Տարօրինակ պատասխաններով արդեն երկու ամիս Վճռաբեկ դատարանը հետաձգում է Վանաձորի ավագանուն վերաբերող վճռի հրապարակումը։ Դատալեքս տեղեկատվական համակարգում նշված է, որ դեռ հունիսի 20-ին էր լինելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հանգուցալուծումը։
Այդ վճռով ի վերջո պարզ կդառնար՝ մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքները վիճելի են, թե՞ դրանք կարող են վերջնական համարվել։ Վճռի հրապարակման դեպքում ավագանու վրա դրված արգելքը կվերացվի, ու կիսատ-պռատ գործող ավագանին նիստեր անցկացնելու հնարավորություն կունենա։ Բայց հունիսի 20-ին սպասված վճիռը չէր հրապարակվել։ Վճռաբեկը պատճառաբանում էր, թե Դատալեքս տեղեկատվական համակարգը չի աշխատում, տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանում վճիռներ հրապարակել։
Մինչդեռ նույն ընթացքում Վճռաբեկ դատարանն այլ գործերին վերաբերող վճիռներ էր կայացնում ու հրապարակում իրենց կայքէջում։ Այդպես էլ պարզ չեղավ՝ ինչո՞ւ չհրապարակվեց Վանաձորի համար վճռորոշ այս դատական ակտը։ Երկու շաբաթ անց արդեն դատական բարձրագույն ատյանից հայտնեցին, թե Դատալեքսի տեխնիկական խնդիրները վերացվել են, բայց հիմա էլ դատավոր Քրիստինե Մկոյանն էր արձակուրդ գնացել։ Վերադառնա՝ վճիռը կհրապարակեն, խոստացան դատարանից։
Այժմ Մկոյանն արձակուրդից վերադարձել է, բայց հիմա էլ հայտնում են, թե մյուս դատավորներն են արձակուրդ գնացել։
Օգոստոսի առաջին կեսին Վճռաբեկ դատարանը 7 որոշում է կայացրել։ Դատարանից այդպես էլ չեն մեկնաբանում՝ ինչո՞ւ մյուս դատական գործերի դեպքում դժվարություններ չեն առաջանում, մինչդեռ Վանաձորի ավագանուն գործունեության իրավունք տվող վճիռն անընդհատ հետաձգվում է։
Ավելի քան մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ու իր թիմը համարում են, որ աշխատելու համար իրենց կաշկանդող ոչինչ չկա։ Ավելի վաղ, մարզպետ Արամ Խաչատրյանը նորմալ էր համարել ստեղծված իրավիճակն ու դրական գնահատել Վանաձորի ժամանակավոր իշխանության աշխատանքը։
Ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամները լուռ են, հայտարարություններ չեն անում։ Խմբակցության պատասխանատուներն «Ազատության» զանգերին այսօր չպատասխանեցին։
Ավագանիում ընդամենը երկու մանդատ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը, մինչդեռ, հակադարձում է իշխանություններին: Փողոցներն ասֆալտապատելը դեռ աշխատանք չէ, ասում է՝ ընդդիմադիր գործիչը։
«Ես այստեղ աշխատանք չեմ տեսնում, մեծ հաշվով, ո՞վ է աշխատում, պաշտոնակատարները, ինչի՞ հիման վրա են աշխատում: Ասֆալտ են փռո՞ւմ, չէ՞ որ քաղաքապետարանի աշխատանքն ասֆալտ փռելը չի, քաղաքապետարանի աշխատանքը քաղաքապետարանի շենքի առողջ աշխատանքն է ու ամենակարևոր մարմնի՝ ավագանու կայացմամբ», - ասաց Ալավերդյանը:
2021-ի դեկտեմբերին Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստանը» որևէ մանդատ չէր ստացել։ Կուսակցությունը, որ Վանաձորում ամենամեծ ընդդիմադիր ուժն էր, զրկվել էր ավագանիում ունեցած տեղերից։ Դիմել էր դատարան՝ համոզված, թե ընտրությունների արդյունքներով առնվազն մեկ մանդատ պետք է ունենար։ Դատարանը մերժել էր հայցը՝ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողել։
Հենց այդ բողոքարկման գործընթացն է, որ ձգձգվում է արդեն մեկուկես տարի։ Ու քանի դեռ դատարաններն ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում չունեն, Վանաձորի ավագանին դատարանի մեկ այլ որոշմամբ, արգելանքի տակ է՝ հերթական նիստեր գումարելու իրավունք չունի։ Մինչդեռ իշխանություններին հաջողվել է երկու արտահերթ նիստ գումարել՝ ընդդիմադիր անդամներից երկուսի բոյկոտը դադարեցնելու արդյունքում։
Անհայտ է՝ անվերջ թվացող այս անորոշությունը որքան կձգվի։ Իսկ Երևանում դեռ դատում են նախկին համայնքապետ, 2021-ի ընտրություններում ամենաշատ թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանին։ Նա բանտում է, բայց նաև չի հրաժարվում մանդատից ու նիստեր անցկացնելու իրավունքից հետո նրա թիմն, ըստ էության, հնարավորություն ունի առաջադրելու Ասլանյանի թեկնածությունը՝ ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելիս։