Ռուսական իրավապաշտպան "ОВД-Инфо" կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 401 հոգի։
Ձերբակալություններ են տեղի ունեցել 36 քաղաքներում։ Ամենաշատ ձերբակալվածները եղել են Սանկտ Պետերբուրգում՝ ավելի քան 200 մարդ, որոնցից 38-ը գիշերը մնացել են ոստիկանական բաժանմունքներում։
Ինչպես գրում է Mediazona-ն՝ Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությանը հղումով, բողոքի ակցիաներին մասնակցելու համար ձերբակալվել է 42 մարդ, որոնք դատապարտվել են մեկից վեց օր կալանքի։ Եվս ինը տուգանվել են։
Ավելի վաղ ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել էր չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին: