Մատչելիության հղումներ

«Վերադարձրեք Ալեքսեյի մարմինը». Նավալնիի դին առնվազն երկու շաբաթ չի հանձնվի նրա հարազատներին


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան տեսաուղերձով է հանդես գալիս, Խարպ, 20-ը փետրվարի, 2024թ.
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան տեսաուղերձով է հանդես գալիս, Խարպ, 20-ը փետրվարի, 2024թ.

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրն այսօր դիմել է Ռուսաստանի նախագահ Պուտինին:

«Իմ հետևում «Բևեռային գայլ» գաղութն է, որտեղ փետրվարի 16-ին մահացել է որդիս՝ Ալեքսեյ Նավալնին։ Արդեն հինգերորդ օրն է՝ ես չեմ կարողանում տեսնել որդուս, ինձ չեն տալիս նրա մարմինը, ինձ նույնիսկ չեն ասում, թե որտեղ է նա: Ես դիմում եմ ձեզ, Վլադիմիր Պուտին։ Հարցի լուծումը միայն ձեզնից է կախված։ Հնարավորություն տվեք վերջապես տեսնեմ տղայիս։ Ես պահանջում եմ անհապաղ ինձ տալ Ալեքսեյի մարմինը, որ ես կարողանամ նրան մարդկային ձևով հուղարկավորել», - ասել է Լյուդմիլա Նավալնայան:

Ռուսաստանի նախագահը Նավալնիի մահվան հետ կապ չունի, Յուլիա Նավալնայայի երեկվա ուղերձն էլ չի տեսել, այսօր ասել է Պուտինի խոսնակը: «Դրանք ոչ այլ ինչ են, քան՝ անհիմն մեղադրանքներ։ Որովհետև դրանք ոչ մի բանով չեն հաստատվում», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես է մարդասպանի մամուլի քարտուղարը մեկնաբանում իմ խոսքերը», - Պեսկովին անմիջապես պատասխանել է Յուլիա Նավալնայան՝ հավելելով. - «Վերադարձրեք Ալեքսեյի մարմինը և թույլ տվեք նրան արժանապատվորեն հուղարկավորել, մի խանգարեք մարդկանց հրաժեշտ տալ նրան»։

Անձամբ Պուտինին ընդդիմադիր գործչի սպանության մեջ մեղադրում են թե՛ Նավալնիի ընտանիքն ու թիմակիցները, թե՛ արևմտյան առաջնորդները: Գլխավոր պատասխանատուն Պուտինն է, ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Եվրամիության երկրներն անպայման պատժամիջոցներ կառաջարկեն այն պատասխանատուի դեմ, ով դա արել է։ Մեծ պատասխանատուն ինքը Պուտինն է։ Կարելի է խոսել Ռուսաստանում քրեակատարողական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքի մասին ևս։ Բայց մի մոռացեք, թե ով է Նավալնիի մահվան իրական պատասխանատուն», - հայտարարել է Բորելը:

Բորելը, ով երեկ հանդիպել է Նավալնիի այրուն, պնդել է, որ Ռուսաստանը պետք է թույլ տա ընդդիմադիր գործչի մահվան միջազգային հետաքննությունը և ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին։ Հայտարարվել է նաև, որ Եվրամիության մարդու իրավունքների պատժամիջոցների ռեժիմն այսուհետ կկրի Նավալնիի անունը։

Տարբեր երկրներում ապրող ռուս գիտնականներն էլ համաշխարհային հանրությանը կոչ են արել հոգ տանել ռուսական բանտերում մնացած քաղբանտարկյալների մասին։

«Վարձատրություն կտտանքների համար»

Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին ծառայության գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրենի տեղակալ Վալերի Բոյարինևին։ Ընդ որում, հրամանագիրը ստորագրվել է փետրվարի 19-ին՝ բանտում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից երեք օր անց։

Նավալնիի թիմակից Իվան Ժդանովը Բոյարինևի առաջխաղացումն անվանել է «վարձատրություն կտտանքների համար»։ «Բոյարինովն անձամբ է վերահսկել Ալեքսեյ Նավալնիի խոշտանգումները բանտում», - գրել է Ժդանովը:

Հարազատներն առնվազն երկու շաբաթ չեն կարողանա տեսնել Նավալնիի մարմինը

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել է, թե ընդդիմադիր գործչի հարազատներն առնվազն երկու շաբաթ չեն կարողանա տեսնել նրա մարմինը:

«Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչները փաստաբաններին և Ալեքսեյ Նավալնիի մորը հայտնել են, որ գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիի մարմինն ուղարկվել է քիմիական փորձաքննության, որը կտևի 14 օր։ Մայրը չի կարողանա տեսնել որդու մարմինը», - ասել է Յարմիշը:

Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ Ալեքսեյ Նավալնին, ով գտնվում էր Հեռավոր Հյուսիսում՝ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների հատուկ ռեժիմի գաղութում, մահացել է փետրվարի 16-ի ցերեկը զբոսանքից հետո։ Մահվանից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկեցին սովորական խցերից ավելի խիստ պայմաններով պատժախուց:

Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Ընդդիմադիր գործչի կինը՝ Յուլիան, երեկ հայտարարեց, թե շարունակելու է ամուսնու գործը:

Յուլիան նաև հայտարարել է՝ ինքը և Նավալնիի թիմը գիտեն, թե ինչու է Պուտինը մի քանի օր առաջ որոշել սպանել Ալեքսեյին, և խոստացել է այդ մասին շուտով պատմել։

Ալեքսեյ Նավալնիի թիմակից, ութ տարվա ազատազրկման դատապարտված Իլյա Յաշինը կալանավայրից հայտարարել է, որ պետք չէ հանձնվել, և որ ավելի հեշտ կլինի դա անել Յուլիայի հետ, քան առանց Յուլիայի:

«Ալեքսեյը պատմության մեջ կմնա որպես բացառիկ խիզախ մարդ, ով առաջ գնաց այն բանի համար, ինչին հավատում էր։ Նա քայլում էր՝ արհամարհելով վախն ու մահը։ Նա քայլում էր ժպիտով և գլուխը բարձր: Եվ նա զոհվեց որպես հերոս: Պուտինը կմնա փոքր մարդ, ով պատահաբար հսկայական իշխանություն է ստացել: Մի կերպար, ով թաքնվում է բունկերում և միլիոնավոր մարդկանց դարձնում իր բարդույթների պատանդը», - նշել է Յաշինը:

Ռուսաստանյան դատարանները շարունակում են պատիժներ սահմանել Նավալնիի հիշատակին նվիրված ինքնաբուխ ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Սանկտ Պետերբուրգում միայն ձերբակալվել է 157 մարդ: Ամենաերկարատև պատիժը՝ 30 օր, տրվել է բառնաուլցի բանաստեղծ Արտեմ Սախարովին՝ նրան մեղադրել են հանրահավաք կազմակերպելու մեջ։

Մոսկվայում «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը, որն ավելի վաղ Բորիս Նադեժդինին առաջադրել էր որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու, մարտի 2-ին Բորիս Նեմցովի և Ալեքսեյ Նավալնիի հիշատակին երթի հայտ է ներկայացրել։ Կարտոնեն իշխանություններն այս երթը, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG