Մատչելիության հղումներ

Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ Լավրով


Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս, Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությանն այլընտրանք չկա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։

«Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության անհաջող արդյունքների հետևանքով վերջին ամիսներին Երևանից կշտամբանքներ են հնչում Մոսկվայի հասցեին», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով․ - «Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում <...> և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»։

Անդրադառնալով «ռուսականին, այսպես ասած, այլընտրանք» արևմտյան տարբեր հարթակներում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով բանակցություններին՝ Լավրովն ասել է, որ տպավորությունների մասին է հետաքրքրվել ադրբեջանցի գործընկերոջից, սակայն գերադասում է պատասխանը չհրապարակել։

Ըստ Լավրովի՝ Բաքվում իրեն ասել են, որ պատրաստ են խնդիրները լուծել եռակողմ համաձայնությունների շրջանակներում։ «Առաջընթացը [կարգավորման հարցում], իմ կարծիքով, կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։

«Ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ»

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։

«Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում», - նշել է Լավրովը։

Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատել էր ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Մոսկվան իր հերթին Երևանից պարզաբանումներ էր պահանջել, միևնույն ժամանկ նշելով, որ պաշտոնական գրություն անդամակցության սառեցման մասին չեն ստացել։

«Չեմ կարող հաստատել այս տեղեկությունը»․ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու մասին

Մեկնաբանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե լավ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ Լավրովն այսօր ասել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը։

«Չեմ կարող հաստատել այդ տեղեկությունները, թեև դրանք ևս տեղավորվում են հայկական ղեկավարության կողմից հնչող հայտարարությունների տրամաբանության շրջանակներում։ Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ ԱԺ նախագահը և մյուսները հայտարարում են, որ ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր, սխալմունք է։ Այս տրամաբանության մեջ են նաև հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, որ 2020-ի սեպտեմբերին հենց Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, ինչպես նաև Ռուսաստանի մեղավորության մասին այլ հայտարարություններ, այդ թվում՝ դավաճանություն Ղարաբաղի ազգաբնակչության նկատմամաբ», - հայտարարել է Լավրովը՝ դրանք սուտ որակելով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG