Մատչելիության հղումներ

«Վանաձորի ավագանին օրենք է խախտել». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կդիմի իրավասու մարմիններին


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համարել է, որ Վանաձորի ավագանին օրենք է խախտել, շահերի բախմամբ որոշում ընդունել ու կդիմի իրավասու մարմիններին՝ օրենքին հակասող որոշումը վերացնելու առաջարկով։ Այս մասին հանձնաժողովից հայտնել են «Ուղղակի ժողովրդավարություն» իրավապաշտպանական կազմակերպությանը, որը, վկայաբերելով «Ազատության» երեք ամիս առաջ հրապարակած ռեպորտաժում տեղ գտած փաստերը, համայնքապետարանին ու ավագանուն մեղադրել է կոռուպցիայի և ապօրինության մեջ։

«Մեր պատկերացմամբ՝ այստեղ կան առնվազն մի քանի դրվագներ, որոնց շուրջ պետք է հարուցվի քրեական գործ», - ասում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։

Անցած տարեվերջին ավագանին թույլատրել էր, որ ընդդիմադիր անդամներից մեկի՝ Սեյրան Ղամբարյանի դստերը պատկանող տարածքը փոխանակվի ավելի թանկ կադաստրային արժեք ունեցող մեկ այլ տարածքով։ Վանաձորի մուտքի մոտ՝ մայրուղուն կից նախկին 630 քառակուսի մետրի համար, ըստ փաստաթղթերի, Ղամբարյանները համայնքին վճարել են մեկ միլիոն 200 հազար դրամ։ Մինչդեռ, Վանաձորի բուսաբանական այգուն հարակից նոր տարածքը, որ հանգստի գոտի է համարվում, մեկուկես միլիոն դրամով թանկ է, ինչն ավագանու որոշման մեջ չեն արձանագրել, ու Ղամբարյաններն էլ հավելյալ վճարումներ չեն արել։

Որոշման կայացմանը մասնակցել ու անձամբ քվեարկել էր ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը, որ մինչ այդ իր կուսակիցների հետ բոյկոտում էր նիստերը, մինչդեռ անցած տարեվերջին՝ մեկ տարվա ձախողումներից հետո, Վանաձորի ժամանակավոր իշխանության հրավիրած նիստին ներկայացավ ու նպաստեց, որ քվորում լինի, նիստ կայանա։

Ընդդիմադիր խմբակցության անդամն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ քվեարկել է դստեր հողատարածքի օգտին, քանի որ իր մեկ ձայնն էական չէր. որոշումը կընդունվեր՝ անկախ նրանից ինքը կմասնակցե՞ր, թե՞ ոչ. - «Դա ոչ մի օրենքի խախտում էլ չի, իմ քվեարկությունը ոչ մի էական նշանակություն չի ունեցել որոշման համար»։

Իրավապաշտպան կազմակերպությունն անցած ամիսներին դիմել է համայնքապետարան, մարզպետարան ու դատախազություն, պնդելով, որ այստեղ շահերի բախում կա՝ Նելլի Ղամբարյանն արտոնություն է ստացել հոր քվեարկության արդյունքում, ինչն արգելում է օրենքը։ Բայց ապարդյուն. բոլոր կառույցներն անհետևանք են թողել իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի դիմումները։ Ըստ նրա՝ իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերել։

«Իհարկե, ամբողջ այս գործընթացն արդյունք չստացավ, բայց այստեղ ստացվում է, որ համայնքի շահերին է հակասում դա, և համայնքի բալանսից դուրս է գալիս մի հող, որի կադաստրային արժեքը միայն շատ ավելի բարձր է, քան այն տարածքը, որով փոխարինում են», - նկատում է նա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավապաշտպանական կազմակերպությանն ուղղված պատասխանի մեջ նշել է, որ «համայնքի ավագանու անդամի շահերի բախման իրավիճակները քննելու և լուծելու լիազորություն չունի», միաժամանակ տեղեկացրել, թե կդիմեն իրավասու մարմնին, տվյալ դեպքում՝ Լոռու մարզպետարան՝ Վանաձորի ավագանիում շահերի բախման իրավիճակը վերացնելու առաջարկությամբ։

«Համայնքի ավագանու անդամները պարտավոր են չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների շահերին։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է արձանագրել, որ Սեյրան Ղամբարյանի կողմից ավագանու՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման քվեարկությանը մասնակցելը, քվեարկելը և հնարավոր շահերի բախման մասին չհայտնելը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է», - նշել են կառույցից։

ՏԻՄ օրենքով մարզպետարանը կարող է իր հերթին դիմել համայնքի ղեկավարին ու ավագանուն։ Եթե նրանք մեկ ամսվա ընթացքում չեն փոփոխում կամ վերացնում ապօրինի որոշումը, վերահսկողություն իրականացնող մարմինը կարող է դիմել դատարան՝ որոշումն անվավեր համարելու պահանջով։ Մարզպետարանում դեռ դիրքորոշում չեն հայտնում, քանի դեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից առաջարկ չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG