Մատչելիության հղումներ

Զելենսկին մինչև շաբաթավերջ պաշտոնանկ է անելու Զալուժնիին. CNN


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական բարձր պարգև է հանձնում զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, Կիև, մայիս, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական բարձր պարգև է հանձնում զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, Կիև, մայիս, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է մինչև շաբաթվա վերջ հրամանագիր ստորագրել Վալերի Զալուժնիին զինված ուժերի գլխավոր հրամանատար պաշտոնից ազատելու մասին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

CNN-ի փոխանցմամբ՝ հունվարի 29-ին Զելենսկին հանդիպել է Զալուժնիի հետ և հայտարարել, որ պատրաստվում է պաշտոնանկ անել նրան։ Նախագահը գլխավոր հրամանատարին այլ պաշտոն է առաջարկել, սակայն նա հրաժարվել է։ Այս հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին նաև այլ արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Washington Post-ը և Financial Times-ը։

The Washington Post-ը, մասնավորապես, գրել է, թե այդ հանդիպման ժամանակ Զելենսկին և Զալուժնին վիճել են սպասվող մոբիլիզացիայի շուրջ: Զալուժնին առաջարկել է մոբիլիզացնել մոտ 500 հազար զինվոր, ինչը Զելենսկին համարում է անիրագործելի՝ հաշվի առնելով համազգեստի, զենքի և ուսումնական հաստատությունների սակավությունն ու հավաքագրման հետ կապված հնարավոր մարտահրավերները:

Բացի այդ, գերմանական Bild-ն այսօր գրում է, թե Զալուժնին դեռևս դեկտեմբերին ուզում էր թողնել Ավդեևկա քաղաքը, որի համար արդեն մի քանի ամսի է կատաղի մարտեր են, Զելենսկին արգելել էր հանձնել Ավդեևկան, ինչպես ավելի վաղ՝ անցած տարի գարնանն արգելում էր թողնել Բախմուտը։

Գլխավոր հրամանատարի պաշտոնում, ըստ արևմտյան մամուլի, Զելենսկու թիմում դիտարկում են Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին կամ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։

Բուդանովը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր չէ գլխավոր հրամանատար դառնալ։ «Մենք պատերազմական իրավիճակում ենք, և բոլոր կողմերն օգտագործում են բոլոր հասանելի միջոցները, այդ թվում՝ տեղեկատվական պատերազմը», - նշել է նա:

Սիրսկու գրասենյակը չի պատասխանել CNN-ին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակն այս շաբաթվա սկզբին հայտնել էր, որ Վալերի Զալուժնիի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել է, թե Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին պատրաստվում են պաշտոնանկ անել։

Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինայի նախագահի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի, Ուկրաինայում այսօր ամենից մեծ ժողովրդականություն վայելող գործչիներից մեկի միջև տարաձայնությունները ծագել են աշնանը՝ ուկրիանական ամառային հակահարձակման ձախողման ֆոնին։

Դեկտեմբերին Կիևի Սոցիոլոգիայի ինստիտուտի կողմից հրապարակված հարցումը ցույց է տվել, որ ուկրաինացիների 88 տոկոսն աջակցում է Զալուժնիին: Զելենսկու վարկանիշը նույն այս հարցման համաձայն 62 տոկոս է:

Վալերի Զալուժնին նոյեմբերին The Economist-ին ասել էր, որ պատերազմը «մտել է փակուղի»։ Զելենսկին գլխավոր հրամանատարի այս գնահատականին չի համաձայնել և հայտարարել է, թե ճակատում իրավիճակը «փակուղային» չի համարում։


Երեկ անսպասելի հայտարարություն է արել Կիրիլ Բուդանովը: Բրիտանական The Telegraph թերթին տված հարցազրույցում նա ասել է թե գարնանն ուկրաինական բանակը նոր հակահարձակում կսկսի. - «Հիմա թշնամու հերթն է. հետո մերը կսկսվի»։

Միաժամանակ, այսօր, Բուդանովի խոսքով, ռուսական զորքերը շարունակում են Արևելյան Ուկրաինան գրավելու փորձերը։ Մասնավորապես, նրանք միաժամանակ հարձակողական գործողություններ են իրականացնում Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով։

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը խոստովանել է, որ ռուսները «որոշ հաջողության» են հասել Ավդեևկայում, սակայն նշել է, թե «սա ամենևին էլ այն չէ, ինչին ուզում էր հասնել ռուսական բանակը»։

Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսներն ակտիվ գրոհում են ճակատի գրեթե բոլոր հատվածներում, սակայն կարողացել են գրավել միայն մի քանի գյուղ․ ուկրաինական բանակը, չնայած սպառազինության պակասին, դեռ կարողանում է հետ մղել ռուսների գրոհները։ Սակայն զինամթերքի պակասի պարագայում ուկրաինական բանակը երկար չի կարող դիմադրել ռուսական գրոհներին,ասում են Կիևում:

Ուկրաինան նախազգուշացրել է հրետանային արկերի «կրիտիկական» պակասի մասին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի նամակը, որն այս շաբաթ ուղարկվել է Եվրամիության դաշնակիցներին: Ռուսական կողմը ճակատում օրական երեք անգամ ավելի շատ արկեր է օգտագործում, քան Ուկրաինայի զինված ուժերը, ասվում է նամակում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG