Մատչելիության հղումներ

«Դուք մեզ չեք վախեցնի»


Ռուսաստան - Շարքային մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ալեքսեյ Նավալնիի հիշատակին, Սանկտ Պետերբուրգ, 16-ը փետրվարի, 2024թ.
Ռուսաստան - Շարքային մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ալեքսեյ Նավալնիի հիշատակին, Սանկտ Պետերբուրգ, 16-ը փետրվարի, 2024թ.

Անկոտրում մնալու գինը կյանքն էր

«Դուք մեզ չեք վախեցնի, մենք մեծամասնություն ենք, այն տասնյակ միլիոնավոր մարդկանց, որոնց թալանել է այս իշխանությունը, չեք կարողանա ահաբեկել», - այս և նման ուղերձներ շատ հաճախ են հնչել Ալեքսեյ Նավալնիի հանրային ելույթներում, ինչպես նաև նրա գործով դատական նիստերում:

Նավալնիին Կրեմլի ռեժիմն իսկապես չկարողացավ վախեցնել, բայց անկոտրում մնալու գինը կյանքն էր:

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում գտնվող քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հայտնել է Նավալնիի մահվան մասին: Ըստ հաղորդագրության, թիվ 3 քրեակատարողական հիմնարկում զբոսանքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, նա ուշագնաց է եղել: «Անմիջապես ժամանել են շտապօգնութան բժիշկները, կատարել են վերակենդանացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն Նավալնիին փրկել չի հաջողվել», - ասվում է բանտի տարածած հաղորդագրությունում:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե դաշնային Քրեակատարողական ծառայությունը պետք է անցկացնի բոլոր ստուգումները, և դա լրացուցիչ հրահանգներ չի պահանջում: Պեսկովն ասել է, որ ինքը տեղեկություն չունի Նավալնիի մահվան պատճառների մասին, և դրանք պետք է բժիշկները պարզեն։

Ըստ անկախ փորձագետների կողմից չհաստատված տեղեկության, Նավալնին մահացել է թրոմբի (արյան մակարդուկի) պոկվելու հետևանքով:

27 անգամ դաժան բանտախուց ամենադաժան բանտում

Վերջին լուրը Նավալնիի մասին օրերս էր հաղորդվել, երբ հայտնի էր դարձել, որ Նավալնիին 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց: Նավալնին 2023 թվականի դեկտեմբերից պատիժը կրել է Յամալում՝ «Բևեռային գայլ» անվամբ խիստ ռեժիմի գաղութում:

Այնտեղ պայմանները հատկապես խիստ են՝ բանտարկյալին չեն տալիս անկողնային պարագաներ, արգելվում են տեսակցություններ, հեռախոսազրույցներ: Նա չի կարող դրսից հանձնուք ստանալ, զբոսնել կամ տեղական կրպակից որևէ բան գնել։ Նավալնիի աջակիցները դեռ անցած դեկտեմբերին են ասել, որ նրան Յամալ ուղարկելը հավասարազոր է մահապատժի:

2023 թվականի օգոստոսին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու և ֆինանսավորելու ու ծայրահեղական կոչեր հնչեցնելու համար:

«Ռեժիմի կողմից ծրագրված ողբերգություն»

Նավալնիի ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը բազմիցս է բացահայտել Պուտինի և նրա մերձավոր շրջապատի կոռուպցիոն գործերը: Նավալնին բազմիցս է խոսել Պուտինի ռեժիմի մասին, ահա նրա գնահատականներից մեկը.

«Դա գողերի մի ոհմակ է, որը 20 տարի թալանում է երկիրը: Նրանք ինձ ասել են, թե «մենք քեզ թունավորեցինք ու դու չմեռար, դու այդպես մեզ վիրավորեցիր, ուրեմն մենք քեզ բանտ կնետենք»»,- դատական նիստերից մեկում ասել է Նավալնին:

Փաստաբան Իվան Պավլովի համոզմամբ, Նավալնիի մահը ռեժիմի ծրագրած ողբերգություն է, և պատասխանատվությունն անձամբ Պուտինն է կրում:

«Նա ռեժիմի թիվ մեկ թշնամին էր, ռեժիմը չկարողացավ նրան կոտրել և սպանեց», - ասել է փաստաբան Պավլովը:

Նրա խոսքով, պայմանները քրեակատարողական հիմնարկում, հատկապես դրա պատժախցում հավասարազոր են կտտանքի, հնարավոր չէ վերապրել նման իրավիճակում:

«Սա վկայում է, թե ինչ կարգի պետության հետ գործ ունենք»

Այժմ ամբողջ աշխարհն է արձագանքում Նավալնիի մահվանը, որը լիդերները սպանություն են որակում:

«Շատ ողբերգական լուր է և վկայում է, թե որքան հեռուն կարող է գնալ Ռուսաստանի ռեժիմը սեփական ժողովրդի ձայնը լռեցնելու համար: Այն ցույց է տալիս նաև, թե ինչ կարգի պետության հետ մենք գործ ունենք», - Մյունխենում անվտանգության համաժողովում ասել է Լատվիայի արտգործնախարար Լրիսանիս Կարինսը:

Նավալնիի մտերիմներին և ռուս ժողովրդին ցավակցական հեռագրեր են հղել Բելգիայի, Բրիտանիայի, Շվեդիայի, Չեխիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և տասնյակ այլ երկրների ղեկավարները:

Պուտինի համակարգի թուլությունը և փտումը

«Ավելի քան մեկ տասնամյակ Ռուսաստանի կառավարությունը, Պուտինը հետապնդել, թունավորել և բանտարկել են Ալեքսեյ Նավալնիին: Եթե այս {Նավավալնիի մահվան մասին} տեղեկությունը ճիշտ է, ապա ցավակցում ենք նրա կնոջը, ընտանիքի հետ: Նրա մահը ռուսական բանտում ընդգծում է Պուտինի կառուցած համակարգի թուլությունն ու փտումը: Նրա մահվան համար պատասխանատու է Ռուսաստանը», - ասել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG