Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդեն գրեթե երկու տարի շարունակվող պատերազմը տեղափոխվում է նոր փուլ՝ մաշող, դիրքային մարտերով, որը ձեռնտու է Ռուսաստանին և հնարավորություն կարող է տալ հաղթանակի հասնել, The Economist ամսագրում գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Ռուսաստանին պետք չէ թերագնահատել, ընդգծել է Վալերի Զալուժնին:
«Սա քայքայման պատերազմ է, և այն հսկայական ռիսկեր է պարունակում ուկրաինական բանակի և ողջ պետության համար: Ուստի, այս թակարդից խուսափելու համար Ուկրաինային անհրաժեշտ է օդային գերակայություն, ականազերծման նոր տեխնոլոգիաներ և ավելի շատ ռեզերվներ մոբիլիզացնելու և պատրաստելու կարողություն», - գրել է Զալուժնին:
Թեև Մոսկվան մեծ կորուստներ է կրել և ծախսել է հսկայական զինամթերք, սակայն դեռ երկար ժամանակ կպահպանի գերազանցությունը զենքի, տեխնիկայի, հրթիռների և զինամթերքի առումով, նշում է ուկրաինացի գեներալը, հավելելով՝ ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, չնայած աննախադեպ պատժամիջոցներին, ավելացնում է արտադրությունը։
Արբանյակից արված լուսանկարները ևս հաստատում են դա։ «Ազատության» ուկրաինական ծառայության «Սխեմի» ծրագիրը, մասնավորապես, ուսումնասիրել է շարժը ռուսական այն ձեռնարկությունների շրջակայքում, որոնք մարտավարական և ռազմավարական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և կառավարվող զինամթերք են արտադրում։ Արբանյակից արված լուսանկարներում երևում են ակնհայտ փոփոխություններ՝ հայտնվել են ռազմական և երկակի նշանակության նոր պահեստներ և արտադրամասեր։
Մոսկվան պատրաստվում է երկարատև պատերազմի, վերլուծելով այս փոփոխությունները՝ ասում են ռազմական փորձագետները։ Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը մտադիր է հաջորդ տարի ռազմական ծախսերն ավելացնել 68 տոկոսով՝ այս տարվա համեմատ:
Ճակատից «Ազատության» թղթակիցները պատմում են․ այսօր մարտերն առավել կատաղի են արևելյան հատվածում՝ Ավդեևկայի մոտ, որտեղ ռուսները մի քանի ամիս է հարձակողական գործողություններ են իրականացնում։ Ուկրաինական կողմին, սակայն, հաջողվում է ետ շպրտել այդ գրոհները։
Վաշինգտոնը չի թուլացնի աջակցությունը Կիևին, Բրյուսելը ևս հաստատակամ է
Զուգահեռ, արևմտյան առաջնորդները հերքում են մտավախությունները, թե այս օրերին Մերձավոր Արևելքում բորբոքվող պատերազմը կարող է շեղել ուշադրությունը Ուկրաինայից։ «Չնայած պաղեստինա - իսրայելական խորացող թեժ հակամարտությանը` Վաշինգտոնը չպետք թուլացնի աջակցությունը Կիևին», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Լիզ Ալենը, - «Շատ կարևոր է, որ մենք՝ մեր դաշնակիցների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ, կանգնած լինենք ուկրաինացիների, Ուկրաինայի կողքին»:
Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, թե նախագահ Բայդենը վետո կդնի ռազմական արտակարգ օգնության մասին հանրապետականների առաջարկած օրինագծի վրա, եթե այն հաշվի չառնի Ուկրաինայի շահերը և ենթադրի աջակցություն միայն Իսրայելին:
Եվրամիությունը ևս հաստատակամ է՝ մեծացնելու իր օգնությունը, հայտարարել է արտգործնախարար Ժոզեպ Բորելը։
«Թեև Եվրոպան չի կարող փոխարինել ԱՄՆ-ին, Եվրոպան մեծացնում է իր աջակցությունը: Սեղանին կան 50 միլիարդ եվրոյի առաջարկներ քաղաքացիական և տնտեսական աջակցության և 20 միլիարդ եվրո՝ ռազմական օգնության համար», - ասել է Բորելը:
Կիևի՝ հաղթանակի մասին մտածելը նույնիսկ անհեթեթություն է, պնդում է Կրեմլը
Կրեմլը, իր հերթին, կրկին հայտարարում է, թե պատերազմը չի դադարեցնի, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին: Ավելին՝ Պուտինի խոսնակն այսօր հայտարարել է, թե Կիևը վաղուց պետք է հասկանար, որ հաղթանակի մասին մտածելը նույնիսկ անհեթեթություն է:
«Ոչ, ուկրաինական հակամարտությունը փակուղի չի մտել: Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը և կիրականացնի իր բոլոր նպատակները: Կիևի ռեժիմի համար անհեթեթ է նույնիսկ խոսել մարտի դաշտում հաղթանակի որևէ հեռանկարի մասին: Որքան շուտ Կիևի ռեժիմը դա հասկանա, այնքան շուտ նրանց համար այլ հեռանկարներ կբացվեն», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ՝ միայն անցած մեկ օրում Ռուսաստանը 100-ից ավելի բնակավայր է գնդակոծել: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ արդեն երկրորդ տարին ձգվող պատերազմում զոհվել է առնվազն 9 հազար 900 խաղաղ բնակիչ: