Մատչելիության հղումներ

Բաքուն խոսում է խաղաղության գործընթացը սահմանազատումից տարանջատելու մասին. Երևանի արձագանքը


Ադրբեջանը փորձում է խաղաղության գործընթացը տարանջատել սահմանների որոշման հարցից։ Համենայն դեպս Reuters-ին տված վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»։

«Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին, 35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է գործողություն երկու կողմերից», - ասել է նա։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հակադարձել է՝ «Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ», բառերը, սակայն, բավարար չեն։ Կոստանյանը հակիրճ հարցազրույց է տվել BBC-ին։

«Մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա։ Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում։ Այդ սկզբունքներից առաջինը փոխադարձ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելն է առանց երկիմաստությունների, ինչի համար պետք է լինի հստակ սահմանային գիծ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երկու երկրների միջև սահմանազատման համար էլ պետք է օգտվենք Խորհրդային Միության վերջին ամենաթարմ քարտեզներից», - ասել է նա։

Փոխարտգործնախարարն ավելացրել է, որ համաձայնության պետք է գալ նաև այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կսկսվի տարածաշրջանի ապաշրջափակումը։

Մինչ այդ Հայաստանը դեռ ամիսներ առաջ է հայտարարել, որ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, իսկ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, հաջորդ կարևոր սկզբունքը դելիմիտացիայի իրականացումն է Խորհրդային Միության սահմանների հիմքով»։ Արդյո՞ք այս հայտարարությունից հետո Երևանն առանց դելիմիտացիայի շուրջ հստակ պայմանավորվածության կստորագրի խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն պնդի, որ այդ հարցը հետաձգվի։

«Պարզ է, որ դելիմիտացիայի պարագայում այդպես արագ բոլոր հարցերը հնարավոր չի լինելու լուծել։ Այստեղ հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը կողմերը կարողանալու են համաձայնության գալ սկզբունքների շուրջ նույն դելմիտացիայի գործընթացում, ինչպես նաև քարտեզների շուրջ։ Սրանք են առանցքային հարցերը։ Կարծես թե, մինչև այսօր նմանատիպ համաձայնություն չկա», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Նա նկատում է, որ մինչ Երևանը պնդում է, որ դելիմիտացիայի գործընթացի հիմքում հստակ քարտեզներ պետք է լինեն, Բաքուն խուսափում է կոնկրետ թվականի քարտեզ նշելուց ու առաջ է մղում տարբեր քարտեզներից օգտվելու տարբերակը։

«Այս սահմանային փաթեթում մի շարք այլ խնդիրներ ևս գոյություն ունեն՝ անկլավների հարցը, զորքերի հետքաշման հարցը։ Կարծես թե, այս հարցերի շուրջ ևս չկա համաձայնություն, և այդ առումով Հաջիևի ասածի մեջ մի կողմից չկա որևէ նորություն, որովհետև ի սկզբանե բոլորն էլ ընդունում էին, որ դելիմիտացիայի գործընթացը երկար է տևելու և պայմանագրի ստորագրումից հետո դեռևս շարունակվելու է։ Բայց, մյուս կողմից միգուցե խոսքը գնում է նրա մասին, որ կարող ենք ստորագրել առանց այդ սկզբունքները համաձայնեցնելու», - ասաց քաղաքագետը։

Հաջիևի պնդումներին անդրադարձած փոխնախարար Կոստանյանը հարցազրույցում ևս մեկ անգամ նշել էր, որ կողմերը պետք է առաջ շարժվեն արդեն ընդունված սկզբունքների հիման վրա։ Այնուամենայնիվ, Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ եթե Բաքուն շարունակի պնդել, թե երկու գործընթացները բոլորվին տարբեր են, դա կդառնա մտահոգիչ հանգամանք բանակցությունները շարունակելու տեսանկյունից։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ ծրագրված վերջին երկու հանդիպումները չեն կայացել, բայց Երևանը նոյեմբերի 21-ին Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 6-րդ տարբերակը, որին Բաքուն դեռ չի պատասխանել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG