Մատչելիության հղումներ

Ի՞նչ է սպասվում 2024-ին․ «Ազատության» վերլուծաբանների կանխատեսումները


Խաղաղապահները՝ Լեռնային Ղարաբաղում, նոյեմբեր, 2020թ․
Խաղաղապահները՝ Լեռնային Ղարաբաղում, նոյեմբեր, 2020թ․

«Ազատություն»-ը հարցրել է ռադիոկայանի վերլուծաբաններից՝ ի՞նչ է սպասվում 2024-ին։ Կանխատեսումների շարքում առանձնացրել ենք մի քանիսը․

Հայաստանի և նրա հարևանների միջև խաղաղությունը կարող է հիմք ստեղծել, որ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից

Ռուսաստանում հնարավոր է զարգացման չորս սցենար՝ 5-70 տոկոս հավանականությամբ

Ուկրաինայում պատերազմը կշարունակվի այնքան, մինչև Արևմուտքը չհասկանա, որ վերադարձը նախկին աշխարհակարգին անհնար է

Իրանում գարնանը՝ խորհրդարանական ընտրություններում, կառավարությունը, կբախվի իր լեգիտիմության ևս մեկ մարտահրավերի

ԵՄ-ում ևս խորհրդարան կընտրեն, ոչ պակաս վճռորոշ կլինի նաև՝ ում կվստահեն Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների պաշտոնները։

Կովկաս. Խաղաղության համաձայնագիրը կարող է փոխակերպել տարածաշրջանը, եթե ստորագրվի․ Ջոշ Կուչերա

2023-ին Ադրբեջանը փաստացի ուժով վերջակետ դրեց Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությանը՝ սեպտեմբերյան կայծակնային հարձակումով այն առնելով իր վերահսկողության տակ։ Զուգահեռ, Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե համաձայնության են եկել մյուս՝ հիմնարար հարցերի մեծ մասի շուրջ, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կողմից ընդհատված բանակցությունները 2024-ին կվերսկսվեն:

Համաձայնությունը կարող է վերափոխել տարածաշրջանը։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաշտություն կնքեն, դրան կհետևի նաև հայ-թուրքական մերձեցումը: Երեք երկրների միջև սահմանները կվերաբացվեն՝ ոչ միայն վերջ տալով Հայաստանի շրջափակմանը, այլև հնարավորություն ստեղծելով տրամսպորտային նոր նախագծերի համար, որոնք ձգտում են բեռներ փոխադրել Եվրոպայի և Ասիայի միջև՝ շրջանցելով Ռուսաստանը:

Հայաստանի և նրա հարևանների միջև խաղաղությունը կարող է նաև հիմք ստեղծել, որ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գա: Փաստ է, որ անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հիմքում Երևանի վախն էր Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր սպառնալիքներից: Դրանց նվազեցման դեպքում ի՞նչը պետք է ստիպի ռուս զինվորներ, խաղաղապահներ և սահմանապահներ պահել այս տարածաշրջանում։

Ռուսաստանի դուրս գալը, սակայն, հեշտ չի լինի։ Մոսկվան դեռ շատ տնտեսական լծակներ ունի Հայաստանում։ Մյուս կողմից, Երևանը կարող է օգնություն խնդրել ԱՄՆ-ից և Եվրոպայից՝ անցումային դժվարությունները հարթելու համար: Վաշինգտոնն ու Բրյուսելը, կարծես թե, սպասում են դրան՝ դեպի իրենց կողմը մղելով Հայաստանին:

Այս սցենարներից որևէ մեկը, սակայն, իրականություն չի դառնա, քանի դեռ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել: Թվում է, թե անլուծելի խնդիրներ այլևս չկան, բայց ադրբեջանական կողմում համաձայնության գնալու դժկամությունն ավելի ու ավելի շատ է նկատվում։

Բաքուն ստացել է այն, ինչ ուզում էր ամենից շատ՝ Ղարաբաղը, բայց՝ առանց համաձայնագրի։ Մյուս կողմից, տաք պահելով Հայաստանի հետ հակամարտությունը, Ալիևը կարող է այն ծառայեցնել իր շահերին ու իր շուրջ համախմբել հանրությանը՝ ընդդեմ թշնամու:

Թերևս, Բաքվի այդ քաղաքականության ամենաակնառու ցուցիչը Ալիևի կողմից ավելի հաճախ հնչող հիշատակումներն են «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ մշուշոտ մի հայեցակարգ, որն ակնարկում է, թե Հայաստանի տարածքում ինչ-որ ժամանակ ապրած ադրբեջանցիները պետք է իրենց տներ վերադառնալու ենթադրյալ իրավունք ունենան։ Սա հուշում է, որ Ադրբեջանը կարող է շարունակել առաջ մղել իր պահանջները՝ հույս ունենալով, որ Հայաստանը վերջապես տեղի կտա։ Այդժամ կողմերից յուրաքանչյուրը կարող է մեղադրել մյուսին անզիջողականության համար։

Ուկրաինական պատերազմը՝ երկարատև փակուղում․Վիտալի Պորտնիկով

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից մոտ կես տարի անց արդեն ուկրաինացի գեներալներ Վալերի Զալուժնին և Միխայիլ Զաբրոդսկին նախազգուշնում էին, որ այս հակամարտությունը երկար կշարունակվի: Այդ կանխատեսումներից 15 ամիս անց ճակատային գիծը փաստացի սառեցված է․ ոչ ուկրաինական, ոչ էլ ռուսական հարձակողական գործողությունները էապես չեն փոխում իրավիճակը գետնի վրա, ինչը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև 2024-ին։

Խնդրի քաղաքական կարգավորումը մշուշոտ է թվում։ Ուկրաինան հաղթանակը պատկերացնում է սեփական տարածքների լիակատար ազատագրմամբ, մինչդեռ Կրեմլը շարունակում է հաստատակամորեն մերժել այդ հարցի շուրջ որևէ քննարկում։ Այս փակուղու գիտակցումը շատ կարևոր է, քանի որ Պուտինի հարձակումն Ուկրաինայի վրա իրականում ավելի լայն օրակարգի մի մաս է, որի նպատակն է վերականգնել եթե ոչ Խորհրդային կայսրությունը, ապա գոնե նրա ազդեցության գոտին: Ուկրաինայի համար էլ դիմադրությունը ռուսական ագրեսիային նշանակում է ոչ միայն գրավյալ տարածքների վերադարձ, այլև պետականության, քաղաքական ինքնության և ազգային ամբողջականության պահպանում:

Ըստ էության, Ուկրաինայում պատերազմը կշարունակվի, մինչև Արևմուտքը չհասկանա, որ վերադարձը նախկին աշխարհակարգին անհնար է: Իսկ նոր աշխարհակարգի կառուցումը պահանջում է ոչ ավանդական քայլեր, օրինակ՝ անվտանգության իրական երաշխիքների տրամադրում ագրեսիայի զոհ դարձած ազգերին, խաղաղության հաստատում, կամ առնվազն պատերազմական գոտու սահմանափակում ներկայիս շփման գծով:

Առայժմ նման ըմբռնումը բացակայում է․ Արևմուտքը սպասում է, որ Մոսկվան ինքը, ի վերջո, կգիտակցի իր հավակնությունների անընդունելիությունը, ակնկալիք, որ միայն քաջալերում է Պուտինին: Հետևաբար, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կդառնա տևական՝ թերևս ծնելով նոր, նույնքան վտանգավոր տեղային պատերազմներ ամբողջ աշխարհում:

Իրան. Շարունակական խնդիրներ տանն ու սահմաններից դուրս․ Հաննա Կավիանի

Իրանը տարիներ շարունակ առնչվում է ներքին և միջազգային բարդ մարտահրավերների, որոնք հավանաբար կշարունակեն ուժի մեջ մնալ նաև 2024 թվականին:

Արևմտյան պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, չեն նվազի, քանի որ Թեհրանը հրաժարվել է համագործակցել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Եվ քանի որ առաջիկայում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն են, որոնք կարող են Դոնալդ Թրամփին վերադարձնել Սպիտակ տուն, բանակցությունների վերսկսումը Արևմուտքի ու Թեհրանի միջև, թվում է խիստ անհավանական:

Արտաքին լրջագույն մարտահրավերներից բացի, սակայն, Իրանը խնդիրներ ունի նաև երկրի ներսում: Մի կողմից, երկրով մեկ շարունակվում են անհնազանդության գործողությունները, որ սկսվեցին 2022-ին, երբ հիջաբ չկրելու համար ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինին մահացավ կասկածելի հանգամանքներում։ Մյուս կողմից, ավտորիտար համակարգը շարունակում է բռնաճնշումները իրավապաշտպանների, ուսանողների, կրոնական փոքրամասնությունների և արվեստագետների նկատմամբ։ Նրանք ծեծի են ենթարկվում, կալանավորվում և/կամ դատապարտվում տևական ազատազրկման:

Ակնկալվում է, որ գարնանն արդեն այս մարտահրավերներին կավելանա ևս մեկը․ մարտին Իրանում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, որոնք, ամենայն հավանականությամբ, կանցնեն ընտրողների ցածր մասնակցության և կանխորոշված քվեարկության հանդեպ անտարբերության պայմանններում:

Մյուս խնդիրը, որով Թեհրանը ստիպված կլինի լրջորեն զբաղվել 2024-ին, տնտեսությունն է․ 2023-ին երկրում գնաճը հասավ 47 տոկոսի, ըստ ԱՄՀ-ի՝ ամենաբարձր ցուցանիշը 20 տարվա մեջ, որը կարող է կրկնվել նաև 2024-ին։

Իրանական նավթի վաճառքից ստացվող շահույթը գնալով նվազում է, բյուջեի պակասորդը՝ ավելանում։ Ըստ ԱՄՀ-ի հաշվարկների՝ ներկայիս կառավարության պարտքը արդեն երեք անգամ գերազանցում է պետության ամենամյա բյուջեն:

Եվ քանի որ ո՛չ միջազգային հանրությունն է մտադիր ընկրկել, ո՛չ Թեհրանի կոշտ ռեժիմը, քչերն են Իրանում էական փոփոխությունների հնարավորություն տեսնում գալիք տարում:

Ռուսաստան, Ուկրաինա և Արևմուտք. դեպի Երրորդ համաշխարհային պատերա՞զմ․ Սերգեյ Մեդվեդև

2024 թվականը ճակատագրական է լինելու ուկրաինական պատերազմի և միջազգային համակարգի համար, որն արագորեն քանդվում է մեր աչքի առաջ։ Բազմաթիվ մարտահրավերներից ամենաառանցքայինը ռազմատենչ Ռուսաստանն է, որը ձգտում է քանդել և վերափոխել աշխարհակարգը: Պուտինը իր հաշվարկներով Երրորդ համաշխարհային պատերազմ է մղում, և Ուկրաինան դրա նախերգանքն է:

Չնայած արևմտյան պատժամիջոցներին, Ռուսաստանն անցած տարի ամրապնդել է դիրքերը ռազմական, ներքին և միջազգային ասպարեզում: 2022-ի անհաջողություններից և ցնցումներից հետո բանակը կայունացրել է դիրքերը ռազմադաշտում և լուծել սպառազինության, մատակարարումների և մարդուժի խնդիրը: Բնակչության շրջանում, ճիշտ է, թաքնված դժգոհություն կա, բայց մեծամասնությունը պատրաստ չէ հարց բարձրացնել հարևանի դեմ պատերազմի մասին՝գերադասելով մնալ պետական քարոզչության ու ստերի մեջ։

Ըստ այդմ, 2024-ին նախանշվում է չորս հնարավոր սցենար.

Ռազմավարական փակուղի Ուկրաինայում, քաոս միջազգային համակարգում։
Այս դեպքում 30-ամյա խաղաղությունից «թուլացած» Արևմուտքը կընկրկի՝ ցույց չտալով 1980-ականների վճռականությունը, որ նպաստեց խորհրդային կայսրության փլուզմանը, կամ՝Հիտլերի տապալմանը Երկրորդ համաշխարհայինում։ Մարտահրավերը, որ նետել է այսօր Պուտինը քաղաքակիրթ աշխարհին, պակաս նշանակալից չէ, քան Հիտլերինն էր, բայց տեսադաշտում Ռուզվելտ կամ Չերչիլ չկա: Հավանականությունը՝ 70 տոկոս։

Պատերազմի ընդլայնում, Ուկրաինայի փլուզում կամ մասնատում։
Ռուսաստանը կարող է ամրապնդել իր նվաճումները Ուկրաինայում՝ դիրքային պատերազմով ու ենթակառուցվածքների ոչնչացմամբ, զուգահեռ դիտարկելով նաև հարվածների հնարավորությունը Վրաստանին, Մոլդովային, կամ՝ ՆԱՏՕ-ի անդամ Լիտվային կամ Լեհաստանին: Ճակատային ներխուժումից առավել հավանական են հիբրիդային գործողությունները Բելառուսի տարածքից, դիվերսիաները կամ անկարգությունների հրահրումը ռուսախոս բնակչություն ունեցող բալթյան երկրներում: Այս դեպքում հնարավոր է նաև Ուկրաինայի կառավարության փլուզումը կամ երկրի մասնատումը։ Հավանականությունը՝ 15 տոկոս։

Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, մասնակի կամ՝ ամբողջապես դուրս գալով գրաված տարածքներից։ Այս սցենարը հնարավոր է արևմուտքի հետևողական աջակցության և նոր սպառազինությունների, օրինակ F-16-երի, Abrams տանկերի մատակարարումների, կամ Ուկրաինայի երկինքը փակելու շնորհիվ: Ընդ որում, այս դեպքում երաշխավորված չէ, որ Պուտինի վարչակազմը կփլուզվի, հակառակը, հնարավոր է, որ ժողովուրդը էլ ավելի համախմբվի բռնապետ առաջնորդի շուրջ։ Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, Մոսկվան առաջ կտանի ամրապնդվելու և վրեժխնդիր լինելու քաղաքականություն։ Հավանականությունը՝ 10 տոկոս։

Ռուսաստանի փլուզում։ Այս սցենարի դեպքում Ռուսաստանի հնարավոր պարտությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել պուտինյան վարչակազմի տապալման, սոցիալական անկարգությունների ու բռնությունների։ Կայսրությունը կարող է փլուզվել առավել հեռավոր անկյուններում՝ Կալինինգրադում, Չեչնիայում, ինչպես 1917 և 1991 թվականներին: Ռուսաստանի միջուկային զենքը կստիպի արտաքին ուժերին միջամտել՝ բերելով երկրի հնարավոր ապամիջուկայնացման: Հավանականությունը՝ 5 տոկոս։

ԵՄ. Սեփական ընտրություններից մինչև ուկրաինական պատերազմ․ Ռիկարդ Յոզվիակ

2024 -ի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները կարևոր փորձություն կլինեն դաշինքի համար, հաշվի առնելով պոպուլիստների ու միացյալ Եվրոպայի հարցում թերահավատների վերջին հաղթանակները Նիդերլանդներում, Լեհաստանում ու Սլովակիայում։

Առայժմ հարցումները ցույց են տալիս, որ հիմնական երկու ուժերը՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և ձախ կենտրոնամետ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը, կշարունակեն զբաղեցնել առաջին հորիզոնականները, բայց՝ ձայների ավելի փոքր մասնաբաժնով:

Այս պայմաններում առավել առանցքային կդառնա ուժերի համախմբումը՝ ԵՄ առաջնորդներին ընտրելու համար։ Օրակարգում է Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հարցը։ Ակնկալվում է, որ աջ կենտրոնամետ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կստանա երկրորդ ժամկետ, մինչդեռ Շառլ Միշելը կավարտի աշխատանքը Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում:

2024 թվականի ամենամեծ հարցը, սակայն, այն է, թե Բրյուսելը որքան աջակցություն կարող է տրամադրել Ուկրաինային: Դաշինքի անդամ երկրներում կենսամակարդակը նվազում է, և հստակ չէ՝ արդյոք դա չի սադրի ԵՄ անդամներին հետևել Հունգարիայի օրինակին՝ արգելափակելով Ուկրաինայի համար նախատեսված ֆինանսական օգնությունը կամ անդամակցության բանակցությունները:

Մյուս կողմից, որքան էլ անհավանական է թվում, բայց հնարավոր է՝ ԵՄ համբերության բաժակը սպառվի Հունգարիայի հարցում, և դաշինքի 26 անդամները որոշեն զրկել նրան ձայնի իրավունքից։ Այս առումով հարկ է ուշադրության կենտրոնում պահել Ավստրիան և Սլովակիան, որոնք Բուդապեշտի երկու ամենամեծ դաշնակիցներն են այս պահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG