ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացել է արևմտյան առաջնորդներին և դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ասելով, որ նա է պատասխանատու բանտարկված ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։
«Նրա մահվան մասին հաղորդագրությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, իսկ ես հիմք չունեմ չհավատալու, Ռուսաստանի իշխանություններն իրենց վարկածը կպատմեն: Չսխալվեք... Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար»,- ասել է Բայդենը:
Բայդենը հրաժարվել է «սպանություն» որակել Նավալմիի մահը, նշելով, որ Սպիտակ տունը դեռ հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Նա՝ չմանրամասնելով, հավելել է, որ դիտարկում է պատասխան քայլերի մի շարք տարբերակներ:
ԱՄՆ նախագահը Նավալնիին անվանել է լիդեր, ով «խիզախորեն պայքարել է կոռուպցիայի, բռնության և այն բոլոր վատ երևույթների դեմ, որոնք հատուկ են Պուտինի ռեժիմին»:
Նա Նավալնիին նկարագրել է որպես քաղաքական գործչի, ով ուներ այն, ինչ Պուտինը չունի՝ համարձակություն, սկզբունքայնություն, ով երազել է կերտել Ռուսաստան, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ:
«Նավալնին հավատում էր այդ Ռուսաստանին: Նա գիտեր, որ սա այն գործն է, որի համար արժե պայքարել և կյանքը զոհաբերել»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքով, ողբերգությունը ստիպում է հիշել, թե ինչ է հիմա վճռվում Ուկրաինայում, և հորդորել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամներին ընդունել Կիևին 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը: