Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ի հրդեհից զոհված15 զինծառայողների ծնողերն այսօր վաղ առավոտյան փակել էին կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտան, այնուհետև Ամիրյան փողոցը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Մոտ երեք ժամ տևած ակցիայի ընթացքում կառավարությունից ոչ ոք ծնողների հետ չհանդիպեց։ Ավելի ուշ կառավարությունից տեղեկացրեցին, որ երկու ժամից նրանց հետ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը։
Զինծառայողների հարազաները երեք օր առաջ էլ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ կրկին նույն պահանջով։ Նրանք դժգոհ են քննության ընթացքից, ասում են՝ կորցրել են հավատը, որ ի վերջո կպարզվի, թե ինչպես բռնկվեց հրդեհը, ինչպես մոխրացան 15 զինվորները։
Հարազատներից մեծ մասի փաստաբան Նորայր Նորիկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք հանգամանքներ համակցելուց հետո ավելի շատ խնդիրներ են ջրի երես եկել․ - «Հրդեհը արդեն կարծեք թե երկրորդ արարն է, իսկ հրդեհից առաջ ի՞նչ է տեղի ունեցել։ Մենք չունենք էդ հարցի պատասխանը։ Ամբողջ խնդիրը սրանում է կայանում։ Շան գլուխը ստեղ է թաքնված»։
Այս քրեական գործով այժմ հինգ մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։