Մատչելիության հղումներ

ՀՀ-ը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի. Պապիկյան


Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի, ՊՆ-ում ֆրանսիացի իր գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, ու այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, ու մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը», - նշեց Պապիկյանը:

Սեբաստիան Լըկորնյուն էլ խոսեց Հայաստանի գլխին կախված սպառնալիքներից։ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն առաջին անգամ է այցելում Հայաստան, պատվիրակության կազմում նաև ռազմարդյունաբերողներ կան։

Երեկ մեկնարկած պաշտոնական այս այցը անմիջապես հաջորդեց Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին Ֆրանսիա, որի կազմում նաև Սուրեն Պապիկյանն էր։

«Եթե Հայաստանը ՀՕՊ համակարգերի կարիքն ունենա, դրանք նույնպես կտրամադրվեն»

Ֆրանսիացի նախարարն ասաց՝ Հայաստանը երեկ երեկոյան արդեն ստացել է պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր են ստորագրել անցած տարի հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

«Երեկ երեկոյան Դուք արդեն ստացաք գիշերային տեսողության հեռադիտակների առաջին խմբաքանակը։ «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակ նույնպես կլինի։ Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար», - ասաց Լըկորնյուն։

Անդրադառնալով ՀՕՊ համակարգերի՝ կարճ, միջին ու այլ հեռահարության հրթիռներին՝ նախարարն ասաց՝ եթե Հայաստանը դրա կարիքն ունենա, դրանք նույնպես կտրամադրվեն։ Լըկորնյուն նաև տեղեկացրեց, որ Պապիկյանի հետ այսօր խոսել են, մասնավորապես, կարճ հեռահարության «Միստրալ» հրթիռների մասին։

«Քննարկում ունեցել ենք, որը հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանություն։ Երկրորդ շերտի պաշտպանության համար մենք առաջարկելու ենք միջին հեռահարության օդային պաշտպանություն։ Կա նաև վերջին շերտի պաշտպանություն, մասնավորապես, «Թալես» ռադարների մասին է խոսքը։ GM200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի։ Միակ ձևը, որ օդային պաշտպանությունը չկիրառվի այն է, որ ոչ մեկը ոչ մեկի վրա չհարձակվի», - հայտարարեց նախարարը՝ հակադարձելով թերևս քննադատություններին։

Իսկ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը կոշտ է արձագանքում, մասնավորապես, Ադրբեջանը՝ Փարիզին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։

«Մենք Ֆրանսիան են, մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն», - ընդգծեց ֆրանսիացի պաշտոնյան:

Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության. Պապիկյան

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը արդյոք չի հակասում հայ-ռուսական, նաև ՀԱՊԿ ռազմական դաշինքի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, արդյոք ստուգել են արևմտյան խիստ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տրամադրությունները։ Հարց հնչեց:

«Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ չէ: Երկրորդը, կարծում եմ, դա մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, մեր իրավունքն է համագործակցել Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, կարծում եմ, նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պիտի անեն ու մնացած մեր բոլոր գործընկերները, որովհետև Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության», - պատասխանեց Պապիկյանը:

Արդյոք նաև զենքի գնման ոլորտում է հայ-իրանական համագործակցությունը, Սուրեն Պապիկյանը չհստակեցրեց, փոխարենը հատուկ շեշտեց՝ Հայաստանը զենք իր համար է գնում, ոչ թե դաշնակիցների կամ գործընկերների։

Ասուլիսից առաջ երկու նախարարները պայմանագրեր ստորագրեցին, բայց ոչ դրանց, ոչ էլ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի ու ֆրանսիական ընկերության ներկայացուցչի ստորագրած փաստաթղթի մանրամասները չբացահայտվեցին։

Լըկորնյուն միայն հպանցիկ խոսեց զինվորականների վերապատրաստման փաստաթղթի մասին։ Ֆրանսիական ռազմական դպրոցներում, ասաց, կվերապատրաստվեն սպաներ ու ենթասպաներ։ Իսկ երեկ «Ֆիգարոն» գրել էր, թե ֆրանսիացիները նաև լեռնային մարտական պատրաստության եռափուլ դասընթացներ կանցկացնեն հայկական բանակում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG