Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ գիշերը և այսօր առավոտյան Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի շրջաններում առնվազն 11 անօդաչու թռչող սարք է խոցվել, փոխանցում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ութ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի, երկուսը Վորոնեժի և մեկը Կուրսկի շրջանում։
Հետևանքների մասին չի հաղորդվում։ Ուկրաինացի զինվորականներն էլ, որպես կանոն, պաշտոնապես չեն մեկնաբանում Ռուսաստանի վրա հարձակումները։
Ուկրաինական կողմն էլ հաղորդում է, որ ռուսական զինված ուժերը հարվածել են Խարկովի շրջանին։
Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը իր տելեգրամյան էջում գրել է, որ հունվարի 31-ին, տեղական ժամանակով մոտ ժամը 21:50-ին, «կառավարվող օդային ռումբերը հարվածել են «Վելիկի Բուռլուկ» քաղաքացիական հիվանդանոցի տարածքին»: Բուժանձնակազմը ժամանակին արձագանքել է տագնապի ազդանշանին և տարհանել բոլոր հիվանդներին։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի ուշ նա Տելեգրամում մի քանի լուսանկար է հրապարակել հիվանդանոցի տարածքից։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ հաղորդել է «Շահեդներ»-ով հարձակումների մասին։ Նրա խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։
«Զոհեր չկան, երեք մարդ թեթև վիրավորվել է։ Ռուս զինվորականները հարվածել են բնակելի թաղամասերին, որտեղ ոչ մի ռազմական ենթակառուցվածք չկա», - գրել է նա։
Ռուսաստանը պարբերաբար հաղորդում է, որ իր թիրախում ռազմական ենթակառուցվածքներն են։