Մատչելիության հղումներ

Զորքերն ամեն օր առաջ են շարժվում, նույնիսկ եթե դա ընդամենը 500 մետր է. գեներալ Զալուժնի


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիին զայրացնում են արևմտյան մեկնաբանություններն այն մասին, որ ուկրաինական բանակի առաջխաղացումը սպասվածից դանդաղ է ընթանում:

The Washington Post-ին տված հարցազրույցում Զալուժնին շեշտել է․ - «Ուկրաինական բանակը առաջ է շարժվում, չնայած ռուսների օդային գերազանցությանը և մի շարք անհրաժեշտ զինատեսակների բացակայությանը։ Սա շոու չէ, զորքերն օրական առաջ են շարժվում, նույնիսկ եթե դա ընդամենը 500 մետր է»։

Միաժամանակ ուկրաինական ուժերի գլխավոր հրամանատարը կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին հնարավորինս արագ կործանիչներ տրամադրել։ «Առանց այդ կործանիչների նույնիսկ «Լեոպարդի» պես ժամանակակից տանկերը թիրախ են դառնում մարտադաշտում», - ասել է նա՝ խոստովանելով, որ գերմանական այս տանկերից մի քանիսը ռուսները ոչնչացրել են:

«Այժմ մենք վերահսկում ենք քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասերը. Աննա Մալյար

Ուկրաինայի Զինված ուժերն առաջ են շարժվում երկրի արևելքում և հարավում, այսօր կրկին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։ Առայժմ, սակայն, նոր բանակավայրեր գրավելու մասին պաշտոնական հաղորդումներ չկան։

Աննա Մալյար
Աննա Մալյար

Մալյարի խոսքով, Բախմուտի շրջանում ուկրաինացի զինվորականները առաջ են շարժվում քաղաքի շրջակայքում, բայց քաղաք չեն մտնում. - «Այժմ մենք վերահսկում ենք քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասերը: Բայց հիմնական մարտերը քաղաքի մոտ են: Հարձակվում ենք մի քանի ճակատով, և բոլոր ուղղություններով ունենք առաջընթաց»։

«Վագների» վարձկանների մի մասը դեռ գտնվում է Ուկրաինայի տարածքում. Պատրիկ Ռայդեր

Ռազմական փորձագետներն այս օրերին գրում են, թե Պրիգոժինի ապստամբությունը կարող է թուլացնել ռուսների դիրքերը ճակատում, քանի որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները ռուսական ամենամարտունակ ուժերն էին։

Կշարունակե՞ ն արդյոք «Վագների» վարձկանները մասնակցել պատերազմին, հայտնի չէ։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը երեկ հայտարարել է, որ վարձկանների մի մասը դեռ գտնվում է Ուկրաինայի տարածքում։

Իսկ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ «Վագները» շարունակում է վարձկաններ հավաքագրել Ուկրաինայում պատերազմի համար։

Սերգեյ Սուրովիկին
Սերգեյ Սուրովիկին

Առայժմ հայտնի չէ նաև Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական ուժերի հրամանատար, գեներալ Սուրովիկինի գտնվելու վայրը։ Որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե նա կուլիսներում աջակցել է Պրիգոժինի ապստամբության փորձին։ CNN-ը, վկայակոչելով որոշ փաստաթղթեր, այսօր հայտնել է, թե Սուրովիկինը եղել է «Վագների» գաղտնի բարձրաստիճան անդամ։ Նրանց տվյալներով, «Վագների» բարձրագույն ղեկավարության կազմում ընդգրկված են եղել առնվազն 30 ռուս բարձրաստիճան զինվորականներ ու հետախույզներ։

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները պնդել էին, թե Սուրովիկինը ձերբակալված է, սակայն ռուսական կողմը այս տեղեկությունը չի հաստատում։

Կիևը խստացնում է դիրքորոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Մինչ այդ, Կիևն է խստացնում դիրքորոշումը։ Նախագահականը հայտարարում է, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հրավերը պետք է տրվի հիմա, այլ ոչ թե պատերազմից հետո, ինչպես Արևմուտքն է հայտարարում։

«Եթե եկող ամիս Վիլնուսում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինան անդամակցության հրավեր չստանա, նախագահ Զելենսկին Վիլնյուս չի մեկնի», - Reuters-ին ասել է Զելենսկու խորհրդական Իգոր Ժովկան. - «Այդ հայտը այժմ դրված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների սեղանին։ Վիլնյուսի գագաթնաժողովը շատ լավ սկիզբ կլիներ դրան արձագանքելու համար։ Իսկ պատասխան ասելով՝ հասկանում ենք անդամակցության հրավեր, որը միայն առաջին փուլն է»։

Կիևի դաշնակիցները, մինչդեռ, այս հարցում այսօր միակարծիք չեն։ Արևմտյան որոշ երկրներում մտավախություն կա, որ Ուկրաինայի անդամակցության գործընթաց սկսելը հավանական կդարձնի Ռուսաստան- ՆԱՏՕ պատերազմը:

Կիևում կարծում են, որ արդեն մեկ ու կես տարուց ավելի Ռուսաստանի ագրեսիային դիմադրող և հակահարձակում սկսած Ուկրաինան արժանի է անդամակցել հյուսիսատլանտյան դաշինքին, և որ առանց ինքնիշխան և ուժեղ Ուկրաինայի հնարավոր չէ պատկերացնել անդրատլանտյան անվտանգությունը։

Նախագահ Զելեսկին կոչ է անում ընդունել այս ճշմարտությունը. - «Մենք պետք է ազնվորեն ընդունենք, որ խաղաղությունը Եվրոպայում հնարավոր է միայն ազատ, ուժեղ և իհարկե ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինայի հետ։ Որպեսզի այս կամ այն եվրոպական ազգի դեմ ագրեսիան այլևս չկրկնվի և զինվորների նման անձնազոհությունն այլևս երբեք չպահանջվի»:

Կիևի Միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի հարցումներով, Ուկրաինայում ապրողների մեծամասնությունն արդեն հարազատ, ընկեր կամ բարեկամ է կորցրել Ռուսաստանի սկսած պատերազմում։ Ըստ այդ հետազոտության, Ուկրաինայում ապրողների 78 տոկոսն ասել է, որ իր ծանոթներից առնվազն մեկը արդեն զոհվել է կամ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG