Մատչելիության հղումներ

«Բոլոր միջոցներով Վանաձորում խոչընդոտվել է տեղական ինքնակառավարման մարմինների տրամաբանությունը». Մամիկոն Ասլանյան


«Բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Վանաձորում խոչընդոտվել և ասպատակվել է տեղական ինքնակառավարման մարմինների տրամաբանությունը», - այսօր դատարանում հայտարարեց արդեն երկու տարի բանտում գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Վանաձորը վառ օրինակ է, որպեսզի կարողանանք արձանագրել, որ Հայաստանում ընդհանրապես թե՛ տեղական, թե՛ ընդհանուր ժողովրդավարական ինստիտուտները հավասարված են 0-ի, եթե ոչ ավելի ցածր, երևի մետրոյի կայարանի աստիճանի իջած մակարդակի են», - նշեց Ասլանյանը:

Հերթական նիստի ընթացքում Ասլանյանը կարճ պատասխանեց «Ազատության» հարցերին, նշեց, որ կալանքի պայմաններում իրեն չի հետաքրքրում՝ արդյո՞ք Վանաձորի ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն կկազմակերպի, թե՝ ոչ, չնայած ինքը ավագանու 33 անդամներից մեկն է ու անազատության մեջ եղած երկու տարիներին վայր չի դրել մանդատը։

«Միտք էլ չունեմ նույնիսկ հետաքրքրվելու: Ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում այդ պրոցեսը», - ընդգծեց նա:

Ընտրություններին հետևած դատական երկար գործընթացների պատճառով Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն անցած տարվանից ժամանակավոր կառավարիչներն են ղեկավարում։ Ու թեև դեռ մեկ ամիս առաջ դատարաններն ավարտել են 2021-ի ընտրությունների արդյունքների վիճարկման մասին դատաքննություններն, ու ենթադրվում էր, որ ավագանու նկատմամբ դրված արգելանքն արդեն պետք է վերացված համարվեր, բայց ոչ համայնքապետարանը, ոչ էլ ավագանու խմբակցությունները Վանաձորի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ չեն նախաձեռնում։

Մամիկոն Ասլանյանն ասաց՝ թող իրավիճակի պատասխանատուները ձեռնարկեն, ինքն ու իր խմբակցությունն այս հարցում շահագրգիռ չեն. - «Սրանք ընդամենը ինչ-որ խուսափողական խոչընդոտներ են կա՛մ նիստ չգումարելու, կա՛մ այդ պրոցեսներն անընդհատ էդ վիճակի մեջ ու քաղաքն անտերության մատնելու, անպատասխանատվության մատնելու, ոչ հաշվետվողականության մթնոլորտում քաղաք կառավարելու ու ղեկավարելու, հիմնականում դրանք են, կարծում եմ: Տենց ավելի հեշտ է, երբ որ դու ընտրողներին հաշվետու չես քո կատարած գործողությունների համար, պետք չի դրանց տալ օրենքի կամ իրավական տեսք»:

Համայնքի ղեկավարի ընտրության փոխարեն Վանաձորի ավագանին արտահերթ նիստով նախատեսում է վաղը հաջորդ տարվա բյուջեն, աշխատավարձերի չափերն ու աշխատանքային պլանը հաստատել, համայնքի հողերն ու տարածքներն աճուրդի հանելու, անգամ ուղիղ վաճառելու մասին որոշումներ ընդունել։ Ըստ էության, չգործող ավագանին Արդեն երկրորդ տարին, արտահերթ նիստով բյուջե է հաստատում՝ առանց ընդդիմության։

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Դավիթավյանը, որ այսօր ներկա էր դատավարությանը, ասաց՝ չեն մասնակցի։ Մեկ տարի առաջ «Ասլանյան» խմբակցության երկու անդամներ դադարեցրել են բոյկոտն ու միացել իշխանականների նախաձեռնություններին։ Հենց նրանց շնորհիվ էլ հնարավոր է լինում քվորում ապահովել ու արտահերթ նիստերով որոշումներ ընդունել։

«Վաղվա արտահերթ նիստին ես չեմ մասնակցելու և այն գործընկերները, որոնք կանգնած են մամիկոն Ասլանյանի կողքին, բնականաբար, չեն մասնակցելու նիստին», - ասաց Դավիթավյանը:

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարը, որ վերընտրվել էր անազատության պայմաններում, մեկ տարի առաջ հրաժարվեց մանդատից ու անմիջապես ազատ արձակվեց։ Արդյոք՞ նույնը կարող էր տեղի ունենալ Մամիկոն Ասլանյանի հետ։ Վերջինս հեգնանքով պատասխանեց այս հարցին, թե մի օր բռունցքը վայր կդնի մանդատի փոխարեն։

Մինչ նախկին համայնքապետը կանգնած է դատարանի առաջ համայնքային հողերն ապօրինի վաճառելու մեղադրանքով՝ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն նոր քրեական վարույթ է սկսել Վանաձորի համայնքապետարանում չարաշահումների ու յուրացումների կասկածներով: Մեղադրյալներ դեռ չկան, բայց աշխատասենյակներում խուզարկություններ են արել ու մեծաքանակ փաստաթղթեր են առգրավվել Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի, ինչպես նաև առևտրի և տրանսպորտի բաժիններից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG