Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ փոխանակեցին՝ չնայած մեկ շաբաթ առաջ ռուսական օդանավի կործանման միջադեպին


Հայրենադարձված ուկրաինացի ռազմագերիները, 31-ը հունվարի, 2024թ.
Հայրենադարձված ուկրաինացի ռազմագերիները, 31-ը հունվարի, 2024թ.

Այսօր կեսօրից հետո հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել, սակայն կողմերի հայտնած թվային տվյալներում որոշ տարբերություն կա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ 207 ուկրաինացիներ տուն են վերադարձվել։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ յուրաքանչյուր կողմից 195 գերի է փոխանակվել։

Սա մեկ շաբաթ առաջ ռուսական օդանավի կործանումից հետո առաջին փոխանակումն է։ Օդանավում գտնվող բոլոր 74 մարդիկ զոհվել են, նրանցից 65-ը ուկրաինացի ռազմագերիներ էին, որոնց փոխանակման նպատակով տեղափոխում էին Բելգորոդ։ Ռուսական կողմը պնդում է, որ օդանավը կործանվել է ուկրաինացիների արձակած հրթիռով։ Կիևը միջազգային հետաքննություն էր պահանջում։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օդանավը խոցվել է ամերիկյան Patriot համակարգով։ Նա ասել է, որ այդ միջադեպի պատճառով գերիների փոխանակումները չեն դադարեցվի։ Պուտինն այդ մասին խոսել է նախագահական ընտրություններում իր վստահված անձանց հետ հանդիպմանը։

Ընթացող ռազմական գործողությունների մասին կողմերը հաղորդում են դրոններով ու հրթիռներով փոխադարձ հարվածների մասին։ Ռուսական ուժերի ենթադրաբար C-300 և «Իսկանդեր» հրթիռների հարվածների հետևանքով Դոնեցկի մարզի Պոկրովսկում 6 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Խարկովի վրա երեկ ուշ երեկոյան «Շահեդ» դրոնների հարձակման հետևանքով մի քանի տեղ հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինական անօդաչուների հարվածների մասին լրատվամիջոցները հաղորդում են, որ դրոնները կրկին հասել են Սանկտ Պետերբուրգ։ Խոցված դրոնի բեկորներն ընկել են «Նևսկի մազուտ» ընկերության տարածքում՝ վնասելով մի քանի ցիստեռններ ու տարածքում կայանված ավտոմեքենաներ։ Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը տեղի ունեցածը միջադեպ է գնահատել, ասելով, թե գույքային էական վնասեր չկան, հետաքննչական միջոցառումներ են իրականացվում։

Ռազմաճակատից հեռու ընկած Սանկտ Պետերբուրգ ուկրաինական դրոնների հասնելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հաղորդել էր երկու շաբաթ առաջ։

Ցամաքային գործողություններում ուկրաինական ուժերի անցած տարվա ոչ արդյունավետ հակահարձակումից հետո, վերջին շրջանում ռուսական ուժերը որոշ ուղղություններում ակտիվացել են, աննշան՝ բայց առաջ են շարժվել։ Դա նաև Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող օգնության դադարի կամ նվազելու հետևանք է։ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ չի հաստատել Ուկրաինային տրամադրվող նոր հատկացումները։ Եվրամիությունը փորձում է իր կողմից օգնության հարցում համաձայնության գալ Հունգարիայի հետ, որը մինչ այժմ արգելափակել է այն։

Փետրվարի 1-ին Բրյուսելում կայանալու է Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ Եվրոպայի առաջնորդները փորձելու են լուծել այդ խնդիրը՝ համաձայնության հասնել Կիևին 50 միլիարդ եվրո տրամադրելու հարցում։

Հունգարիայի վարչապետի կոշտ դիրքորոշման մեջ որոշ փոփոխություն կա։ Ֆրանսիական Le Point հանդեսի հարցազրույցում Վիկտոր Օրբանն ասել է, որ Հունգարիան պատրաստ է մասնակցել Եվրամիության 27 անդամների որոշմանը, եթե տարեկան կտրվածքով որոշվի՝ ուղարկե՞լ օգնության հերթական չափաբաժինը, թե՞՝ ոչ, և որ այդ որոշումը պետք է միաձայն ընդունվի։

Եվրամիության կողմից Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնությունը նախատեսվում է տրամադրել չորս տարիների ընթացքում։

ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Բրյուսելում այսօր հանդիպում են Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր Բրյուսելում ասել է, որ Ուկրաինային շատ զինամթերք է անհրաժեշտ։

«Կողմերի միջև կրակային հզորության մեծ անհավասարակշռություն կա, և այդ բացը պետք է լրացնել։ Մենք պետք է ցույց տանք, որ նախկինի պես հանձնառու ենք մեր հստակ պարտավորություններին Ուկրաինայի հանդեպ», - նշել է Բորելը։

Առանձին երկրներ իրենց միջոցներով շարունակում են օգնել Ուկրաինային։ Գերմանիայի կառավարությունն այսօր հայտնեց, որ Ուկրաինային տրամադրվել է օգության հերթական փաթեթը՝ զրահամեքենաներ, հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ ու այլ զինամթերք։

Կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի այսօրվա լիագումար նիստում ասել է, որ միայն Գերմանայի կողմից հատկացվող օգնությունը Ուկրաինային բավարար չի լինի։ «Մեզ շատ ավելի լայն, համաեվրոպական աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG