Մատչելիության հղումներ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում, France 24-ի հետ զրույցում, հայտարարել է, թե Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։

«Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», - ֆրանսիական լրատվամիջոցին ասել է Փաշինյանը:

Վարչապետը մանրամասնել է, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի պաշտոնական հայտարարություններում նկատի է առնվում, որ Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական է: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»:

«Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին»

Պատասխանելով ՀԱՊԿ-ը լքելու մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ռազմական այդ դաշինքին։

«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այդ հետևանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերևա», - հայտարարել է Փաշինյանը:

Հարցազրույցում վարչապետը նաև քննադատել է Ռուսաստանի իշխանություններին։

«2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ Կառավարությունը: Ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - ասել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG