Մատչելիության հղումներ

Ազատի հրդեհի գործով առաջին անգամ ցուցմունք տվեց գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը


Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությանն այսօր առաջին անգամ ցուցմունք տվեց հինգ մեղադրյալներից գլխավորը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով ծագած հրդեհից անցած տարեսկզբին 15 զինծառայող զոհվեց։

«Հոսք տվեց միանգամից դեմքիս, էդ պահին ձեռքիցս ընկավ շիշը, աչքերս մի թեթև բացեցի, տեսա ձեռքերս վառվում են: Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, կրակը դեպի վերև է բարձրացել, դրսի դուռն է կպել միանգամից», - ասաց կապիտանը:

Սևանի դատարանում Հակոբյանը հաստատեց պաշտոնական վարկածը: Հայտարարեց՝ ինքն է մեղավոր հրդեհի համար: Ասաց, թե հրդեհի բռնկումից հետո ինքն ու այդ պահին գտնվող օրապահ Լևոն Խառատյանը բղավել են, որ ննջարանում գտնվող զինվորները դուրս գան, սակայն, պնդեց, թե արձագանք չի եղել: Ենթադրել է՝ զինվորները դուրս կգան, ինքն էլ դրա համար դուրս է եկել:

Հակոբյանը, որը ցուցմունք էր տալիս, բավականին հուզական վիճակում, նաև հերքեց, թե ինքը թմրանյութ է օգտագործել:

Ավելի վաղ էլ այսօր ցուցմունք էր տալիս գործով անցնող վկա Լևոն Խառատյանը: Նա պաշտպանական կողմի գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս՝ չի հիշում:

Հարցին՝ ինչո՞ւ իր ծառայակից 15 ընկերները չեն կարողացել դուրս գալ կացարանից, ասաց, թե չգիտի. այդ հարցն իրեն էլ է տանջում։ Այնինչ, նախաքննության ընթացքում ավելի մանրամասն էր նկարագրել հրդեհի օրը տեղի ունեցածը։

Տուժող կողմի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ հակասություններ կան Խառատյանի ցուցմունքում: Նախաքննության ընթացքում նա ավելի մանրամասն է ներկայացրել դեպքերը:

«Միջդատական վարույթի ընթացքում Լևոն Խառատյանը նույնիսկ ժամով է ֆիքսել, թե որ ժամին է քնից արթնացել: Երկրորդ հանգամանքը, որ կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել, Լևոն Խառատյանի կացարան մտնելու ու Եղիշե Հակոբյանին փաստացի տեսնելու ու այդ տեսարանը նկարագրելու հանգամանքով է պայմանավորված: Միջդատական ընթացքում ինքը բոլորովին այլ իրավիճակով է բնութագրել դեպքը, դատաքննության ընթացքում մի քանի անգամ այլ ձևով», - ասաց Նորիկյանը:

Պարզվեց նախաքննության ընթացքի ցուցմունքներն էլ են տարբեր: Օրինակ՝ Լևոն Խառատյանը մի դեպքում հայտարարել է, թե հրդեհից հետո հիվանդանոցում զրուցել է Եղիշե Հակոբյանի հետ, հետո՝ հերքել։

Դատարանում հարցաքննվեց նաև մյուս մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը: Նա ասաց՝ Եղիշե Հակոբյանից իմացել է, որ զինվորներից մեկի ծնողներն են կացարան եկել, ճաշել են: Տուժողների ներկայացուցիչը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ բան ասել է կապիտանը, որ այդ ընթացքում հնարավոր է թմրանյութ է օգտագործվել:

«Հաց ուտելուց հետո, շարունակությունը ինքը էլ չի իմացել՝ ինչ է եղել», - պատասխանեց Սարգսյանը:

Որդեկորույս ծնողները դժգոհ են նախաքննությունից, չնայած գործն արդեն մի քանի ամիս է դատարանում է, կարծում են, որ դատավարությամբ հնարավոր չէ պարզել իրականությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG