավարման տարիներին 35 միլիոնի չարաշահում էլ է բացահայտվել, 39-ի էլ է բացահայտվել, 35 միլիոնը արդեն իսկ վերականգնված է…Հակակառուպցիոն կոմիտեի կողմից, Հակակոռուպցիոնն այստեղ անընդհատ գալիս էլ, գնում էլ է»։

Մինչդեռ, այսօրվա ավագանու արտահերթ նիստում իրավապահների կասկածների մասին որևէ հայտարարություն չարվեց, փոխարենը ավագանին որոշեց՝ հունվարի 1-ից եկամուտների հավաքագրման և առևտրի ու տրանսպորտի բաժինների աշխատակիցներին պարգևատրել յուրաքանչյուր եռամսյակ՝ հարկերը բարձր տոկոսով հավաքագրելու դեպքում։

XS
SM
MD
LG