Մատչելիության հղումներ

Պուտին. Ռուսաստանը 2023-ին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել արտասահման


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընտրարշավի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 31-ը հունվարի, 2024թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընտրարշավի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 31-ը հունվարի, 2024թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տուլայում այսօր հանդիպել է «Ամեն ինչ հանուն հաղթանակի» ֆորումի մասնակիցների հետ և գովել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը։ Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ռուսաստանում այս ոլորտում ստեղծվել է ավելի քան 500 հազար նոր աշխատատեղ։

Պուտինը նաև ասել է, որ ռուսական նորագույն զինատեսակները գերազանցում են ՆԱՏՕ-ի երկրներում արտադրված զենքը։

Բացի այդ, նա նաև նշել է, թե Ռուսաստանը 2023 թվականին «միլիարդավոր դոլարների» զենք է վաճառել արտասահման, հատկապես լավ են վաճառվում «Պանցիր» հրթիռային համակարգերը։

«Պատերազմում հաջողության են հասնում նրանք, ովքեր արագ արձագանքում են թշնամու օգտագործած ոչնչացման, հետախուզման և ճնշելու միջոցներին։ Ով ոչ միայն արագ արձագանքում են դրան, այլ նաև ստեղծում են իրենց սեփական, ավելի արդյունավետ միջոցները։ Ով ավելի արագ է անում այդ ամենը, նա էլ հաղթում է», - հայտարարել է ՌԴ նախագահը:

Եթե Ուկրաինան ուզում է հաղթել, պետք է փոխի բանակի նկատմամբ իր մոտեցումն ու ռազմավարությունը. Զալուժնի

Երեկ CNN-ում հրապարակված հոդվածում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, ում մոտալուտ պաշտոնանկության մասին ուկրաինական և արևմտյան մամուլը խոսում է շաբաթասկզբից, գրել էր, որ եթե Ուկրաինան ուզում է հաղթել, պետք է փոխի բանակի նկատմամբ իր մոտեցումն ու ռազմավարությունը:

«Ուկրաինայի առջև խնդիր է դրված ստեղծել տեխնոլոգիական վերազինման բոլորովին նոր պետական համակարգ, որին կարելի է հասնել հինգ ամսում», - նշել է Զալուժնին: - «Մենք շարունակում ենք խափանված մնալ մեր երկրում կարգավորող դաշտի անկատարությունից, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մասնակի մենաշնորհից: Դրանք հանգեցնում են արտադրության խցանումների, օրինակ՝ զինամթերքի մասով, որն էլ ավելի է խորացնում Ուկրաինայի կախվածությունը իր դաշնակիցներից՝ մատակարարումների հարցում»:

Ժամանակակից պատերազմի հիմնական շարժիչ ուժը «անօդաչու զենքի համակարգերն են», պնդել է գեներալը, հավելելով՝ անօդաչու համակարգերի պակասը Ուկրաինային ստիպում է ներքաշվել խրամատային պատերազմի մեջ, որտեղ Կիևն առավելություն չունի:

Ռուսական մեկ այլ առավելություն, որը նշում է Զալուժնին, մարդկային ռեսուրսներն են. - «Մենք պետք է ընդունենք այն զգալի առավելությունը, որ ունի թշնամին մարդկային ռեսուրսների մոբիլիզացման հարցում, և համեմատենք այն մեր զինված ուժերի մակարդակը բարելավելու՝ Ուկրաինայի պետական կառույցների անկարողության հետ»:

Մոբիլիզացիան այն հարցն է, որի շուրջ, ուկրաինական և արևմտյան մամուլի համաձայն, երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը վիճել են Ուկրաինայի նախագահն ու գլխավոր հրամանատարը։ Ըստ այդ հրապարակումների՝ Զալուժնին պնդել է, թե այսօր ուկրաինական բանակին 400 հազարից 500 հազար նոր զինվորներ են պետք:

Զելենսկին այս պնդմանը համաձայն չէ նաև այն պատճառով, որ նոր նման մասշտաբային մոբիլիզացիան քաղաքական ռիսկեր ունի։

Ուկրաինայի նախագահն ասում է, թե հինգ ամսում հնարավոր է փոխել ուկրաինական ռազմարդյունաբերական ոլորտը և հնարավոր է բարեփոխել բանակը, որն այսօր կախման մեջ է դաշնակիցների օգնությունից:

Զելենսկու և Զալուժնիի միջև արդեն հրապարակային տարաձայնությունների ֆոնին երեկ Եվրամիությունը վերջապես հաստատել է 50 միլիարդ եվրոյի օգնությունը Ուկրաինայի համար:

Սա նշանակում է, որ Կիևը կդիմանա, ասել է երեկ Ուկրաինայի նախագահը: «Ես շնորհակալ եմ՝ մեր ժողովրդին, Ուկրաինային ֆինանսական օգնության վերաբերյալ ձեր որոշման համար։ Սա հստակ ազդանշան է, որ Ուկրաինան կդիմանա, և որ Եվրոպան կդիմանա։ Նաև իսկապես կարևոր է, որ այս որոշումը միաձայն ընդունվել է բոլորիդ՝ բոլոր 27 երկրների կողմից», - հայտարարել է Զելենսկին:

Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին ուկրաինացիները կստանան արևմտյան նոր սպառազինություն Եվրոպայից։

Այսօր ուկրաինական բանակը սպառազինության պակասի պատճառով մեծ դժվարությամբ է հետ մղում չափազանց ինտենսիվ դարձած ռուսական գրոհները ճակատի բոլոր ուղղություններով:

Ռուսներն արդեն մի քանի ամիս է գրոհում են ուկրաինական դիրքերը և ոգևորությամբ խոսում են ճակատում ռուսական նախաձեռնության մասին, թեև մի քանի ամսվա ընթացքում կարողացել են միայն մի քանի գյուղ գրավել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG