Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է ընդունել երեք սկզբունքներն ընդունող երկրի կամ կառույցի միջնորդությունը. վարչապետ


Այն երկրները, որոնք ընդունում են հայ-ադրբեջանական բանակցություններում հայտնի երեք սկզբունքները, Հայաստանը կարող է տվյալ երկրի կամ կառույցի միջնորդությունն ընդունել, խորհրդարանում հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադարձավ Հայաստան - ՀԱՊԿ խնդիրների համատեքստում:

Հիշեցրեց այդ սկզբունքներն են՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այդ հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմք, կոմունիկացիաները պետք է գործեն համաձայն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության փոխադարձության սկզբունքներով: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ուղիղ չասաց՝ արդյոք խոսքը ռուսական կողմին է վերաբերում:

Մոսկվան պարբերաբար առաջարկում է Երևանին և Բաքվին այնտեղ բանակցություններ անցկացնել, Ադրբեջանն առաջարկն ընդունում է, հայկական կողմը՝ այն թողնում անպատասխան:

«Ինչո՞ւ ենք համաձայնել, որ հանդիպումը տեղի ունենա Գերմանիայում, որովհետև Գերմանիան քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է երեք կարևոր սկզբունքների տակ», - նշեց Փաշինյանը:

Բեռլինում այսօր մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններ, որոնք կշարունակվեն նաև վաղը:

Նիկոլ Փաշինյանը ամբիոնից վստահեցրեց, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները հենց այդ սկզբունքների շուրջ են լինելու:

«Այսինքն՝ Բեռլինում այլ քաղաքական բովանդակություն չի կարող քննարկվել, մենք նաև դրա համար ենք համաձայնել, որ այդ քննարկումն այնտեղ տեղի ունենա: Եթե որևէ միջնորդ փորձելու այս շրջանակից գործընթացը դուրս բերել, մեզ համար դա ընդունելի չէ: Դա նշանակում է՝ միջնորդել ոչ թե խաղաղության, այլ խաղաղության ճարտարապետության փլուզման», - հավելեց կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG