Մատչելիության հղումներ

«Իր վարկածը թող հիմնավորի»․ Ազատի կացարանում զոհվածների հարազատներն այսօր կհանդիպեն վարչապետի հետ


«Իր վարկածը թող հիմնավորի, ու եթե չի կարողանում, ուրեմն պետք է հրապարակային էլ ասի, որ ես սխալ եմ ընդունել, կա՛մ սխալ եմ հասկացել, կա՛մ սխալ եմ ասել»․ Ազատի զինվորական կացարանում 14 ծառայակիցների հետ զոհված Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, վարչապետի հետ այսօրվա հանդիպմանը նախ այս հարցն է ուզում բարձրացնել։

Ավելի քան երեք ամիս տևող նախաքննությունը ծնողների հարցերը միայն ավելացրել է։ Նախնական վարկածին չեն հավատում, թե կապիտանը վառարանն է ուզել թեժացնել, ինչից էլ հրդեհ է բռնկվել։ Այն առաջինը վարչապետը հնչեցրեց, իսկ իրավապահները հաղորդագրությամբ հաստատեցին։

Հակասությունները, կարծում են, չափից շատ են. եթե բոլոր դատաբժշկական փորձաքննությամբ, զինծառայողների մահվան պատճառը շմոլ գազն ու այրվածքային շոկն են եղել, այսինքն՝ հրդեհի պահին տղաները ողջ են եղել, ինչպես չեն կարողացել դուրս գալ, ու ինչպես է ողջ մնացել կապիտանը, երբ հրդեհի օջախին, ըստ պաշտոնական վարկածի, ամենամոտն է եղել։

«Փաշինյանն ասեց, տենց էլ գնում է։ Այ էդ առաջին վարկածն աբսուրդ է։ Ես հիմա իմ մոտ ունեմ բոլոր էրեխեքի նկարներն այրված, դա որ տեսնեն, բոլորը քնած վիճակում այրվել են, թե՛ հիմա սնունդն են թունավորել, թե՛ տեռոր է, իրենք պիտի մեզ ասեն էլի», - ասաց Արամ Մանուկյանի պապը։

Ծնողները տպավորություն ունեն, որ իրավապահները ծանրացել են դեպքից ժամեր անց շրջանառված վարկածի վրա։ Տարոն Ղարիբյանի հայրը՝ Սեդրակ Ղարիբյանն ասում էր՝ իրենց վարկածները իրավապահները լսում են, բայց պատասխաններ չեն տալիս՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Նախաքննության ընթացքից դժգոհ են։

20 տարեկան էր հունվարի 19-ին մահացած Տարոնը։ 3 շաբաթից պետք է զորացրվեր։

«Դատախազն ա, թե գլխավոր դատախազն ա, ես չգիտեմ, ասում է՝« դեռ քննություն է էթում»։ Ասավ՝ «քննությունը կարող ա երկար տևի», բայց էդ քննությունը երկար քանի՞ տարի՝ մի ամի՞ս, երկու ամի՞ս, թե՞ մի օր, թե՞ տասը օր, էդ արդեն իրենց խղճի վրա է», - ասաց Ղարիբյանը։

Զոհված ժամկետայինների ծնողները վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպման պահանջով օրեր առաջ կառավարության շենքին հարող փողոցներն էին փակել, դրանից առաջ էլ՝ Սևան-Երևան մայրուղին։ Հանդիպում, սակայն, այդպես էլ չէր կայացել։

Արտյոմ Գրիգորյանն ասաց՝ իրենց փոխանցել են, որ Սուրեն Պապիկյանն այսօրվա դռնփակ հանդիպմանը ներկա չի լինելու, միայն՝ Նիկոլ Փաշինյանը։

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական այս դեպքից հետո բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ արվեցին, Պապիկյանը մնաց իր տեղում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG