Մատչելիության հղումներ

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով գլխավոր մեղադրյալ կապիտանը կալանավորվել է


15 զինծառայողի կյանք խլած Ազատի հրդեհի գործով գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը կալանավորվել է, դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ եզրակացնելով, որ ազատության մեջ կապիտանը կխոչընդոտի գործի քննությանը։

Կապիտանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, սակայն, համաձայն չէ այս որոշման հետ. - «Խոչընդոտման մասին դիտարկել են, որ դեռևս հակասություններ կան և պետք է առերեսումներ կատարվեն Եղիշե Հակոբյանի և վարույթի մասնակից դարձած, գործով հարցաքննված վկաների հետո, որոնք համարվում են իր ծառայակիցները»:

Ողբերգական հրդեհից հետո ծանր վիճակով Այրվածքաբանական կենտրոն տեղափոխված կապիտանի առողջական վիճակը թեև կալանքի հետ անհամատեղելի չէ, բայց նա չպետք է կալանավորվեր, ընդգծեց փաստաբանը՝ հավելելով՝ քանի դեռ այս գործում կան հակասություններ, իսկ փորձաքննությունները դեռ ավարտված չեն, ասել, որ կապիտանի՝ վառարանը վառելու պատճառով բռնկված հրդեհն է եղել զինվորների ողբերգական մահվան պատճառ, սխալ է։

Կապիտան Հակոբյանը մեղադրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Նա ընդունել է, որ փորձել է թեժացնել զինվորական կացարանի փայտի վառարանը, ինչից հետո բռնկվել էր հրդեհը։ Ըստ փորձաքննությունների՝ զինվորների մահվան պատճառը հրդեհից գոյացած շմոլ գազ ու այրվածքային շոկն են։

Գիշերը կալանավորված Եղիշե Հակոբյանը մեղքն ընդունել-չընդունելու մասին դիրքորոշում չի հայտնել, սպասում է բոլոր փորձաքննությունների պատասխաններին։

«Մեկ ամիս առաջ Եղիշե Հակոբյանը գոնե ցուցմունք է տվել և իր ցուցմունքով հայտնել էր, որ նաև պատրաստակամ է համագործակցելու վարույթն իրականացնող մարմնի հետ՝ բացահայտելու համար գործի հանգամանքները», - նշեց փաստաբանը:

Մահացած զինվորների ծնողների փաստաբան Նորիկ Նորիկյանի կարծիքով՝ քանի դեռ բոլոր հանգամանքները բացահայտված չեն, կալանքի որոշումը իրավաչափ է։

Այս գործով 5 մեղադրյալ կա, կալանքի տակ են միայն երեքը՝ Հակոբյանից բացի, կոմունալ շահագործման բաժնի պետն ու զորամասի թիկունքի գծով տեղակալը։

«Էս գործով ցանկացած ոք, ով մեղադրյալ է, ով շահագրգիռ սուբյեկտ է, ով կարող է շահագրգիռ չլինի գործի իրական հանգամանքներին, դրա բացահայտմանը, ով հնարավոր է, որ որոշակի ձևով առնչվում է այդ գործին, կարող է ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ գործի հանգամանքների վրա և հանդիսանալ խոչընդոտ», - ընդգծեց Նորիկյանը:

Թե՛ տուժողների փաստաբան Նորիկյանին և թե՛ կապիտանին ու նրա պաշտպանին էլ ավելի են խճճել վերջերս ստացված 15 զինծառայողներից 8-ի դատաբժշկական փորձաքննության պատասխանները։ Փաստաբանները պնդում են, եթե զինվորները մահացել են շմոլ գազի թունավորումից, ապա ինչպե՞ս չեն թունավորվել ողջ մնացածները։ Օրինակ՝ հենց նույն օրն արված փորձաքննությունը ցույց է տվել, որ Եղիշե Հակոբյանի մոտ շմոլ գազից թունավորում չի արձանագրվել։ Փաստաբան Նորիկյանը հարցնում է՝ ինչպե՞ս կարող էր թունավոր այդ գազը նույն տարածքում մահվան պատճառ դառնալ քնած զինվորների մոտ, իսկ ողջ մնացածներն անգամ չթունավորվեին՝ սա այս ողբերգության գլխավոր հակասությունն է։

«Ստացել ենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, այդ թվում՝ կապիտանի, Գարուշի, Լևոնի, նրանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ շմոլ գազի վերաբերյալ որևէ նկատառում առկա չէ», - ասաց փաստաբանը:

Հարցերը շատ են, իսկ գլխավոր հարցերից մեկն էլ սա է՝ հրդեհի բռնկումից հետո կապիտանը դեռ 15 րոպե ներսում է եղել, ձայնել է, որ զինվորներն արթնանան, բայց նրանք այդպես էլ մնացել են պառկած։ Կապիտանի փաստաբան Սարգսյանն անգամ կասկածում է, որ զինվորները քնած են եղել։

«Ես չգիտեմ՝ քնած են եղել, թե քնած չեն եղել: Խնդիրը նրանում է, որ քնած կարող էին լինել 1-2-ը... արդյո՞ք սա ողջամտորեն կասկած չի հարուցում առ այն, որ այդ մարդիկ ի վիճակի չեն եղել դուրս գալու», - ընդգծեց Սարգսյանը:

Կապիտանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը պնդում է՝ իր պաշտպանյալն էլ է ուզում, որ բացահայտվի այս գործը։

Դատարանը հիմնավոր է համարել կասկածները, որ կապիտանը կատարել է իրեն վերագրվող արարքը, որի պատճառով էլ, ըստ պաշտոնական վարկածի, մահացել են 15 զինծառայողները։ Իրավապահները, պաշտոնականից բացի, այլ վարկածների մասին տեսակետներին չեն արձագանքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG