Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները «ժամանակավոր բնույթ են կրում»
Հայ-ռուսական հարաբերություններում այսօր առկա տարաձայնությունները այն մի քանի թեմաներից էին, որոնց շուրջ մանրամասն խոսել է ՏԱՍՍ պետական գործալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն:
Լավրովը հավելել է․ - «Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք հնարավոր չէ հաղթահարել արևմտյան խաղացողների օգնությամբ»:
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ամբողջ Հարավային Կովկասին, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային, պնդել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Միակ ելքը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է»
Լավրովի հավաստմամբ՝ այն բարդ իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանը, միակ ելքը Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել, թե այդ եռակողմ համաձայնագրերի հատկապես որ կետերի մասին է խոսքը, սակայն ամիսներ շարունակ Մոսկվան հատկապես առանձնացնում էր տրանսպորտային հաղորդակցությունները բացելու կետը, պնդելով, թե Մոսկվան, Բաքուն և Երևանը դեռևս 2020 թվականին պայմանավորվել են, որ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Հայաստանի իշխանությունները սրան հակադարձել են՝ նման պայմանավորվածություն չի եղել։
Երկու օր առաջ շուրջ յոթ ամիս դադարից և Արցախի հայաթափումից հետո առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակում զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ «ոտքի վրա շփում», - ընդգծում են Մոսկվայում։ Այդուամենայնիվ, այդ ոչ պաշտոնական շփումներից հետո Մոսկվան ու ռուսական մամուլը հայտնեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են առաջիկայում ստորագրել խաղաղության պայմանագիր։
Ում միջնորդությամբ են պատրաստվում շարունակել բանակցությունները՝ Երևանն ու Բաքուն չեն հայտարարում: Մոսկվան ասում է, թե միակ ճիշտ ճանապարհը իր միջնորդությունն է, և ընդհանրապես զգուշացնում է Երևանին Արևմուտքի, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից:
«Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի», - ասել է Սերգեյ Լավրովը:
«Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը»
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը և Մոսկվայի հետ դաշինքը փոխանակում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ ինչ-որ լղոզված խոստումների հետ։
Ավելին՝ Լավրովը հարցազրույցում հայտարարել է, թե Երևանը Մոսկվային է մեղադրում Ղարաբաղի կորստի մեջ ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար։ Մինչդեռ Ռուսաստանի ռազմական ներկայությունն է Հարավային Կովկասում խաղաղության ապահովման առանցքային տարրը, պնդում է Ռուսաստան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները «վնասակար են»
«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում: Այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա», - ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը, ինչպես և պաշտոնական Մոսկվան ընդհանրապես, պնդում է՝ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։
Սակայն չնայած վերջին ամիսների կոշտ քննադատությանը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս չի գալիս, իսկ երկու օր առաջ էլ ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: