Մատչելիության հղումներ

Թրամփի մրցակից Հեյլին նախնական ընտրություններում առաջին հաղթանակն է տարել Կոլումբիայի շրջանում


Նիկի Հեյլի, Դոնալդ Թրամփ, արխիվ
Նիկի Հեյլի, Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու դառնալու համար պայքարող Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Նիկի Հեյլին իր առաջին հաղթանակն է տարել Կոլումբիայի շրջանում՝ ներկուսակցական ընտրություններում, հաղորդում է The New York Times-ը։

Associated Press-ի տվյալներով՝ Հեյլին ստացել է ձայների 62,8 տոկոսը, Թրամփը՝ 33,3 տոկոսը։

Մինչ այս Նիկի Հեյլին հանրապետականների փրայմերիներում հաղթել էր միայն Նևադայում։

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեյլին Թրամփի սուր քննադատներից է։ Նա հանդես է գալիս Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացման օգտին, մինչդեռ Թրամփը խուսափում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատելուց և պնդում, որ ընտրվելու դեպքում 24 ժամում վերջ կտա ռուս-ուկրաինական պատերազմին:

Անցած շաբաթ Միչիգանում Թրամփը հինգերորդ նախնական հաղթանակը տարավ։ Ըստ դիտորդների՝ սա հաստատում է նրա՝ Հանրապետականի թեկնածուն լինելու անվիճելի կարգավիճակը։

Դիտորդները չեն բացառում, որ Նիկի Հեյլին հրաժարվի պայքարից, եթե նրա համար «սուպեր երեքշաբթի»-ն անհաջող լինի․ մարտի 5-ին ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն ԱՄՆ-ի միանգամից 15 նահանգներում։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերին։

XS
SM
MD
LG